HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Սննդային հավելումների ներկրումն աճել է

«Հետքը» ժամանակին անդրադարձել է մսամթերքի արտադրությանը, մասնավորապես` դրանում կիրառվող բազմաթիվ քիմիական միացություններին ու սննդային հավելումներին, որոնք մարդու առողջության համար որոշակի ռիսկեր են պարունակում:

Անդրադարձել էինք նաեւ սննդային արգելված հավելումների ցանկին, որը գործում է 2007 թ.-ից եւ առայժմ ուժի մեջ է: Սակայն արդեն 2012-ի սկզբից կսկսի գործել կառավարության «Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» հուլիսի 7-ի որոշումը:

Սննդային հավելումներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը տարածվում է թե տեղական եւ թե ներկրված սննդամթերքի ու սննդային հավելումների վրա:

Ներկայացվել է նաեւ թույլատրելի հավելումների ցանկը, իսկ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է մինչեւ 2014 թ. ընդունել եւ հրապարակել սննդային հավելումների նմուշառման կարգերը եւ փորձարկման մեթոդները, ինչպես նաեւ  այն ազգային ստանդարտները, որոնցով սահմանվում են սննդային հավելումների հայտնաբերման ու դրանց քանակների որոշման մեթոդները: 

Տեխնիկական կանոնակարգում նշվում է, որ հավելումների օգտագործումը չպետք է ավելացնի սպառողի առողջությանը սպառնացող ռիսկերը եւ չպետք է իջեցնի սննդարարությունը, եթե դա, իհարկե, դիետիկ սնունդ չէ: Մինչեւ 3 տարեկանների համար սննդամթերքում, որոշակի բացառություններով, արգելվում է հավելում գործածել. այդ բացառություններն են` նորածինների (մինչեւ 12 ամսական) համար կաթնային խառնուրդները, 6-12 ամսականների համար նախատեսված կաթնային եւ հատուկ բուժիչ կաթնային խառնուրդները, ինչպես նաեւ վաղ տարիքի երեխաների եւ 1-3 տարեկանների համար լրացակերերը: Հավելում պարունակող սննդամթերքի մակնշման մեջ պարտադիր պետք է լինի հավելման անվանումը եւ դրան համապատասխանող «E» ինդեքսը: Սննդամթերքի արտադրման, պահման, փոխադրման եւ իրացման փուլերում ձեռնարկատերերը, սերտիֆիկացման ու պետական վերահսկողության եւ իրենց նախաձեռնությամբ հանդես եկող մարմինները իրականացնելու են հավելումների նույնականացում` փաստաթղթային փորձաքննության կամ պարունակության փորձարկման միջոցով:

 

 

 

 

 

 

 

«Հետքը» անդրադարձել էր նաեւ մասնավորապես մսամթերքի արտադրության մեջ լայն կիրառում ունեցող նիտրիտների ու սննդային հավելում հանդիսացող ներկանյութերի ներկրմանը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` 2010-ին աճել է սրանց ներմուծումը Հայաստան, իսկ արտահանում կրկին չկա:

Ինչպես հայտնի է, երշիկեղենի որոշ տեսակներ լիարժեք սպիտակուցներով հարստացնելու համար ավելացնում են սննդային արյուն, կաթ, կաթնամթերք, ձու: Սակայն քանի որ կաթը միկրոբների զարգացման համար բարենպաստ միջավայր է ու նաեւ թանկ է, հաճախ կիրառվում է ավելի անվտանգ ու էժան ձեւը` սպիտակուցներով ու ճարպերով հարուստ սոյայի հիդրոլիզատը, որը բացի այդ լավ ջուր է կլանում ու երշիկեղենին ջրի հաշվին ծավալ ապահովում: Հայտնի է նաեւ, որ սոյայի միայն 4 տեսակ է թույլատրվում կիրառել սննդի մեջ, չնայած որ Հայաստանում խախտումներ արդեն հայտնաբերվել են: Մյուս կողմից` սոյան կարող է գենետիկորեն ձեւափոխված լինել, ինչի անվտանգությունը առայսօր վիճելի թեմա է գիտնականների շրջանում: Թերեւս մի փոքր տարօրինակ թվա, սակայն 2010-ին ցանքսի համար չնախատեսված սոյա շատ քիչ է ներկրվել մեր երկիր: Եթե 2007-ին ներմուծվել էր 5 տ, 2008-ին` 0.3, իսկ 2009-ին` 128.1, ապա անցյալ տարի` ընդամենը 0.1 տ: 

Ինչ վերաբերում է ԳՁՕ-ների կիրառմանը, ապա ներկայումս դեռեւս քննարկումների փուլում է բնապահպանության նախարարության հեղինակած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմների գործածության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կարգավորել ԳՁՕ պարունակող սննդամթերքների ներկրման, տեղական արտադրության, իրացման դաշտը, ինչպես նաեւ վերահսկել ԳՁՕ-ի հնարավոր ազդեցությունը մարդկանց ու շրջակա միջավայրի վրա: Նախագիծը շուտով կմտնի Ազգային ժողով:      

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter