HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Թատրոնի դերասաններն ավելի քիչ են ինքնասպան լինում

Գրախանութի աչքի չընկնող գրքերը միշտ ինձ ավելի հետաքրքիր են թվացել, քան հաստափոր ցուցադրվողները: Հենց այդ փոքրիկ ու թաքնված գրքերից մեկն էլ գնեցինք ընկերոջս համար, սակայն առաջինը ես կարդացի, քանի որ վերնագիրն արդեն իսկ գրավել էր: «Երկսեռ թատրոն» կոչվող գրքույկը կարդալուց հետո բազմաթիվ հարցեր առաջացան, որոնք կուզեի քննարկել հեղինակի հետ: Դրամատիկական թատրոնում էլ հանդիպեցի դերասան, արձակագիր Հովհաննես Թեքգյոզյանին:

-Գիրքը կարդալուց հետո ուզում էի հասկանալ, թե ինչպե՞ս, լինելով թատրոնի մարդ, կարողացաք տեսնել ձեր իսկ աշխարհը, մասնագիտությունը բոլոր կողմերից:

-Վերջին շրջանում եմ սկսել զբաղվել մշակութաբանությամբ: Իմ մասնագիտության մասին գրելիս բավականին մեծ խութեր եմ հաղթահարում: Բայց խորհուրդ կտամ յուրաքանչյուր մարդու, ով զբաղվում է արվեստով, թեկուզ թոթովախոս եւ ոչ ամբողջական, բայց գրել իրենց արվեստի մասին: Միայն նման կերպ կարող են արվեստագետները ճշտել իրենց դերն արվեստում: Տվյալ դեպքում մեծամտությունը միանգամից նահանջում է, մարդու «ես»-ն առավել փոքրանում, եւ առաջ է գալիս արվեստը: Ինքդ հստակ տեսնում ես քո աստիճանը, քո տեղն այն գործում, որով զբաղվում ես: Որքան սկսեցի ուսումնասիրել թատրոնը, այնքան իջավ իմ անձը, եւ բարձրացավ թատրոնը: Այս ամենի գիտակցումից հետո, անկեղծ ասած, վախենում եմ ինձ դերասան անվանել:

-Հենց գրքում էլ ասում եք, որ կայացած դերասան չեք եւ չեք էլ դառնա. իսկ կա՞ն կայացած դերասաններ` ըստ Ձեր չափորոշիչների:

-Այո, կան: Նույն պրիզմայով ես նաեւ նայում եմ իմ շրջապատի մարդկանց եւ վերջին շրջանում ուրախանում եմ: Քանի որ եթե մի 5-6 տարի առաջ չէիր կարող նկատել երիտասարդ բեմադրիչների, այսօր նրանք կան: Սա ուրախալի փաստ է, քանի որ թատրոնը նոր գույներով է համալրվում: 7 տարի առաջ ասում էին, որ թատրոնը մեռել է, այն ժամանակ էլ համամիտ չէի այդ մտքի հետ, բայց հիմա ընդհանրապես համամիտ չեմ, քանի որ գոնե 7 երիտասարդ բեմադրիչ կա, ում աշխատանքները նայելիս հասկանում եմ, որ թատրոնը ոչ թե չի մեռել, այլ միանգամայն նոր ճանապարհներ են բացվել հայաստանյան թատերական գրականության մեջ: Գրում եք. «Պետականորեն հովանավորված արվեստը դափնեպսակային է եւ ցանկացած տերեւաթափի ժամանակ կարող է կորցնել իր տերեւները»: Հայաստանում իսկական արվեստը չի հովանավորվում պետության կողմից: Կարծում եք բարձրարժեք արվե՞ստ է այստեղ զարգանում: Ես չէի ասի: Դա չափանիշ չէ. համաշխարհային պրակտիկայում հիմնականում պետականորեն հովանավորված թատրոնները, օպերաներն են դառնում բարձրարժեք արվեստ: Իսկ ինչ վերաբերում է ասածիս, կարծում եմ, որ դա ավելի շատ գալիս է արվեստագետի ներքին խմորումներից: Արվեստագետն ինքն է որոշում իր ճանապարհը. եթե նրա համար կոչումը, տիտղոսն ավելի բարձր են, քան արվեստը, իր գործն է, բայց ինձ համար դա անընդունելի է: Սա է պատճառը, որ գալիս է մի տարիք, երբ շնորհալի արվեստագետը սկսում է տեղում դոփել: Երբ փորձում ես արվեստը վերլուծել բոլորովին այլ` հոգեվերլուծության տեսանկյունից, կան արվեստի տեսակներ, ասենք գրականությունը, որոնք մարդկանց ավելի շատ մտածելու տեղիք են տալիս. փրկում են իրենց ստեղծողներին: Օրինակ` երաժշտությունը մտածելու տեղիք տալիս է, բայց այն ավելի աբստրակտ արվեստ է: Կամ, ասենք, նկարչությունը. ճիշտ է` դու պատկերը տեսնում ես, բայց այդ պատկերը կարող ես հազար կերպ ընկալել: Իսկ թատրոնի կոնրետ տեսարանը փրկում է դերասանին: Դա է պատճառը, որ թատրոնի ասպարեզում արվեստագետներն ավելի քիչ են ինքնասպան լինում, որովհետեւ սա կոլեկտիվ արվեստ է: Այս նույն միտքը նաեւ գրքում եք ասում. «Թատրոնի մարդն ինքնասպան չի լինում, քանի որ գիտի, որ իր կյանքը պայմանականություն է»: Հենց այդ պայմանականության գիտակցումը չէ՞, որ մղում է ինքնասպանության: Չէ, հենց այդ պայմանականությունը, երկակիությունն է նրան փրկում կործանումից: Նա գիտի իր ստեղծածի երկակիության մասին: Նույն երաժշտության պայմանականության սահմանն այնքան հստակ չէ, ինչպես թատրոնում: Երբ դերասանը բեմ է գալիս, խոնարհվում, հենց այդ պայմանականությունն է ստիպում հանդիսատեսին ծափահարել: Այսինքն` պայմանականության մեջ է դերասանը ստեղծագործում. այդ պայմանականության մեջ փորձում է իր սիրտը ներդնել, իր հոգին, իր «ներվը»: Իսկ թե որքանո՞վ է կարողանում մարդը այդ պայմանականությունը վերածել իրականության, դա արդեն երկրորդային հարց է:

-Իսկ պայմանականությունից դուրս` իրական կյանքում, ի՞նչն է փրկում դերասանին:

-Դերասանին թե բեմում եւ թե բեմից ներքեւ փրկում է իր արտահայտվելու հնարավորությունը: Նույնիսկ եթե նա բեմում չէ, այլ կենցաղում, բեմը նրա արյան մեջ է նստած: Թատերական արվեստը դեպրեսիայի մի տեսակ է, որ ուղեկցում է դերասանին: Իսկ այդ դեպրեսիայից դուրս գալու միակ միջոցը բեմն է: Եթե նկարիչը չկարողանա դուրս հանել իր մեջ եղող էներգիան, տիեզերքը, կկործանվի: Իսկ դերասանը, թեկուզ սպառվածը, բեմ դուրս գալով` մասնակիորեն կարողանում է արտահայտվել, որովհետեւ յուրաքանչյուր մարդ չի ընդունում սպառված լինելու փաստը: Այն պայմանական պարտադրվածությունը, որ այսօր ժամը 7-ին ներկայացում ունես, ուզես-չուզես պիտի խաղաս, փրկում է քեզ: Եթե նույնիսկ կերպարը լավ չի ստացվում հենց այդ օրը, բայց գոնե կարողանում է հոգեբանական ծանր վիճակից դուրս հանել դերասանին:

-Գրում եք` մինչ 30 տարեկանը դերասանը հեղափոխական է...

-Չէ, կան դերասաններ, ովքեր մինչեւ 30-ն էլ հեղափոխական չեն լինում: Օրինակ` վերջերս մի տղայի հետ ծանոթացա, 21 տարեկան էր. ես ապշեցի, որ մարդ կարող է այդքան ծեր լինել այդ տարիքում: Կարծում եմ մարդն առաջին անգամ 30 տարեկանում է հետ նայում` իր արածը գնահատելու:

-Անդրադառնամ հեղափոխական արվեստագետին. ասում եք, որ 30-ից հետո, տեսնելով, որ ոչ ոքի եւ ոչինչ էլ չի կարողանում փոխել, այլ ինքն է կործանվում, հեղափոխական արվեստագետը սկսում է ծաղրել հանրությանը...

-Հա, 30-ից հետո հեղափոխական արվեստագետի մոտ «հակառակության դեւն» ավելի շատ է սկսում գլուխ բարձրացնել: Այսինքն` ինքն իր մեջ զգում է հակառակության միտումը եւ սկսում հակառակվել հասարակության հետ: Շատերի մոտ դա կարող է լինել նաեւ 20-22 տարեկանում:

-Կուզեի՞ք արվեստագետ չլինել:

-Չէ, չէի ուզի, որովհետեւ կան թեմաներ, որ միայն գրելով ես բացահայտում: Գրականության երկրորդ մեծ հաճույքն էլ այն է, որ կերպարը հստակ վարքագիծ է ստանում: Հաճախ այնպիսի բաներ է անում հերոսը, որ ապշում ես. դառնում է կենդանի մարդ:

-Ստեղծագործական միություններին դեմ եք, կարծում եք, որ դրանք բացասաբար են անդրադառնում հենց ստեղծագործողի վրա: Ինչպիսի՞ն է այդ միությունների անդրադարձը հանրության վրա:

-Թատերական գործիչների եւ գրողների միությունները սարսափելի տարբեր են: Այն անհամեստությունը, որ կա Գրողների միությունում, չկա թատերական գործիչների մոտ: Արտաքուստ պետք է թատերական գործիչների միությունն ավելի անհամեստ, ամբիցիոզ լիներ, որովհետեւ դերասանները «թամաշա» սիրող մարդիկ են: Բայց այսօր ճիշտ հակառակն է` Թատերական գործիչների միությունը շատ ավելի զուսպ ու համեստ է, քան գրողներինը: Այս միությունն անընդհատ ինչ-որ բաներ է անում զուտ «թամաշայի» համար:

-Գրքում խոսում եք «կուլիսների ներկայացում» ասվածի մասին, բայց չեք բացում փակագծերը: Կուզեի, որ մի քիչ պատմեք` ի՞նչ է տեղի ունենում այդ ներկայացման մեջ:

-Դա մարդկային զգացողությունների ներկայացում է, որտեղ ներառված է այն, ինչը դերասանին ստիպում է պատրաստվել մուտքի:

-Իսկ ինչո՞ւ եք կուլիսները համարում բեմի էներգիայի թափոնը:

-Որովհետեւ կուլիսը զտիչ ուժի նման մի բան է: Երբ բեմի վրա, գռեհիկ կերպով ասած, կերպար ես կերտում, թափում ես ավելորդ մասերը: Քանդակի նման մի բան է. բեմի ամբողջ փոշին ու քարը հանում ես ու թափում կուլիսներում: Այդ քարն ու փոշին ապրում են կուլիսներում: Դա է պատճառը, որ հաճախ մուտքից առաջ դերասանն ապրում է այն զգացողությունները, որոնք նա զգացել է կերպարը կերտելիս, սակայն որոնք չեն մտել դերի մեջ:

-Թատերական ինստիտուտում սովորող 1-ին, 2-րդ կուրսի ուսանողների առաջին «բեմելը» սերիալներն են լինում. ի՞նչ երեւույթ է սա:

-Ինչքան էլ ես սերիալներին դեմ լինեմ, դա նորմալ պրոցես է: Որեւէ մեկը մյուսին բարոյական իրավունք չունի ասելու` նկարահանվիր կամ ոչ: Սերիալներում հստակ երեւում է, թե ով ինչպես է աշխատում` անկախ դերասանի տվյալներից: Սերիալների անուններ չեմ տա, քանի որ ինձ համար բոլորն են նույնաոճ, եթե նույնիսկ տարբեր հեռուստաընկերություններ են նկարահանել: Սերիալի դերասանը նույն տեքստը, նույն դիմախաղը, նույն ձայնային զգացողությունն է ցուցադրում, տարբերություն չկա` ա՞յս սերիալում, թե՞ մյուս: Սա մեր հայկական սերիալների ամենավատ հատկանիշն է:

-Դերասաններ կմնա՞ն թատրոնի բեմում` հաշվի առնելով այն, որ թատրոնում այսօր լավ չեն վարձատրվում:

-Դա կապ չունի. դերասանն այնպիսի «հիվանդ մարդ է», որ առանց թատրոնի չի կարող ապրել, բայց դա չի նշանակում, որ նա չպետք է վարձատրվի: Դերասանը պետք է լավ վարձատրվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter