HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գագիկ Ծառուկյանին երբևիցե շփոթված տեսե՞լ եք

Հարցնում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը` ի պատասխան այն հարցադրմանը, թե ճի՞շտ է արդյոք, որ նախօրեին նախագահ Սարգսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցությունից Ծառուկյանը դուրս է եկել շփոթված: «Նման բան չի եղել»,- վստահեցնում է ԲՀԿ-ի նախագահի մամլո խոսնակը: Իսկ խորհրդակցությունը վերաբերել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, որը Սերժ Սարգսյանը քննարկել է կոալիցայի անդամ կուսակցությունների ղեկավարների հետ: Քննարկումների արդյունքում կայացրած որոշման մասին այսօր նախագահ Սարգսյանը պետք է ուղերձով դիմի ժողովրդին: Իսկ հնրավո՞ր է, որ նախագահն իր վերջին այցերի ժամանակ պայմանավորվածություններ է ձեռք բերել Արցախի կարգավիճակի դիմաց որոշակի շրջաններ, ասենք, Ֆիզուլին և Աղդամն Ադրբեջանին հանձնելու մասին, և այսօրվա ուղերձում Ս. Սարգսյանը խոսելու է հենց այդ մասին: «Եթե այդպես լինի, ի՞նչ կանի ԲՀԿ-ն, կուսակցությունը համաձա՞յն է կարգավիճակի դիմաց զիջել այդ երկու շրջանները»,- հարցրին Խաչիկ Գալստյանին` այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: «Մենք միշտ էլ պնդել ենք` այո, անկախության կարգավիճակի դիմաց մնացած բոլոր հարցերը կարող են բանակցային սեղանի շուրջ քննարկման առարկա լինել,- ասաց բանախոսը և հավելեց,- իհարկե, քաղաքականությունը «եթե»-ներ չի սիրում, սպասենք նախագահի ուղերձին: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այսօր պատրաստ է այդ քաղաքական քայլին»: Իսկ եթե ուղերձում խոսվի այն մասին, որ Հայաստանը պետք է առաջինը վավերացնի արձանագրությունները, կամ հակառակը` հայկական կողմը պետք է հետ կանչի իր ստորագրությունը, ո՞րը կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դիրքորոշումը: Պատասխանելով այս հարցերին` ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը նշեց, թե իրենք մեթոդաբանական, մարտավարական առումով նպատակահարմար չեն համարում Հայաստանի կողմից արձանագրություններն առաջինը վավերացնելը, քանի որ դրանով Թուրքիան ավելի մեծ հնարավորություններ կստանա միջազգային տարբեր ուժային կենտրոնների հետ մտնել դիրքային առևտրի մեջ: Եվ Թուրքիան այդ առումով «կարող է մաքսիմալ քաղաքական շահարկումների առարկա դարձնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը»: Ինչ վերաբերում է ստորագրությունը հետ կանչելուն, դա, ըստ Խ. Գալստյանի, «հանդիսանում է նախագահի քաղաքական որոշման խնդիրը», և վերջինս կարող է ոչ միայն ստորագրությունը հետ կանչել, այլև ԱԺ օրակարգից թեման հանել: Նախագահ Սարգսյանի վերջին շրջանի այցերի շուրջ ստեղծված գաղտնիության քողի կապակցությամբ բանախոսն ընդգծեց, թե Հայաստանի դիրքորոշումն այնքան պարզ եւ հասկանալի է, որ դրա շուրջ լրացուցիչ մեկնաբանություններ անելն ուղղակի անտեղի է: «Բացի այդ, ուշադրություն դարձրեք, թե յուրաքանչյուր կողմ նման հանդիպումից հետո ինչպիսի վարքագիծ է դրսևորում: Հայաստանն իսկապես հավասարակշռված, հանդարտ, սառը, ռացիոնալ դիրքորոշում ունի: Մյուս երկու կողմերի (Թուրքիայի և Ադրբեջանի) մոտ իսկապես ջղագրգիռ դրսևորումներ կան: Ինչը վկայում է, որ գործընթացը մեզ համար միանշանակ ձեռնտու է և որոշակի խնդիրներ է հարուցում մեր հարեւանների համար»,- ասում է Խաչիկ Գալստյանը: Նա դրական է գնահատում Սերժ Սարգսյանի վաշինգտոնյան այցն «այն առումով, որ նախագահը ևս մեկ անգամ միջազգային հանրության առջև հնչեցրեց ՀՀ հիմնական դիրքորոշումները»` հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ հիմնահարցի վերաբերյալ: «Միջազգային բոլոր ուժային կենտրոնները միակարծիք են Հայաստանի քաղաքական դիրքորոշումների հետ: Որևիցե մեկն այս տարիների ընթացքում որևիցե քննադատական խոսք Հայաստանի քաղաքականության, դիրքորոշման առումով չի հայտնել»,- ընդգծում է բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter