HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արձանագրությունների վավերացման առկախումից Հայաստանը շահո՞ւմ է, թե՞...

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցումը ոչ թե դրական է, այլ ավելի շատ իրավիճակը սրեց: «Առավել ևս, որ վերջին տասնամյակների ընթացքում այնտեղ խաղաղ ապրող հայ բնակչությունը կրկին անգամ հնարավոր է, որ ենթարկվի վտանգի: Առավել ևս, որ ներկա փուլն արագացնելու է ղարաբաղյան գործընթացը»,- ասում է Լ. Սարգսյանը: Նա այսօր «Հայելի» ակումբի հյուրն էր և բանավիճում էր ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանի հետ: Ըստ ՍԴՀԿ ատենապետի` Սերժ Սարգսյանը, «դժբախտաբար, ներքին լարվածությունը թուլացնելու, ժողովրդի, քաղաքական ուժերի հետ երկխոսության, քաղբանտարկյալների հարցում զիջումների գնալու փոխարեն փորձեց իր լեգիտիմությունն ապահովել նախևառաջ դրսում: Դրա համար նա գտավ մի թեմա, որը հետաքրքիր էր արտաքին աշխարհում: Եվ այդ թեմայի շուրջ սկսեց կարևորել իր անձը` շփումների մեջ մտնելով տարբեր երկրների ղեկավարների հետ»: Մինչդեռ, Լյուդմիլա Սարգսյանի խոսքերով, դեռ մեկ տարի առաջ, երբ մեկնարկեցին հայ-թուրքական հարաբերությունների հաստատման ուղղությամբ բանակցությունները, ակնհայտ էր, որ «դա մի ճանապարհ է, որը ոչ մի տեղ մեզ չի հասցնելու»: «Որպես ՍԴՀԿ ատենապետ` նշեմ, որ մենք ի սկզբանե դեմ էինք այս փուլում հայ-թուրքական հարաբերությունների հաստատմանը` շատ լավ հասկանալով, որ, այո, մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են բաց սահմանները, բայց պետք էր հաշվի առնել որոշ հանգամանքներ, որոնք կարող են վտանգել մեր երկրի անվտանգությունը և ընդհանրապես փոխել մեր երկրի դեմոգրաֆիկ ֆոնը,- ասում է Լ. Սարգսյանը,- բայց հիմնական պատճառը դա չէր: Մենք, որպես կուսակցություն, շատ լավ ճանաչելով Թուրքիային, պատմականորեն երկար շփումներ ունենալով նրա հետ և դրա ազդեցությունն անմիջապես տեսնելով 1915 թ., շատ լավ հասկանում ենք թուրքական դիվանագիտության երկակի խաղը` իր ծանրագույն հետևանքներով: Եվ ակնհայտ էր, որ Թուրքիան, Հայաստանի սահմանը փակելով, ի սկզբանե նպատակ էր հետապնդում ղարաբաղյան խնդրին ադրբեջանանպաստ լուծումներ տալու համար: Իսկ սահմանի բացումն ուղղակի խաղ է»: Ի պատասխան ՍԴՀԿ ատենապետի խոսքերի` Արտակ Զաքարյանը նշեց, որ նախ` ՀՀ իշխանությունները 2007 և 2008 թթ հանրապետական ընտրություններից հետո ընդհանրապես լեգիտիմության ապահովման խնդիր չեն ունեցել և չունեն, երկրորդ` «1998 թ. հետո Հայաստանում չկա մեկը, որը թեկուզ պախարակված կամ իրավական որևէ մեխանիզմով պատասխանատվության ենթարկված լինի քաղաքական հայացքների համար»: Ինչ վերաբերում է արձանագրությունների վավերացման առկախմանը, ըստ հանրապետական պատգամավորի, «գործընթացը ստանում է նոր որակ և հնչեղություն, այն արդեն տեղափոխվել է այլ հարթություն` այլ մոտիվներով ու ձևակերպումներով»: «Սա նշանակում է, որ ի սկզբանե հիմնավորվեց, ի ցույց դրվեց այն հանգամանքը, որ այս գործընթացում նախապայմանների լեզվով խոսել, նշանակում է տապալել գործընթացը: Բնականաբար, այսօր գործընթացի ողջ պատասխանատվությունը կրում է Թուրքիան: Այսինքն` շատ ավելի հստակեցվեց կողմերի պարտավորությունները»,- ասում է Արտակ Զաքարյանը: Նա միանգամայն հակառակ կարծիքի է և գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների համատեքստում տեղի ունեցած վերջին զարգացումները ոչ թե բացասաբար են անդրադառնում ԼՂ հիմնահարցի վրա, այլ «Հայաստանին բերում են քաղաքական նոր իմպուլսներ, դիվիդենտներ»` հնարավորություն  ապահովելով ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում հանդես գալու ավելի շահեկան դիրքերից: «Ամեն դեպքում, այս գործընթացներից ոչինչ չենք շահել: Հայաստանի վրա ճնշումները շատ ավելի մեծանալու են: Արդեն նույնիսկ ՌԴ արտգործնախարարի կողմից խոսվում է Ադրբեջանի ներկայացրած տեսակետի մասին, որ Թուրքիան պետք է ներգրավվի Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում և աջակցի բանակցություններին, և Թուրքիան, կարծես թե, կարողացավ հասնել իր ձգտումներին»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը: «Թուրքիան վաղուց Մինսկի խմբի անդամ է, բայց եռանախագահողների մեջ լինել չի կարող: Սա հստակ է»,- հակադարձում է Արտակ Զաքարյանը և ավելացնում, որ վերջին զարգացումներից Հայաստանը շահել է տարբեր ճակատներում. «Մեր քաղաքականությունն ի սկզբանե կառուցված է եղել` նաև հաշվարկների հիմքում ունենալով Թուրքիայի արտաքին քաղաքական պրոբլեմները` տարբեր երկրների և կառույցների հետ: Թուրքիայի աշխարահագրական դիրքը և տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներն այլևս հնարավորություն են տալիս Հայաստանում խաղարկելու նաև իր աշխարագրական դիրքը: Այստեղ ավելի խորը աշխարհաքաղաքական խնդիրներ են, և էմոցիաների վրա կառուցել գործընթացը բոլորովին արդարացված չէ»: Զաքարյանի խոսքերով` արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման համար սահմանագիծ նշելն ուղղակի անիմաստ է, քանի որ Հայաստանն արդեն իր մասով խնդիրը լուծել է. «Այստեղ արդեն Թուրքիայի մտահոգության, մոտեցումների խնդիրն է: Եթե Թուրքիան էլ է հայտարարում, որ ինքը կասեցնում է, ուրեմն դա կարելի է համարել վերջնաժամկետ` այս փուլում տեղի ունեցող բոլոր գործընթացների համար»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter