HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ բնակավայրեր. պաշտոնյաների աչքից, մտքից հեռու

Սերգեյն ու Վանիկն ապրում են Հայաստանի սահմանամերձ Արեւիս գյուղում: Ամեն օր նստում են գյուղամիջյան ճանապարհի եզրին եւ սպասում ուղեկալ մեկնող մեքենային, որ ձեռքով անեն իրենց գյուղը, Հայաստանը պահող հայ զինվորներին, որպեսզի սահմանապահները համոզվեն, որ իրենց թիկունքում, ազերիների սահմանին ուղիղ գծով 3 կիլոմետր հեռավորությամբ գտնվող  գյուղում կյանքը շարունակվում է, եւ Հայոց բանակը համալրող տղաներ են մեծանում: Մեծերից լսել են, որ տարիներ առաջ մի խումբ բնախույզներ երկար ժամանակ ոսկու պաշարներ են փնտրել Արեւիսում: Գտան, թե չէ` տղաները չգիտեն, բայց մտածում են, որ մի օր գոնե ոսկու համար էլի մարդիկ կգան գյուղ, նրանց հետ էլ երեխաներ, թե չէ հոգնել են միշտ երկուսով գնդակ խաղալուց, գոնե դարպասապահ ունենան: Եթե երեխաների մտահոգությունը խաղընկեր ունենալն է, նրանց ծնողներն անհանգստացած են, որ տարեցտարի գյուղը դատարկվում է: Համայնքապետ Սասուն Սահակյանի խոսքով` պաշտոնական տվյալներով վերջին տարում գյուղից 15 ընտանիք է մեկնել, բայց ավելի շատ մարդիկ, շարունակվելով գրանցված լինել համայնքում, տեղափոխվել են այլ բնակավայրեր: «Գյուղի դպրոցում ընդամենը չորս աշակերտ է սովորում, որոնցից երկուսն առաջին դասարանցի են: Տարեցտարի աշակերտների թիվը նվազում է, դպրոցն էլ որ փակվեց, գյուղը ծերանոցի կվերածվի»,- ասում է համայնքապետը: Նա նաեւ նշում է, որ Սիսիանի տարածաշրջանի գյուղերից Արեւիսն առանձնանում է իր բնակլիմայական բարենպաստ պայմաններով: Տարբեր տեղերից չորս գետի ջուր է խառնվում գյուղը երիզող գետին,  եւ մշտապես վարար լինելու պատճառով մարդիկ Գիժ գետ են անվանում: «Ձկնաբուծության, անասնապահության զարգացման լավագույն պայմաններ կան, սակայն ձեռներեցության փորձի, ինչպես նաեւ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով մարդիկ որեւէ գործ չեն նախաձեռնում»,- ասում է Ս. Սահակյանը` հավելելով, որ իր կարծիքով, որպես սահմանամերձ բնակավայր, այս խնդրի լուծմանը պիտի աջակցի պետությունը: Արեւիսը 40-50 կմ երկարությամբ սահմանակից է Նախիջեւանին, գյուղից երեւում են ադրբեջանցիների դիրքերը, եւ այս պայմաններում, ըստ համայնքապետի, հաշվի առնելով, որ Արեւիսը ռազմավարական նշանակություն ունի, պետությունը կարող է համայնքային բազմաթիվ խնդիրներ լուծել  պետական ծրագրերի միջոցով: «Ձմռանը գյուղ տանող ճանապարհն օրերով փակվում է, մինչեւ զինվորականներն իրենց մեքենաներով չեն բացում: Համայնքային իշխանությունն իր միջոցներով մի քիչ բարեկարգել է միջհամայնքային ճանապարհը, բայց բեռնատարների երթեւեկության պատճառով այն կրկին քարուքանդ է եղել: Գյուղի դպրոցում երկու ուսուցչուհի է աշխատում, ովքեր տեղացիներ չեն, ստիպված ձմռանը գիշերում են դպրոցի տնօրենի տանը»,-ասում է Ռիտա Բաղդասարյանը: «Հեռուստացույցով հաճախ ենք լսում գյուղատնտեսության զարգացումը խթանող  տարբեր ծարագրերի մասին, բայց զարմանալի է, որ առանձին տողով չի նշվում այն բնակավայրերի մասին, որտեղ մարդիկ հող են մշակում սահմանին մոտ, եւ ամեն վայրկյան վտանգված է նրանց կյանքը,- դժգոհում է Հասմիկ Գեւորգյանը եւ շարունակում,- երկու կով եմ պահում, ստացված կաթը անգամ թոռներիս չի հերիքում, ուր մնաց` ծախեմ, կամ առնողն ո՞վ է: Բոլոր ապրանքների գները բարձրացել են, կաթինը մնացել նույնը»: Խոսելով պետության կողմից տրվող արտոնությունների մասին` համայնքապետը նշում է, որ նախորդ տարի գյուղն ընդգրկված էր բարձր լեռնային համայնքների համար նախատեսված գյուղատնտեսության սուբսիդավորման ցանկում, սակայն գյուղը որեւէ հայտ չներկայացրեց, որովհետեւ բնակիչներից ոչ մեկն աշնանացան չէր կատարել, իսկ այս տարի գյուղի անունը ցուցակից հանվել է: «Գյուղի վարելահողերի 7 տոկոսն էլ չի մշակվում, մարդիկ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, էնքան, որ իրենց կենցաղային խնդիրները ծայրը ծայրին հասցնում են»,- ասում է համայնքապետը եւ շեշտում, որ այդ պայմաններում անգամ մարդիկ պարտաճանաչ վճարում են հողի հարկը, համայնքի բյուջեի եկամտային մասն ապահովվում է գրեթե 100 տոկոսով: Ի տարբերություն սահմանամերձ Արեւիսի բնակիչների մտահոգությանը, որ տարեցտարի գյուղը դատարկվում է,  հարեւան Թանահատն արդեն...դատարկվել է: Թեպետ Թանահատը համայնքային իշխանություն ունի, բյուջե, փաստաթղթերով համայնքում գրանցված է 96 մարդ, այնուամենայնիվ, փաստացի գյուղում ոչ ոք չի ապրում: Չունի դպրոց, անգամ համայնքային իշխանության գրասենյակ. մի քանի տարի առաջ իբր համայնքապետարանի համար մետաղյա տնակ է տեղադրվել, որտեղ սակայն որեւէ գույք չկա: Պատմում են, որ ընտրութունների օրերին քվեատուփը դնում են ինչ-որ մեկի տանը, բայց քչերն են մասնակցում ընտրություններին, հիմնականում գյուղում գրանցված, բայց Սիսիանում ապրողները: 2008 թ. Թանահատի բյուջետային ծախսերի համար հաշվարկվել է 3 մլն 525 հազար դրամ, փաստացի կատարվել 2 մլն 570 հազարը, որից 1 մլն 889 հազար դրամը վճարվել  որպես աշխատավարձ: Թե ինչ գործունեություն է ծավալում համայնքային իշխանությունը, որտեղ են գումարվում ավագանու նիստերը, եւ կամ համայնքային որ խնդրի լուծմամբ են զբաղվում տեղական իշխանությունները, անհասկանալի է, քանի որ երկար փնտրելուց հետ մեզ հաջողվեց հանդիպել միայն Միքայել Առաքելյանին, ով ինքն իրեն ներկայացրեց որպես տարեցտարի ավերակների վերածվող գյուղի պահակ` ասելով, որ  վաճառել է 12 կովն ու Սիսիան քաղաքում բնակարան գնել, որովհետեւ երեխաներն արդեն դպրոցահասակ էին, չէին կարող գյուղում մնալ: Նրա խոսքով` գյուղում 6 տարի առաջ 20-ից ավելի երիտասարդ ընտանիքներ կային, բոլորը տեղափոխվեցին, քանի որ գյուղը ոչ դպրոց ունի, ոչ էլ տրանսպորտ է աշխատում, որ գոնե հարեւան Թասիկի դպրոց գնային երեխաները: Ինքն էլ գարնան հետ գյուղ է գալիս, որովհետեւ գյուղի բնակլիմայական պայմանները բարենպաստ են, եւ շատերն այլ գյուղերից իրենց անասունները արոտի համար հասցնում են Թանահատ: «Ամեն կովը ամսական խնամում եմ 2,5-3 հազար դրամով, պակաս տան` չեմ պահի, կբավարարվեմ միայն նպաստով»,- ասում է Միքայելը եւ չի ժխտում, որ գյուղի հողերը բերրի են, կարող է  նաեւ կարտոֆիլ, կաղամբ ցանել, բայց «որ ոչ մեկը չի մշակում հողը, ինքն ինչու՞ պիտի հող մշակի»: Թե երբ է գյուղում վերջին անգամ որեւէ պաշտոնյա եղել, Միքայելը չհիշեց, բայց նշեց, որ երկար ժամանակ գյուղապետը չարչարվեց, մինչեւ գյուղի համար հոսանք միացրին, ասում էին` մի բնակչի համար միացնելով հոսանքի կորուստները շատ են: Տարիներ առաջ Թանահատում անասնապահությունը զարգացնելու նպատակով «Տաթեւ» հէկ-ը գյուղում անասնապահական համալիր էր կառուցել, սակայն այն այսօր չի ծառայում իր նպատակին: Դեռեւս 2009-ին ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցագարգի, ինչպես նաեւ միջոցառումների ծրագրերի վերջնական լրամշակման գործընթացը կազմակերպող միջգերատեսչական հանձնաժողովն առաջարկել էր խոշորացնել Թանահատ եւ հարեւան Թասիկ համայնքները: Նույն հանձնաժողովի որոշմամբ նախատեսվում էր հանրային քննարկումներ կազմակերպել երկու համայնքներում, սակայն դեռեւս որեւէ քայլ չի ձեռնարկվել, եւ Թանահատ համայնքի բյուջեի համար նոր հատկացումներ են կատարվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter