HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գյուղատնտեսության փոխնախարարը նկատողություն չի ստացել

Որովհետև նա քրեական «ռազբորկայի» հետ կապ չունի՞ Շաբաթ օրը Նոր Նորքի 5-րդ զանգվածում գտնվող «Քրեզի հորս» սրճարանի հարևանությամբ տեղի էր ունեցել քրեական «ռազբորկա»` 60-70 անձանց մասնակցությամբ: Դեպքի վայրում էր նաև գյուղատնտեսության փոխնախարար, ԲՀԿ-ական Վարդան Կարապետյանը, որը թերթերից մեկին ասել է, թե այնտեղ հայտնվել է պատահաբար` քրոջ տնից դուրս գալիս: Կարապետյանի մեկնաբանությունների և կատարվածի առնչությամբ «Հետքի» հարցերին պատասխանում է Խաչիկ Գալստյանը` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունում քննարկվե՞լ է քրեական «ռազբորկայում» Կարապետյանի ներկայության հարցը, պարզվե՞լ է, թե իրականում նա ի՞նչ գործ ուներ այնտեղ: Այո, ինքը մեկնաբանություն է տվել, որ լրիվ պատահաբար է այնտեղ հայտնվել և ոստիկանության հաղորդագրության մեջ էլ է դա նշված, որ պարոն Կարապետյանը քրեական գործով չի անցնում: Այսինքն` այս պահի դրությամբ հաստատվել է իր կապ չունենալը տվյալ միջադեպի հետ: Բայց Վարդան Կարապետյանն ասել է, թե այնտեղ է գնացել իր «Ժիգուլիով», մինչդեռ ֆոտոլրագրող Գ. Շամշյանի դեպքի վայրից արված լուսանկարները փաստում են, որ իրականում փոխնախարարը եղել է «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, որը, իբրև պատահաբար տարածքով անցնող մեքենա, կայանված է եղել ոչ թե մայթեզրի մոտ, այլ շատ հարմար տեղավորվել է սրճարանի աջ հատվածի հետնամասում` «ռազբորկայի» մասնակիցների ավտոմեքենաների կողքին: Ընդ որում` իրավապահները խուզարկել են նաև փոխնախարարի վարած հիշյալ «Մերսեդեսը»: Այս պարագայում նրա ասածները որքանո՞վ են արժանահավատ: Ես դա չեմ կարող ասել, բայց որ կուսակցությունը որևիցե կապ չունի այդ միջադեպի հետ, քաղաքական որևիցե ենթատեքստ այս հանդիպմանը, «ստրելկայի» կամ «ռազբորկայի» մեջ չի եղել, դա ես այսօր պաշտոնապես պնդում եմ: Այնուամենայնիվ, չասացիք` Կարապետյանի տված մեկնաբանությունն ինչպե՞ս եք գնահատում, հավատո՞ւմ եք նրան: Ի՞նչ հիմք ունենք չհավատալու: Եթե նա իսկապես ուղղակի կապ ունենար այդ միջադեպի հետ, բնականաբար, կուսակցության նախագահի և քաղխորհրդի կողմից խիստ նկատողության կարժանանար: Այս պահի դրությամբ նման նկատողություն չի ստացել, որովհետև մենք քննական մարմնին ենք ապավինում: Եթե քննական մարմինն այդ մարդու նկատմամբ, նրա մեղսակցության, մասնակցության մասին որևիցե հետք չի գտել, դա մեզ համար բավարար հիմք է: Բայց եթե չլինեին Շամշյանի լուսանկարները, հասարակությունը փոխնախարար Վարդան Կարապետյանի ներկայության մասին չէր իմանա, որովհետև ոստիկանությունն այդ մասին ոչինչ չէր ասում` վստահեցնելով, թե «մասնակիցները որեւէ կուսակցության կամ հասարակական կազմակերպության անդամ չեն»: Այս պարագայում էլ եք միանշանակ ապավինում պաշտոնական հայտարարությանը: Բա ո՞ւմ ապավինենք: Մենք ապավինում ենք մեր կուսակցականի խոսքին, որն իրողություն է, և ապավինում ենք պաշտոնական հաղորդագրություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter