HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայկական դիվանագիտության հաջողությո՞ւն, թե՞...

Մասնագետները համակարծիք չեն Քաղաքագետ Ստեփան Ստեփանյանը, ելնելով ԱՄՆ-ում Գլոբալ Միջուկային անվտանգության համաժողովի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանի ունեցած հանդիպումներից, գտնում է, որ հայկական դիվանագիտությունը զարգանում է: Իսկ թուրքագետ Հակոբ Չաքրյանն այն կարծիքին է, որ արձանագրված հաջողություններն ուղղակի պայմանավորված են միջազգային իրավիճակի առանձնահատկությամբ: Վերջիններս այսօր «Տեսակետ» ակումբի հյուրերն էին: Քաղաքագետ Ստեփանյանը նախագահի Վաշինգտոնյան այցի համատեքստում Սերժ Սարգսյանի կողմից շատ համարձակ քայլ է համարում Սերժ Սարգսյանի ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի գերեզմանին ծաղկեպսակ դնելը: «Իհարկե, թուրքերը դրա իմաստը լավ են հասկանում, որովհետև Վիլսոնը գծեց այն քարտեզը, որը պետք է ունենար Հայաստանն Առաջին համաշխարհային պատերազմից հետո: Խոսքը Սևրի պայմանագրի մասին է, որով Արևմտյան Հայաստանը դառնում էր առանձին միավոր, հռչակվում էր որպես անկախ պետություն` 90 հազար քմ/կմ տարածքով: Այսինքն` Վիլսոնի գերեզմանին ծաղկեպսակ դնելը թուրքերին հիշեցում էր, որ այդ պայմանագիրը դեռևս մնում է»,- ասում է Ստեփան Ստեփանյանը: Նա բավականին «ուժեղ և համարձակ» է գնահատում նաև Ս. Սարգսյանի ամերիկյան ելույթը. «Օրինակ, երբ նախագահին հարցրին` Արարատ լեռը ձեր խորհրդանիշն է, ինչպե՞ս կարելի է հաշտվել, երբ այն Թուրքիայի տիրապետության տակ է, Ս. Սարգսյանը շատ լավ պատասխան տվեց` Արարատն իմ սրտում է»: Քաղաքագետի կարծիքով` ավելորդ էր նախագահի խոսքի վերջին մասը, երբ նախագահն ասաց, որ Հայաստանի պետական գործիչներից և ոչ մեկը հանդես չի եկել տարածքային պահանջով: «Բայց երևի դա էլ դիվանագիտության ինչ-որ մոմենտ էր, որպեսզի չայրենք կամուրջները և լարվածություն չստեղծենք: Օրինակ` ես երբեք այդպիսի բան չէի ասի, որովհետև առանց պահանջատիրության իմաստ չունի խոսել Ցեղասպանության մասին»,- ասում է քաղաքագետը: Թուրքագետ Հակոբ Չաքրյանն էլ նշում է, որ ներկա պահին, երբ ամբողջ աշխարհը դեռ չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նպատակահարմար չէ բարձրացնել պահանջատիրության հարցը: «Այդ դեպքում այն երկրները, որոնք պատրաստ էին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, կմտածեն, որ Թուրքիայի հետ ավելի մեծ պրոբլեմներ կունենան և կհրաժարվեն ընդունումից: Պահանջատիրությանյան ժամանակը դեռ չի եկել. ամեն ինչ հերթով»,- ասում է թուրքագետ Չաքրյանը: Իսկ թե ե՞րբ կգա ժամանկը, վերջինիս կարծիքով, կախված է Հայաստանի կարողություններից և միջազգային իրավիճակի առանձնահատկություններից. «Ներկա պահին, երբ Ղարաբաղի հարցը հօգուտ Հայաստանի որոշակի լուծման հունի մեջ չի մտել, մենք պահանջատիրության հարցը բարձրացնել չենք կարող: Հենց այնպես պահանջատիրություն ասելով մենք հող չենք ստանա»: Թուրքագետը նույնպես Ս. Սարգսյանի վաշինգտոնյան այցը համարում է հաջողված, սակայն նշում է, որ հաջողությունն ամենևին պայմանավորված չէր նախագահի անձնական կարողություններով, պարզապես վերջինս հանդիպումներին ներկայացավ շատ ավելի նպաստավոր պայմաններում, քան Թուրքիայի վարչապետ Էրդողանը: «Որովհետև թուրքերը երկու առաջադրանք էին դրել, առաջին` ստիպել Հայաստանին, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման առաջխաղացման համար ընդունի ղարաբաղյան նախապայմանը: Երկրորդ` հայկական կողմին պարտադրել զիջումների` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Երկուսն էլ մերժվեց,- ասում է Հակոբ Չաքրյանը և մանրամասնում: - Երբ դեկտեմբերին Էրդողանն այցելում էր Վաշինգտոն, Օբաման նրան միանշանակ ասել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը որևէ առնչություն չի կարող ունենալ ԼՂ հիմնահարցի կարգավորման հետ: Իսկ եթե Թուրքիան շատ պնդի, ապա Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանության բանաձևը»: Ըստ բանախոսի` թուրքական կողմի պահանջը մերժել էր նաև Ռուսաստանը: Մասնավորապես ՌԴ վարչապետ Պուտինը Կրեմլում Էրդողանին ասել էր, որ այդ երկու գործընթացները շաղկապել չի կարելի, քանի որ դա չի օգնի ոչ մեկի, ոչ մյուսի կարգավորմանը: «Այսինքն` Էրդողանի դիրքերն ավելի անբարենպաստ էին, հետևաբար Հայաստանի նախագահի հանդիպումներն անցան հաջողված: Ուղղակի այստեղ, ի պատիվ Ս. Սարգսյանի, կարելի է ասել, որ հենց Էրդողանի երեսին նա ասաց, որ մենք Ղարաբաղի հարցի նախապայմանը երբեք չենք ընդունի»: Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ հայկական կողմը պետք է արձանագրություններից հետ կանչի իր ստորագրությունը, թուրքաքգետ Չաքրյանը նշում է, որ եթե նույնիսկ Հայաստանը վավերացնի արձանագրությունները, դա սխալ չի լինի, քանի որ Թուրքիան այդ դեպքում կկանգնի փաստի առաջ: Իսկ քանի որ այս հարցում միջազգային ուժերի շահագրգռվածությունը մեծ է, ձախողման պատասխանատվությունը կընկնի չստորագրողի, տվյալ դեպքում` Թուրքիայի վրա: Հակոբ Չաքրյանի կարծիքով` թեև Թուրքիայի վարչապետը վերահաստատել է իր երկրի վճռականությունն արձանագրությունները վավերացնելու հարցում, սակայն դա զուտ հայտարարություն է, և պետք չէ մեր հարևանից այս հարցում ակնկալել գործնական քայլեր, որովհետև «Թուրքիան սկզբունքորեն չի փոխել իր որդեգրած քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, որը բնույթով հակահայկական է»: Այս քաղաքականությունը, ըստ բանախոսի, կարծրացած է և որդեգրվել է դեռևս 1991 թվականից, ուստի պետք չէ Էրդողանից ակնկալել ավելին: Չաքրյանի խոսքերով` հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը հետզհետե վերադառնում է ելման կետ: Ճիշտ է` վաշինգտոնյան հանդիպումը հարաբերությունների կարգավորումը փրկելու փորձ էր, սակայն հազիվ թե այն որևէ հաջողության հանգեցնի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter