HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Շիրակի մարզը կարիք ունի առանձահատուկ ուշադրության

2009թ. ճգնաժամային տարում Շիրակի մարզի արդյունաբերական պատկերի վերլուծությունը բավական հետաքրքիր թվեր էր արձանագրել: Նախորդ` 2008 թ. համեմատությամբ, 2,5 տոկոս աճ էր գրանցվել, թեպետ 20 տարուց ավել է մարզը չի հավակնում նախկինում ունեցած «հզոր արդյունաբերական տարածաշրջան» կոչմանը: «Մենք 2009 թ. թողարկել ենք մոտ 17 մլրդ 863 մլն դրամի արտադրանք, իսկ 2008 թ.` 17մլրդ 420 մլն դրամի արտադրանք: Հենց 440 մլն դրամի տարբերությունն է թույլ տվել խոսել աճի մասին: Բնականաբար, սա մի մեծ թիվ չէ, սակայն մյուս կողմից էլ շատ դրական ցուցանիշ է, կարեւորն այն է, որ անկում չի գրանցվել, 2009 թ. իրացվել է 18 մլրդ 666 մլն դրամի արտադրանք»,- ասում է Շիրակի մարզպետարանի աշխատակազմի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետ Մարիետա Գյոդակյանը: Ճյուղային կառուցվածքի տեսանկյունից Շիրակի մարզում երեք խոշոր ճյուղեր կան` մշակող արդյունաբերություն, հանքագործական եւ էլեկտրաէներգիայի, գազի, ջրի արտադրություն: Տիկին Գյոդակյանի փոխանցմամբ, տնտեսական աճը գրանցվել է առաջին երկու` մշակող արդյունաբերության եւ հանքագործական (տուֆ, պեմզա, ավազ) ճյուղերում, իսկ նշված 3-րդ ճյուղում, ընդհակառակը` 12 տոկոս անկում է գրանցվել: Մարզում գործող ձեռնարկությունների ընդհանուր թվաքանակում գերակշռում են գերփոքր եւ փոքր ձեռնարկությունները, դրանք կազմում են 83,3 տոկոս եւ թողարկում են ամբողջ արտադրանքի 56,3 տոկոսը: Շիրակի մարզպետարանը, համաձայն Կառավարության 2008 թ. սեպտեմբերի 18-ի թիվ 38 որոշման, տեղում ստեղծված համապատասխան ոլորտային հանձնաժողովների մասնակցությամբ 2009 թ. մշակել էր մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիր 2010-2013 թթ. համար: Այս տարվա փետրվարի 25-ին ծրագիրը հաստատվել է Կառավարության կողմից: «Ծրագրում ներառված թե տնտեսական, թե սոցիալական ոլորտներում նախատեսված են որոշակի զարգացման միտումներ,- ասում է Մարիետա Գյոդակյանը,- բնականաբար, ծրագրերի իրականացումը կախված է գում ներդրումներից եւ որոշ դեպքերում էլ Կառավարությունից ակնկալվող աջակցությունից: Թե ինչպիսին կլինի այն, ցույց կտա ժամանակը: Առաջիկա տարիների համար մենք արդեն ունենք ծրագիր-ուղեցույց եւ առաջնորդվելու ենք դրանով: Մեր կազմած ծրագրում կա նաեւ մի հատված փոքր եւ միջին ձեռնարկատիրության եւ մասնավոր հատվածի զարգացման վերաբերյալ, որտեղ կոնկրետ առաջարկներ են արված, ասենք` այս ձեռնարկության համար այս ներդրումային ծրագիրը, այն ձեռնարկության համար այն ներդրումային ծրագիրը: Հաջորդ փուլով պիտի փորձենք գտնել գործընկերներ, ներդրողներ, որոնց շնորհիվ պիտի փորձենք միջոցներ հայթայթել»: Խոսելով մարզում արդեն իսկ տարբեր ներդրումային ծրագրերի շնորհիվ ոտքի կանգնած ձեռնարկությունների մասին` մարզպետարանի զարգացման ծրագրերի եւ վերլուծության բաժնի պետը նշում է. դրանք ճիշտ մարկետինգի, ճկուն գործելակերպի հետեւանք են: Տիկին Գյոդակյանը չի ժխտում, որ ճգնաժամն իր ազդեցությունն ունեցել է նաեւ վերջին տարիներին կայուն շուկաներ ունեցող ձեռնարկությունների վրա, բայց ոչ այն աստիճան, որ լուծարվեն: «Օրինակ` նույն «Լենտեքս» ՍՊԸ-ն, նույն Աշոցքի պանրագործարանը, Ամասիայի կաթի գործարանը եւ այլն, շարունակեցին պահպանել իրենց դիրքերը: Բնականաբար, գործն առանց վարկավորման չի կարող առաջ գնալ, բայց դե իրենց գործելակերպի ճկունությունից էլ է շատ բան կախված: Չեմ ժխտում, որ շատ ձեռնարկությունների համար վարկերի հենց բարձր տոկոսներն են խնդիրներ ստեղծում»,- ասաց նա: Մարիետա Գյոդակյանը խոսեց նաեւ Գյումրիի «Քարհատմեքենա» ՓԲԸ-ում տարվա սկզբին ստեղծված լարված վիճակի մասին: «Հետքն» անդրադարձել էր այս ձեռնարկությանը, որ հայտնվել էր փակման եզրին եւ բացի ներդրումներից` կարիք ուներ նաեւ Կառավարության ուշադրության եւ ճիշտ ներդրումային քաղաքականության: «Քարհատմեքենան» մարզի կարեւորագույն ձեռնարկություններից մեկն է` իր արհեստավարժ մասնագետներով, կադրերով, որոնք դեռեւս մնացել են մեքենաշինության ոլորտում: Սա մարզում այն հազվագյուտ ձեռնարկություններից էր, որ երբ լուծարվեց, եղածը չփոշիացավ, տնօրինությունը կարողացավ գտնել ներդրողներ, եւ սեփականաշնորհումն այնքան հաջող էր, որ կարողացավ ոչ միայն ոտքի կանգնել, այլեւ զարգանալ: Պահպանվեցին շուկաները, հայտնվեցին նոր գնորդներ: «Հետք»-ը գրել էր, որ «Քարհատմեքենա» ՓԲԸ-ն երբեւէ չի օգտվել Կառավարության աջակցության ծրագրերից, եւ հիմնական ներդրումները կատարում է Միջազգային Բիզնես կենտրոնը` սեփականատերը: Հոդվածի հրապարակումից 10 օր անց տեղեկացել էինք, որ ձեռնարկությունը գտել է պատվիրատուներ, եւ ապրիլի 22-ից 40 աշխատողների կրճատման վտանգը 4 ամսով հետաձգվել է: «Եղավ մի պահ, որ վիճակն, իրոք, անհուսալի էր «Քարհատմեքենա»-ում, սակայն հիմա, իմ տեղեկություններով, շնորհիվ տնօրինության գործելաոճի` կայունացել է վիճակը: Հուսանք, որ նմանատիպ խնդիրներ ձեռնարկությունն այլեւս չի ունենա»,- հույս հայտնեց Մարիետա Գյոդակյանը: Տիկին Գյոդակյանը խոսեց նաեւ Գյումրիի Հղկող հաստոցների գործարանի մասին, որտեղ լուծարման գործընթացի բավական դանդաղ տեմպերն, ի վերջո, բերել են դրական արդյունքի: Հայտնվել է գնորդ, ով արդեն գնել է գործարանը եւ պատրաստվում է ներդրումներ կատարել: Նմանատիպ հաջող օրինակ է նաեւ Ավտոնորոգման գործարանը, որի լուծարումից հետո, վերջինիս հիմքի վրա ստեղծվել են երկու փոքր ընկերություններ: «Փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար երեւի ամենաշատը Շիրակի մարզն ունի պետության աջակցության կարիքը,-կարծիք հայտնեց Մարիետա Գյոդակյանը,-ի վերջո, այն հսկայական պոտենցիալը, որ 20 տարի առաջ կորցրինք, մեր մեղքով չէր, հետո էլ որոշակի թողտվության պատճառով մեր որոշ ձեռնարություններ պարզապես փոշիացրին իրենց ունեցվածքը: Եթե վերլուծենք վերջին մի քանի տարիների պատկերը, ապա պետական աջակցության ծրագրերը, հատկապես վարկային երաշխիքի գծով, անչափ քիչ են մեր մարզում: Ես կարծում եմ, որ պետական ծրագրերը մեր մարզում պետք է լինեն մի քանի անգամ ավելի շատ, քան այլ մարզերում, քան Երեւանում»: Ժամանակին լինելով խոշոր արդյունաբերական կենտրոն եւ ընդամենը մի քանի վայրկյանում կորցնելով ամեն ինչ` տարիներ շարունակ մարզը չի կարողանում մեջքը շտկել, այստեղ մեղքի իր բաժինն ունի նաեւ իրականացված սեփականաշնորհման սխալ գործընթացը: «Տարիներ շարունակ Շիրակի մարզը ներդրումների առումով համարվել է ռիսկային գոտի: Պետությունն էլ իր հերթին երաշխիքներ չէր տալիս ներդրողներին: Տեսեք, մենք հիմա բոլորս ուրախանում ենք Շաքարի գործարանի վրա, բայց եթե այդտեղ չկատարվեին մեծ ներդրումներ, այն հսկան, որ այսօր մենք տեսնում ենք իր բոլոր ենթակառուցվածքներով, հսկայական ներդրումների շնորհիվ է, բայց ոչ բոլոր դեպքերում է, չէ, որ անհատն ի վիճակի է այդքան գումար ներդնել: Անցած տարի մենք «Ստեկլոմաշ» գործարանի համար դիմել էինք վարչապետին, Կառավարությանը, սակայն ֆինանսավորում չստացանք, նույնը Մարալիկի «Նայտեքս» բամբակամանվածքային ֆաբրիկան, որը նույնպես դուրս մնաց Կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերից, եւ պատճառը 2009-ի ճգնաժամն էր: 12 ծրագիր էինք ներկայացրել, ոչ մեկը չֆինանսավորվեց,- մտահոգություն հայտնեց տիկին Գյոդակյանը,- ամեն դեպքում, այս տարի մենք այս ձեռնարկությունների հետ կապված կրկին դիմել ենք տարածքային նախարարությանը եւ սպասում ենք պատասխանի»: Շիրակի մարզպետարանի աշխատակազմի ծրագրերի զարգացման եւ վերլուծության բաժնի պետի կարծիքով` վարկային մեղմ քաղաքականություն մարզի համար չեն կարող ակնկալել, քանի որ բանկերը պետական չեն, սակայն պետական աջակցությունը հենց այն շարժիչ ուժն է, որն այսօր, ցավոք, պակասում է մարզում ձեռնարկությունների կայուն զարգացման համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter