HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ասորական համայնքը հարգում է Հայոց ցեղասպանությունը և պահանջում ճանաչել ասորականը

Վաղը Հայաստանում ասորական համայնքը, ինչպես անցած տարիներին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար ողջ համայնքով կբարձրանա Ծիծեռնակաբերդ: Այս մասին այսօր «Հայելի» ակումբում լրագրողներին ասաց Հայաստանի ասորական համայնքի ներկայացուցիչ Ռազմիկ Խոսրոևը: Ռազմիկ Խոսրոևն նշում է, որ ասորիները ևս քիչ արցունք չեն թափել գաղթի ու եղեռնի պատճառով: 1915 թ.-ին և առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից շուրջ 750 հազար ասորի է սպանվել Օսմանյան կայսրության տարածքում և հյուսիսային Պարսկաստանում: Եթե հայերը ապրիլի 24-ն են հիշատակում որպես ցեղասպանության զոհերի հիշատակի օր, ապա ասորիները իրենց նահատակներին հարգանքի տուրք են մատուցում օգոստոսի 7-ին: 1933 թվականին Իրաքում այդ օրը Սիմել գյուղի կոտորածն է եղել, երբ անգլիացիները մեկ օրում կոտորել և եկեղեցում ու տարբեր շինություններում այրել են 3000 ասորիների: Որպես զոհերի հիշատակման միասնական օր ընտրվել է օգոստոսի 7-ը: Ռազմիկ Խոսրոևը նշում է, որ այսօր ասորական հարցը ևս հասել է որոշակի մակարդակի, և աշխարհը պետք է ոչ միայն դատապարտի Թուրքիային` Հայոց ցեղասպանության համար, այլև ընդունի, որ ասորիները ևս ցեղասպանվել են: Եթե հայերը կորցրել են 1.5 մլն մարդ, ապա ասորիները` իրենց բնակչության շուրջ կեսը` մոտ 750 հազար: «Ցավն այն է, որ եթե հայերի ցեղասպանությունը 20-ական թվականներին ավարտվեց, ասորիների ցեղասպանությունը շարունակվում է մինչև հիմա»,- ասում է Ռ. Խոսրոևը; Բանախոսի կարծիքով, ասորիներին ցեղասպանության ենթարկելու մասին աշխարհում քիչ են խոսում, որովհետև նրանք պետականություն չունեն, իսկ այսօր աշխարհի 3 մլն-ից ավել ասորիները պահանջներ ունեն Թուրքիայից: Ավելին, ճանաչելով ՄԱԿ-ի ազգերի և ժողովուրդների իրավահավասարության և ազատ ինքնորոշման սկզբունքը, Թուրքիան ոտնահարում է տեղի ասորիների իրավունքները և այսօր էլ հետևողականորեն շարունակում է իրականացնել ցեղասպանությունը, քանզի շարունակվում է ասորիների արտաքսումը:  Ցեղասպանության շարժումը ղեկավարող Ասորիների համաշխարհային ալյանսը իրենց ազգի նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման պահանջը ներկայացնում է աշխարհին: «Ի՞նչ կարող է տալ ասորիներին ճանաչումը» հարցին Ռ. Խոսրոևը պատասխանում է. «Եթե ոչինչ  էլ չլինի` և' հայերը, և' ասորիները տառապում են անլիարժեքության սիմպտոմով, սա շատ կարևոր պահ է` և հոգեբանական կողմից, և կայացման, և մարդկության ընդհանուր առաջխաղացման»: Ասորական համայնքի մյուս ներկայացուցիչը`Լինա Յակուբովան, 8 փաստավավերագրական ֆիլմերի հեղինակ է, որից 4-ը վերաբերում է ասորիների ցեղասպանությանը:  «Մեկ ազգի մոռացված մի էջ» ֆիլմը նկարահանելիս Լինան հասկացել է, որ ասորիները ևս մեղավոր են իրենց ազգի նկատմամբ Ցեղասպանության ճանաչման պահանջը խստորեն չառաջադրելու համար: «Մեր մեղավորությունն է, որ մարդիկ չգիտեն այդ մասին»,- նշում է նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter