HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ըստ Խ. Գալստյանի` Իրանը ղարաբաղյան հակամարտությունում կարող է հանդես գալ հարակից սուբյեկտի կարգավիճակով

Իրանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղեան հակամարտության կարգավորման միջնորդության առաքելությամբ` առաջարկելով եռակողմ հանդիպում կազմակերպել Թեհրանում: ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը, անդրադառնալով Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքիի այս առաջարկությանը, նշում է, թե կոնկրետ այս փուլում Պարսկաստանի ակտիվացումը շատ բնական է` հաշվի առնելով պատմական իրողությունը: «Իրանի Իսլամական Հանրապետությունը, ղարաբաղյան հակամարտության բռնկման սկսբնական պահերից ի վեր, միշտ փորձել է ստանձնել ակտիվ դերակատարում: 1992թ. փետրվարին Իրանի արտգործնախարարի այցելությունը տարածաշրջան հիմք նախապատրաստեց եռակողմ հանդիպում անցկացնելու համար, և եղեն մի շարք հանդիպումներ Իրանի միջնորդական նախաձեռնությամբ: Իհարկե, այդ միջնորդական նախաձեռնությունը ձախողվեց 1992թ. մայիսի 8-ին հայ ազատամարտիկների փայլուն օպերացիայից հետո, որի արդյունքում ազատագրվեց Արցախի հինավուրց մայրաքաղաք Շուշին»,- հիշեցնում է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը: Ըստ Գալստյանի` միանշանակորեն պարզ է, որ ղարաբաղյան հակամարտությունն առանչություն ունի տարածաշրջանային գերտերությունների շահերի հետ, և այդ առումով Իրանը չի կարող մնալ անկողմնակալ կամ օտարված. «Մենք միշտ նկատում ենք տարբեր գերտերությունների միջև նաև փոխադարձ շահերի հակասություն, մրցակցություն, ինչը դրսևորվում է նաև այս դեպքում»: «Ես կարող եմ որոշակի հիմնավորումներ ներկայացնել Իրանի շահերի տեսանկյունից: Այն է` Իրանին ներկա իրավիճակը կարող է որոշակիորեն ձեռնտու լինել` հաշվի առնելով, որ ազատագրված տարածքները որոշակի բուֆերային օղակ են ստեղծում Ադրբեջանի և Իրանի միջև: Այնպես որ, այս առումով Իրանը կարող է հանդես գալ շահագրգիռ կամ հակամարտության հարակից սուբյեկտի կարգավիճակով»,- ասում է Խաչիկ Գալստյանը: Հիշեցնենք, որ Ադրբեջանը Թեհրանի եռակողմ հանդիպման առաջարկին հավանություն արդեն տվել է, իսկ Հայաստանը դեռևս որևէ պատասխան չի տվել: Բայց, հավանաբար, Երևանն այն կմերժի` պնդելով տարիներ շարունակ արտահայտած իր դիրքորոշումը` ԼՂ հակամարտության կարգավորման մանդատը պատկանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter