HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գերմանիայի համար Հայոց ցեղասպանությունը դեռեւս «անցյալի տխուր երեւույթ» է մնում»

Հարցազրույց Բեռլինի Ազատ համալսարանի դասախոս Ժիրայր Քոչարյանի հետ Գերմանական «Շպիգել» հանդեսը ապրիլի 3-ի համարում հրապարակած «Անցյալի չարքերը» հոդվածում անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդրին` զարմանք է հայտնել, որ «մինչ օրս Գերմանիան պաշտոնապես չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Որքանո՞վ է անկեղծ հեղինակավոր այս հանդեսի զարմանքը: «Շպիգել»-ը, որը հրատարակվում է 3,5 մլն տպաքանակով, լուրջ հասարակական կարծիք է ստեղծում Գերմանիայում: 2005 թ. Հայոց ցեղասպանության 90-ամյակին, երբ Բունդեսթագը որոշում կայացրեց, Հայաստանում շատերը, այդ թվում այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանն ու ՀՅԴ Բյուրոյի խոսնակ Կիրո Մանոյանը հայտարարեցին, որ այն շատ դրական ու հանգամանալից մեկնաբանված որոշում է: Չնայած դրան, գերմանահայերն ընդդիմացան այդ որոշման դեմ եւ իրենց բողոքի ձայնը բարձրացրին, քանի որ նրանում երկու կարեւոր բառ բացակայում էր` տարհանում եւ ցեղասպանություն բառերը, որոնք իրավաբանական նշանակություն ունեն: «Շպիգել»-ը, իմ կարծիքով, չպետք է զարմանա, թեպետ Գերմանիան, Առաջին համաշխարհային պատերազմում Թուրքիայի դաշնակիցը լինելով, ամեն կերպ ջանացել է, որ գերմանացի ժողովուրդը չիմանա, թե ինչ է կատարվում Օսմանյան սուլթանությունում (Թուրքիան ոչ թե կայսերական երկիր էր այդ ժամանակ, ինչպես օգտագործում են թյուրիմացաբար, այլ` սուլթանական): Թուրքիայի տարբեր քաղաքներում տեղակայված գերմանացի 15 հյուպատոսներ հայերին տարհանելու ու կոտորելու վերաբերյալ տեղեկություններ էին հավաքում ու ուղարկում Պոլիս` Գերմանիայի դեսպանատուն, որը հավաքված բոլոր տեղեկություններն ուղարկում էր Բեռլին: Այսինքն, Գերմանիայի իշխանությունները լավատեղյակ էին, թե այդ ժամանակ ինչ էր կատարվում Օսմանյան սուլթանությունում: Այդ նյութերն ամփոփվել են 52 հատորներում ու պահվում են Գերմանիայի Արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) փաստագրության կենտրոնում: Գերմանիան Թուրքիայի ամենալավ դաշնակիցն է եղել այդ տարիներին եւ այսօր էլ նրա ամենալավ բարեկամն ու ՆԱՏՕ-ի դաշնակիցն է: Բունդեսթագը 2005 թ. Թուրքիայի կառավարությանը կոչ արեց ընդունել սեփական «պատմական պատասխանատվությունը», սակայն ինքը մինչ օրս ձեռնպահ է մնում կատարվածը Ցեղասպանություն որակելուց: Ի՞նչ է փոխվել այս հարցում 2005 թ. ի վեր, եւ արդյո՞ք այն, որ Գերմանիան մինչ օրս չի ընդունել Հայոց ցեղասպանությունը, կարելի է բացատրել Գերմանիայում հայկական լոբբիի ոչ բավարար աշխատանքով: 2005 թ. որոշումից հետո գործընթացը համենայնդեպս մեր օգտին չի եղել. Բունդեսթագի որոշումից հետո շատ գրքերում ու հրապարակումներում Հայոց ցեղասպանություն բառը դադարեցին գործածել` հետեւելով խորհրդարանի որոշմանը: Մինչ այդ հայկական ջարդերի մասին հիշատակելիս միշտ գործածում էին ցեղասպանություն բառը: Բացի այդ, այս տարվա փետրվարին` Ձախերի կուսակցության ֆրակցիայի ղեկավար դոկտոր Գիզին մի գրավոր հարցադրում ներկայացրեց Բունդեսթագին, որտեղ ամենակարեւորը հետեւյալն է` «Գերմանիայի Դաշնային հանրապետությունը հայերի 1915-16 թթ. կոտորածները, որը միանշանակ համահունչ է ՄԱԿ-ի 1948 թ. Կոնվենցիային, ընդունու՞մ է որպես ցեղասպանութուն»: Հարցմանը պատասխանել է Գերմանիայի Դաշնության արտգործնախարարության պետքարտուղար տկն Քորնելիա Փիփերը, որն ըստ էության շրջանցել է հարցադրումը եւ հայ-թուրքական արձանագրությունների ոգուն համահունչ պատասխան տվել: «Գերմանիայի Դաշնությունը ողջունում է բոլոր միջոցառումները, որոնք նպատակաուղղված են 1915-16 թթ. պատմական անցուդարձերի պարզաբանմանը: Այս անցուդարձի ուսումնասիրությունը եւ պարզաբանումները պիտի վերապահվեն միայն գիտնականներին: Գերմանիայի Դաշնությունն այն կարծիքին է, թե 1915-16 թթ. ողբերգական անցուդարձերն առաջին հերթին պիտի Թուրքիայի եւ Հայաստանի խնդիրը լինեն: Այս դիտանկյունից նայելով` Գերմանիայի Դաշնությունը մեծ հարգանք է ցուցաբերում Թուրքիայի եւ Հայաստանի նկատմամբ` իրենց խիզախ քայլի համար, որ ստանձնել են երկկողմ հարաբերությունները բարելավելու համար: Գերմանիայի Դաշնությունը քաջալերում է երկու կողմին, որպեսզի շարունակեն երկխոսությունը եւ ընթացքի մեջ գտնվող մերձեցումները, որը ներառում է նաեւ պատմաբանների հանձնաժողովի ստեղծում»,- հայտնել է նա: Անձամբ ես այս պատասխանի եւ «Լեփսիուսի տան» 2010 թ. ծրագրի մեջ նմանություն եմ տեսնում: Գերմանիայի կառավարությունը կարողացել է ազդեցություն ունենալ մի քանի կազմակերպությունների վրա, որոնցից մեկն էլ «Լեփսիուսի տունն» է, եւ նրանք դա չեն թաքցնում: «Լեփսիուսի տունը» 2010 թ. տարեկան ծրագրում նշում է. «Լեփսիուսի տունն» իրականացնում է հատկապես Բունդեսթագի պատվերը` դոկտոր Յ. Լեփսիուսի ժառանգությունը կիրառել Թուրքիայի, Հայաստանի եւ Գերմանիայի միջեւ երկխոսության եւ հաշտության նպատակով»։ «Լեփսիուսի տունը» 2010 թ. տարեկան ծրագրում ընդգրկել է «Ուղեւորություն Ստամբուլ-2010» միջոցառումը «Կ.Պոլսի գրավման հանդիսության բազմաթիվ տոնակատարություններին մասնակցելու նպատակով` ի մեծարումն Սուլթան Մեհմեդ 2-րդի եւ 1453 թ. Կ. Պոլսո գրավման»։ Թեպետ 2010 թ. լրանում է Հայոց ցեղասպանության 95-ամյակը, այդ մասին ծրագրում չկա որեւէ նշում։ Ըստ ծրագրի՝ 2010 թ. ապրիլի 24-ին միմիայն պիտի նշվեն «հայոց զոհերը», առանց պատասխանատուների եւ ոճրագործների մասին հիշատակելու։ 1453 թ. մայիսի 29-ը բոլոր քրիստոնյաների, հատկապես հույների ու հայերի տխրության օրն է, քանզի այդ թվականը մի յուրահատուկ, քրիստոնեական դրոշմ կրող բյուզանդական մշակույթի ավարտն է խորհրդանշում։ Կ. Պոլսի գրավումը միաժամանակ մատնանշում է ուղղափառ եկեղեցու գոյության ավարտը Փոքր Ասիայում։ Այս ծանուցումը գերմանահայերին, հույներին, ասորիներին եւ արամեալեզու քրիստոնյաներին նույնքան ալեկոծեց ու հուզեց, ինչպես Բունդեսթագի 2005 թ. ոչինչ չասող որոշումը, որտեղ ո՛չ ցեղասպանության եւ ո՛չ էլ տեղահանման մասին հիշատակություն չկա։ Նշեմ նաեւ, որ Գերմանիայում հայկական լոբբի գոյություն չունի, ընդհակառակը, կա թուրքական լոբբի: Ներկայումս շուրջ 3 մլն թուրքեր են բնակվում Գերմանիայում, նրանք անդամակցում են տարբեր կուսակցությունների, մեծ կշիռ ու դերակատարություն ունեն այդ երկրում եւ ամեն ինչ անում են, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը չեզոքացնեն: Արդեն 2-3 տարի գործում է «Թալեաթ փաշա» շարժումը, նրանք նպատակ ունեն վերսկսելու Սողոմոն Թեհլերյանի դատավարությունը ու հասնել նրան, որ Թալեաթն արդարացվի: Պահանջում են Բեռլինում փողոց անվանակոչել Թալեաթի անունով, նրա հուշարձանը կանգնեցնելու թույլտվություն ստանալ եւ այլն: Իհարկե, դրա դեմ պայքարում է «Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը», որը դոկտոր Թեսսա Հոֆմանն է ղեկավարում: Ավելացնեմ նաեւ, որ հայերը չեն կարող հակազդել թուրքական լոբբինգին, քանի որ նրանք 3 մլն են, մեծ աջակցություն են ստանում թուրքական պետությունից, այդ երկրի դեսպանատնից, հյուպատոսարաններից: Չմոռանանք նաեւ ահռելի թվով թրքամոլ գերմանացիների մասին, որոնք նրանց աջակցում են այդ հարցում: Հակառակ դրան, Գերմանիայում ավանդական հայկական համայնք չկա, փոքրաթիվ հայությունը Պարսկաստանից, Թուրքիայից եւ վերջին տարիներին Հայաստանից է եկել եւ լավ կազմակերպված համայնք չէ: Հայերը Գերմանիայում դեռեւս չունեն Ֆրանսիայի կամ Ամերիկայի համայնքի թվաքանակն ու կազմակերպվածությունը, հայկական համայնքը զուրկ է պետական աջակցությունից, «Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը» դիմել է դատարան` պահանջելով, որ դատապարտվեն բոլոր այն անձինք, ովքեր Հայոց ցեղասպանությունը կժխտեն կամ կմեղմացնեն, ինչպես Շվեյցարիայում եւ Բելգիայում է արվում: Ի՞նչ հեռանկար կարող է ունենալ նման հայցապահանջը մի երկրում, որը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Եվրամիությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ինչպես նաեւ եվրոպական մի շարք երկրներ: Կարծում եմ` նրանց որոշումները կիրառելի են նաեւ Գերմանիայում: «Շպիգելի» հրապարակման մեջ կարծիք է հայտնվում, որ «հայկական աղետի մասին պատմող լուսա ու տեսանյութերի սակավությունը` համեմատած Հոլոքոստի ու հետագա մյուս բոլոր ցեղասպանությունների հետ, լրացուցիչ բարդացնում էին տեղի ունեցածի վերականգնումը»: Հրապարակման համահեղինակները, միաժամանակ հակասելով իրենց, հայտնում են, որ արխիվներում հարուստ վկայություններ կան, որոնք անգամ արխիվագետներին են անծանոթ: Իսկապե՞ս բավարար նյութեր չկան Հայոց ցեղասպանությունը փաստարկելու համար, հատկապես գերմանական արխիվներում: Նախ` «աղետ» բառի մասին. մի քանի տարի առաջ մի խումբ թուրք պատմաբաններ ու մտավորականներ հայտարարեցին, որ ներողություն են խնդրում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կատարված «աղետի» համար, եւ այն թարգմանվեց ու տարածվեց մի քանի լեզուներով: «Աղետ եւ եղեռն» բառը տարածում գտավ, հատկապես, երբ այն գործածեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: Այսինքն` ամեն ջանք գործադրում են, որպեսզի խուսափեն ցեղասպանություն բառից եւ մի ուրիշ բառ են գտնում կատարվածը արտահայտելու համար, մինչդեռ իրավաբանական կարգավիճակը ցեղասպանությունն է: Գերմանիայիում էլ այսօր ջանում են Հայոց ցեղասպանությունը «անցյալի տխուր երեւույթ» անվանել, որի դեմ պայքարում ենք, եւ գերմանացիներն էլ, ի վերջո, հարկադրված կլինեն ճշմարտությունն ընդունել: Երկու պետություն կար, որ Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ուներ պատերազմի ժամանակ եւ մեծ ներկայություն Թուրքիայում: Գերմանացի 2000 սպա եւ 20 հազար զինվոր կար Թուրքիայում, 15 քաղաքներում հյուպատոսություններ կային: Նրանք ամենից ավելի լավատեղյակ էին կատարվածին եւ, ինչպես նշեցի, ԱԳՆ-ում ավեի քան 52 հատոր նյութ կա, որոնք նրանց զեկույցներն են: Բացի դրանից, ամերիկացի ու գերմանացի միսիոներներն իրենց հուշագրություններում պատմել են այդ մասին, օրինակ` Արմին Թեոֆիլ Վեգները, Յոհաննես Լեփսիուսը, որոնք Թուրքիայի հայաջինջ քաղաքականության մասին պատմել են իրենց հուշագրություններում, լուսանկարել են կատարվածը եւ այլն: Ցեղասպանության վերաբերյալ ամենամեծ արխիվը հենց Գերմանիայում է, այնտեղ ահռելի ուսումնասիրության նյութ կա: ԱԳՆ-ից բացի, նյութեր կան զինվորական արխիվում, միսիոներների արխիվներում եւ շատ անհատների մոտ, որոնք գրի են առել իրենց տեսածն ու լսածը: Երկու մեծ արխիվ կա նաեւ Ավստրիայում, եւ տեղի արխիվային նյութերից մի քանի անգամ հրատարակել է ավստրիացի, մասնագիտությամբ ռեժիսոր Արտյոմ Օհանջանյանը: Սակայն այս ուսումնասիրությունը անհատների գործ չէ, սա պետական աջակցություն պահանջող հարց է եւ անհրաժեշտ է, քանի որ արխիվային ամենաճիշտ նյութերը հենց Գերմանիայում են պահվում, նրանք են եղել Թուրքիայի դաշնակիցը: Թուրքիան էլ չի կարող անճշտություններ համարել դրանք, քանի որ գերմանացիներն իր դաշնակիցներն են եղել: «Շպիգել»-ը իր հեղինակային հրապարակման հետ միաժամանակ հարցազրույց տպագրեց Հայաստանի նախագահի հետ, դրան հաջորդեց «Աղետ` մի ցեղասպանություն» վերնագրված 90 րոպե տեւողությամբ ֆիլմի ցուցադրումը, որին, ըստ մամուլի հրապարակումների, ներկա են գտնվել նաեւ գերմանացի քաղաքական գործիչներ: Հայոց ցեղասպանության հարցի շուրջ աշխարհում ծավալվող հետաքրքրությունների շրջանակո՞ւմ պետք է դիտարկել այս ամենը, թե՞ կարելի է պատմության նկատմամբ գերմանական կառավարության մոտեցումների շրջադարձով բացատրել: Գերմանիայում հայերի մասին քիչ է խոսվում. նախկինում էլ այս թեմայով ֆիլմեր ու ներկայացումներ ցուցադրվել են, զեկույցներ են հրապարակվել ու տարածվել: Գերմանիան շատ հակասական երկիր է, բայց այնուհանդերձ, գերմանալեզու գրքեր էլ են հրատարակվում Հայոց ցեղասպանության մասին, իհարկե, հաճախ դրանք լիարժեք ճշմարտությունը չեն արտացոլում: Ամեն տարի այդ թեմայով մի քանի ներկայացում է ցուցադրվում, եւ այս տարին էլ բացառություն չէր: Այս տարի արդեն երեք ներկայացում է բեմադրվել, որոնցից մեկի սցենարը Թեսսա Հոֆմանն է գրել, եւ միշտ էլ սրահները լեփ-լեցուն են լինում: Սակայն, հայկական կողմն ավելի ուժեղ կլինի, եթե իր պայքարը ծավալի մյուս ցեղասպանված ժողովուրդների հետ համատեղ: Գերմանիայում 150 հազար ասորի է բնակվում, արամեալեզու քրիստոնյաներ, հույներ, որոնք մեզ հետ մասնակցում են ցույցերին: Մեր կողքին են նաեւ Հայաստանից եկած եզդիները: «Ցեղասպանության ճանաչման հանձնախումբը» իր պայքարը համատեղում է այդ ազգությունների հետ, քանի որ այս երեք քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունն ու տարհանումը Թուրքիայում կատարվել է հենց նույն ժամանակամիջոցում, նույն երկրում եւ նույն ոճրագործ պետության կողմից, եւ մեր պայքարը շատ արդյունավետ կլինի, եթե այս հարցում երեք ժողովուրդները համագործակցեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter