HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշնանացան ցորենի զանգվածային ոչնչացման վտանգ Գորիսի տարածաշրջանում

Ապրիլի կեսերին Սյունիքի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնը Գորիսի տարածաշրջանի Կոռնիձոր համայնքից ահազանգ ստացավ այն մասին, որ աշնանացան ցորենի դաշտերում բույսերը զանգվածաբար ոչնչանում են: Կենտրոնի մասնագետների կատարած ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ հացահատիկային մշակաբույսերի մասսայական ոչնչացման պատճառն աշնանացան ցորենի արմատային փտումն էր, որը հիմնականում պայմանավորված է եղանակային պայմաններով: Առատ տեղումների, երկարատև խոնավության, ինչպես նաև գյուղացիական տնտեսությունների կողմից ցանքի համար անհրաժեշտ ոչ բոլոր  ագրոտեխնիկական կանոնների կատարման պատճառով` մասնավորապես ցանքաշրջանառության չկիրառման արդյունքում հարյուրավոր հեկտարներով ցորենի ցանքատարածությունները ոչնչանում են: Ստեղծված իրավիճակի մասին Սյունիք կատարած այցի ժամանակ տեղեկացվեց նաև ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, որի հանձնարարությամբ մի քանի օր անց Կոռնիձորում էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության մասնագետների խումբը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ Գագիկ Մանուչարյանը հաստատեց Սյունիքի ԳԱՄԿ-ի մասնագետների այն կարծիքը, որ հացահատիկի զանգվածային ոչնչացման պատճառը բույսերի փտախտն է: Գագիկ Մանուչարյանը նշեց, որ հիվանդությունը Կոռնիձոր գյուղում արդեն ոչնչացրել է 325, իսկ մերձակա Տեղ գյուղում` 80 հա աշնանացան ցորենի դաշտ: Նախնական տվյալներով` գյուղացիական տնտեսությունների կրած վնասը կազմում է ավելի քան 80 միլիոն դրամ: «Չենք կարող պնդել, որ շրջակա համայնքներում ցանքատարածությունները ևս վարակված չեն, և հնարավոր է կտրուկ քայլերով կանխել տարածումը: Այնուամենայնիվ, գյուղացիական տնտեսություններին խորհուրդ է տրվել պայքարի համար որոշ թունաքիմիկատներ կիրառել: Մինչ այդ խորհրդատվական լայնածավալ աշխատանքներ են իրականացվել նաև Սյունիքի ԳԱՄԿ-ի խորհրդատուների կողմից, սակայն, ցավոք, իրավիճակն այս տարվա համար հնարավոր չէ փոխել»,- ասաց Գագիկ Մանուչարյանը: Նրա խոսքով` իրենց խնդիրն է նաև իրավիճակի մասին կազմված համապատասխան ակտը ներկայացնել գյուղատնտեսության նախարարությանը, սակայն նա դժվարացավ ասել, թե պետությունը ինչպես կփոխհատուցի կամ արդյոք կփոխհատուցվի՞ մարդկանց կրած վնասը: Կոռնիձորի գյուղապետ Սուրիկ Սիմոնյանը նշեց, որ իրենց գյուղում անցած տարի կատարվել է 1000 հա աշնանացան, որի գրեթե 1/3-ն արդեն ոչնչացել է փտախտից, և երաշխիք չկա, որ վարակված ցանքատարածությունները չեն ավելանա: Այս պայմաններում, ըստ նրա, բացի նրանից, որ հնարավոր չի լինի ապահովել համայնքի եկող տարվա բյուջեի եկամտային մասը, մարդիկ նաև արդեն զրկվել են իրենց ապրուստի հիմնական միջոցից: «Մասնագետները խորհուրդ են տալիս, որ գյուղացիական տնտեսությունները պահպանեն ագրոտեխնիկական կանոնները, ցանքաշրջանառության ապահովման համար փոխեն մշակվող կուլտուրայի տեսակը, ցանեն, բայց, որքան էլ որ այդ պայմանը կարևոր է, մյուս կողմից դժվար է մարդկանց համար, որովհետև տարիների հետ կարծես թե արդեն ավանդական է դարձել, որ Կոռնիձորում հացահատիկային մշակաբույսեր ցանեն, և մարդիկ այդքան մեծ հողատարածքներ չունեն, որ մի կուլտուրան փոխարինեն մյուսով»,- ասաց Սուրիկ Սիմոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter