HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գալուստ Սահակյան. «Երբ հայկական միտքն անսահման դառնա, հայ-թուրքական սահմանը կբացվի»

Դրա համար, ըստ ՀՀԿ-ական պատգամավորի, պետք է ազգովի համախմբվեք մեկ գաղափարի շուրջ Համախմբման մեկնարկը, Գալուստ Սահակյանի կարծիքով, տրվել է նախագահ Սարգսյանի վաշինգտոնյան հանդիպումներով, երբ արտասահմանում գտնվող հայկական կազմակերպությունները միավորվեցին ցեղասպանության 95 ամյակը նշելու առումով: «Սա վերջին տասյակ տարիների ընթացքում առաջին անգամն էր, որ համատեղվեց հայ ժողովրդի ուժերը, կարծես թե` նաև երկրի նախագահը ոչ միայն ճանաչվեց որպես Հայաստանի նախագահ, այլ ինչ-որ կերպ սփյուռքի կազմակերպությունների բնորոշումները նաև հետևյալն էր, որ ընդունեցին երկրի նախագահի առաջնորդությունը` մեր ազգային խնդիրների լուծման ճանապարհին»,- այսօր «Իրավունք դե ֆակտո» ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Սահակյանը: Հայկական կողմի համար վաշինգտոնյան հանդիպումները, Գ. Սահակյանի գնահատմամբ, բացառիկ արդյունքվետ երևույթ է, որն էլ Սերժ Սարգսյանի վարած նախաձեռնողական քաղաքականության արդյունքն է. «Արդեն, փաստորեն, սկսեցինք մասնակցել աշխարհի համար ծանրացած խնդիրների լուծմանը: Սա ոչ միայն դիվանագիտական հաջողություն է, այլև միջազգային ասպարեզում Հայաստանի և երկրի նախագահի վարկի մեծացում»: Պատգամավորի խոսքերով` վաշինգտոնյան հանդիպումներից հետո հայ-թուրքական հարաբերությունների առումով միջազգային հանրության կողմից դրական առումով նոր արձանագրումներ և բնորոշիչներ կլինեն, և հենց այդ համատեքստում էլ պետք է դիտարկել այսօր հրապարաված Իլհամ Ալիևի խոսքը, թե հայ-թուրքական հարաբերությունները երկու պետությունների գործն է: ԱՄՆ-ում Ս. Սարգսյանի ելույթը, ՀՀԿ-ական պատգամավորի որոկմամբ, տվեց բոլոր խնդիրների պատասխանը: Այն նախագահի նախորդ ելույթներից տարբերվում էր նրանով, որ ավելի ընդգծված էր, ֆունդամենտալ և «մեր դիրքորոշումը վերահաստատեց ավելի կոշտ ձևով»: Արտգործնախարար Նալբանդյանը հայտարել է, թե Սարգսյան-Էրդողան հանդիպումն ամրապնդել է հետագա քայլերի վերաբերյալ մեր պատկերացումները: «Ինչի՞ մասին է խոսքը, գուցե Հայաստանը պատրաստվում է հետ կանչել իր ստորագրությունը»,- հարցրին Գ. Սահակյանին: «Ստորագրությունը հետ կանչելու կամ արձանագրությունները վավերացնելու գործոնն ավելի ցածր վիճակում է, քան այն առաջընթացները, որ ունենք միջազգային ասպարեզում: Ես ավելի հակված եմ, որ այսպես թե այնպես սահմանի բացումն իրողություն կդառնա,- ասաց պատգամավորն ու հավելեց,- գործընթացի առաջընթացը երևի ավելի առաջ է ընթացել, քան ստորագրման-չստորագրման խնդիրը: Ոչ ստորագրելը, ոչ էլ չստորագրելն այս ընթացքը չի կարող կանգնեցնել: Դրա համար ես շատ հնարավոր եմ համարում, որ սահմանը բացվի մինչև ստորագրելը»: Գալուստ Սահակյանի կարծիքով` Թուրքիան հիմա ցայտնոտի մեջ է, և գնդակն արդեն ոչ թե մեր հարևանի կիսադաշտում է, այլ կախված է Թուքիայի դարպասի վրա: Եթե դարպասապահը գնդակը բռնի, ուրեմն արձանագրությունները կվավերացվի: Եթե ոչ, «Թուրքիան պարտված կլինի` և բարոյական, և ռեալ ձևով»: Մտածել, թե Թուրքիայի վավերացումով մենք կհաղթենք կամ հակառակը, ճիշտ չէ, քանի որ «խնդիրը գաղափարն է, որ Թուրքիայի սահմանը պետք է բացվի, որ մենք պետք է կարողանանք մեր ազգային խնդիրներն այդ դաշտում իրողություն դարձնել, որ հայը պետք է կարողանա գնալ, թեկուզ և տեսնել իր պապի քանդված տունը, պիտի մեր մշակութային արժեքներին կարողանանք տիրություն կատարել: Սա է հիմնական խնդիրը»,- ասում է պատգամավորը: Թե «կոնկրետ ե՞րբ կբացվի հայ-թուրքական սահմանը» հարցին վերջինս պատասխանում է, որ «դա տեղի կունենա այն ժամանակ, երբ հայկական միտքն անսահման դառնա»: Իսկ սահմանի բացմանն ի պատասխան` Հայաստանը, ըստ նրա, անելիք չունի, քանի որ մեր երկիրն իր գործն արդեն արել է և միջազգային իրավունքի նորմերով` գնում է առաջ: «Մնում է` աշխարհն իր ամոթն իր երեսից վերցնի և փորձի օժանդակել մի ժողովրդի, որը վայրագությունների հետևանք դարձավ: Իմիջայլոց, աշխարհն արդեն համոզվել է, որ որևէ կոտորածներ, եղեռն, ցեղասպանություն չի կարող հայի առաքելությունը փակել, և մենք այդ առաքելությամբ վճռական գնալու ենք առաջ: Մենք պահը ճիշտ ենք ընտրել և փորձելու ենք մեծ ու բարվոք ժառանգություն թողնել մեր սերունդներին»,- ասում է Գալուստ Սահակյանը: Ասուլիսի ընթացքում նա անդրադարձավ նաև կարդալ-չկարդալու խնդրին, նշեց, որ «գիրքը նահանջ ունի, հիմա հասարակությունը վարակված է կոմպյուտերային խաղերով և պետք է նորից գիրքը ծառայեցնել հասարակությանը: Եթե բջջային հոռախոսը լիցքավորվում է, մարդն էլ լիցքավորվում է կարդալով»: «Իսկ Դուք գիրք կարդո՞մ եք»,- հարցրին պատգամավորին: «Ես ոչ միայն գիրք եմ կարդում, այլ այս պահին բոլորիդ հոգիներն եմ կարդում: Ես վիրավորվում եմ, որ այդ հարցն ինձ եք տալիս: Ես ամբողջ հայ գրականությունն ավարտել եմ 6-րդ դասարանում, որովհետև բանասեր եմ, ծանոթ եմ ամբողջ արտասահմանյան գրականությանը: Ամեն օր անպայման նորից կրկնում, կարդում եմ 57 թ. լույս ընծայված Տերյանը, որն իմ սեղանի զարդերից մեկն է, իմ Կտակարանն է դարձել: Այնպես որ, հոգևոր արժեքներով ապրած մարդկանց չի կարելի նման հարց տալ»,- ասաց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter