HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

Եթե թատրոն չես գնում, գոնե փողոց դուրս արի

Այսուհետ, քայլելով Երեւանի փողոցներով, բացի խումբ-խումբ անգործ երիտասարդներից, կարող ենք տեսնել նաեւ խումբ-խումբ դերասանների: Նրանք կփորձեն հետաքրքիր դարձնել մայրաքաղաքային փողոցների առօրյան` խաղալով այնտեղ փոքրիկ էտյուդ-ներկայացումներ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Շրջիկ թատրոնի ներկայացումների մեկնարկի մասին մանրամասնեցին թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարապետ Բալյանն ու դերասանները: Հայաստանի շրջիկ թատրոնը ձեւավորվել է դեռեւս 2008-ից, սակայն ներկայացումների մեկնարկը կկայանա այս տարվանից: Թատերախումբը բաղկացած է լինելու 6 դերասաններից, ովքեր հիմնականում ուսանող-դերասաններ կլինեն:

Թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարապետ Բալյանը փաստում է, որ դերասանների խաղը հիմնվում է միայն էնտուզիազմի վրա, քանի որ թատրոնը դեռեւս չունի հովանավորներ. «Հույս ունեմ, որ կլինեն աղբյուրներ, որտեղից ֆինանսական աջակցություն կստանանք, քանի որ այդ դեպքում թատրոնն էլ ավելի երկար կգոյատեւի. դա ամուր հիմքերից մեկն է: Դեռ որեւէ մեկի չենք դիմել, ուզում ենք ցույց տալ` ինչ կարող ենք անել եւ հույս ունեմ, որ շրջիկ թատրոնը կնկատվի գործարարների կողմից»,-ասում է գեղարվեստական ղեկավարը:

Դերասանների համար էլ հեշտ չէ խաղալ առաջին փողոցային ներկայացումներում, սակայն նրանք կարծում են, որ Հայաստանում շրջիկ թատրոնի հիմքերը դնելու ժամանակն է արդեն. «Դրսում խաղալը շատ ավելի դժվար է, քանի որ թատրոնի բեմում դու քեզ տանն ես զգում, իսկ յուրաքանչյուր մարդու համար ավելի հարմարավետ է տանը, քան դրսում: Բայց այս գործն ինձ համար գերխնդիր է. Փողոցներով քայլելիս անընդհատ կարելի է լսել ձայնասկավառակների խանութից հնչող ռաբիս երաժշտություն, որը հրամցնում են երիտասարդներին, երեխաներին: Իսկ այս ներկայացումների միջոցով փորձելու ենք ամեն կերպ մատուցել բարձրարժեք արվեստ»,-ասում է դերասանուհի Նունե Սուքիասյանը, ով նաեւ Մնջախաղի թատրոնի 2-րդ կուրսում է սովորում:

Շրջիկ թատերախմբի առաջնային խնդիրներից մեկը հանդիսատես ձեռք բերելն է, քանի որ մեր փողոցներում թատրոնի հանդիսատես հավաքելն այնքան էլ հեշտ գործ չէ. «Մենք պետք է մեր գործը շատ լավ անենք, որպեսզի հանդիսատես հավաքվի: Եթե գան ու տեսնեն, որ լավ չենք խաղում, հաջորդ անգամ չեն հավաքվի»,-նշում է Կինոյի եւ թատրոնի պետական իստիտուտի ուսանող, դերասան Տիգրան Ավետիսյանը:

Քանի որ փողոցում շատ ավելի ընկալելի է պատկերը, այլ ոչ ձայնը, դերասանները նախատեսել են խաղալ ավելի կրկեսային ժանրում, օգտագործել գրոտեսկի հնարավորությունները: Ներկայացումները կբեմադրվեն քաղաքի 6-7 հայտնի զբոսավայրերում ու այգիներում: Իսկ հաջող ընթացքի դեպքում, թատերախումբը կշարժվի դեպի քաղաքի ծայրամասերը: Մարզերում եւս ներկայացումներ կլինեն, եթե Շրջիկ թատրոնը կարողանա գտնել համապատասխան միջոցներ:

Թատրոնի անձնակազմը կոչ է անում հայ հանդիսատեսին այս ամենին հոգատարությամբ եւ ժպիտով վերաբերվել. «Եթե Արամ Խաչատրյանի արձանի դիմաց կանգնենք, նույն մարդը մեր դիմացով կանցնի մոտ 4 անգամ, քանի որ չգիտի ինչ անել: Հիմա նման մարդիկ արդեն կզբաղվեն ներկայացումները նայելով: Կան մարդիկ էլ, որ անտարբեր են թատրոնի հանդեպ, կխնդրենք չխանգարել եւ թողնել բոլոր հետաքրքրվածներին մի բան վերցնել այս ներկայացումներից»,-ասում է գեղարվեստական ղեկավար Կարապետ Բալյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter