HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Նահատակված ավելի քան 80 հայ գրող-լրագրողներ ընդգրկված չեն թուրքական ցուցակներում

Այսօր Ստամբուլում հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձ կատարվեց 1915-ին Մեծ եղեռնի ժամանակ զոհված հայ լրագրողներին ու գրողներին, որոնց անուններն առ այսօր ընդգրկված չեն թուրքական ընկերությունների՝ զոհված լրագրողների համապատասխան ցուցակներում: Բանախոսների թվում էին «Ակօս» թերթի խմբագրապետ Ռոբեր Կոպթաշը, հրատարակիչ Ռագըփ Զարաքոլուն, լրագրողներ Ալի Բայրամօղլուն եւ Բյուլենթ Թելանը:

«Հետքի» հարցերին պատասխանում է «Ակօսի» խմբագրապետ Ռոբեր Կոպթաշը:

Երբ գրվում է թրքական մամուլի պատմությունը, 1915 թվի հայ մամուլի զոհերը պետք է նկատի առնվեն: Կան թրքական լրագրողական ընկերությունների  կողմից հրատարակված մամուլի նահատակների ցանկեր, որտեղ բացի Հրանտ Դինքից ուրիշ հայի անուն չկա: Թուրքերը տեղեկություն չունեին, որ 1915 թվին Գրիգոր Զոհրապը, Երուխանը եւ ահագին այլ գրողներ ու լրագրողներ են նահատակվել: Այսօր մենք այս տեղեկությունները տվեցինք թուրք լրագրողներին: Ցանկանում ենք, որ այդ ընկերություններն այսուհետ նկատի առնեն նաեւ հայ նահատակներին:

Իսկ Դուք ունե՞ք զոհված հայ լրագրողների անվանացանկ:

Աշխատություն ունենք, ինչքան գիտեմ, մինչեւ հիմա 80-ից ավել անուն ենք արձանագրել: Այդ ցանկը հրատարակեցինք «Ակօսում» եւ ուղարկեցինք այդ ընկերություններին: Սպասում ենք պատասխանին: Դրանցից մեկը, առաջին քայլն անելով, իր ցանկի մեջ 9 անուն ավելացրեց:

Որքա՞ն ժամանակ է, որ զբաղվում եք այս հարցով, եւ ովքե՞ր են նախաձեռնության հեղինակները:

Մի շարք հետազոտողներ կան, միայն մենք չենք: Օրինակ՝ Ռագըփ Զարաքոլուն, Բյուլենթ Թելանը: Սա 3 տարվա աշխատություն է:

Ի՞նչ ակնկալիքներ ունեք նշված ընկերություններից: Նրանք կարձագանքե՞ն:

Ես հույս ունեմ: Արդիական լրագրողների միությունը, ինչպես նշեցի, արեց առաջին քայլը, ու կարծում եմ, որ հաջորդ քայլերը կկատարվեն մոտ ապագայում:

Իսկ շա՞տ են այն ընկերությունները, որոնց կոչ եք անում ներառել նաեւ հայ նահատակ լրագրողների անունները:

Ամենամեծը Արդիական լրագրողների միությունն ու Թուրքիայի լրագրողների միությունն են: Բայց այլ կազմակերպություններ էլ կան, շուրջ 10 հատ:

Այս նախաձեռնությունը որեւէ կապ ունի՞ ապրիլի 24-ի միջոցառումների հետ:

Ուղղակիորեն կապված չէ, որովհետեւ սա ավելի երկարատեւ աշխատանք է, մի փոքր պայքար ենք մղում սրա համար, բայց, անշուշտ, հենց ապրիլի 24-ից առաջ այս օրն ընտրելը պատահական չէ, որովհետեւ այդ թեմայով այս օրերին ավելի շատ են խոսում, ու մենք էլ ցանկացանք, որ Թուրքիայի՝ իր պատմության հետ առերեսվելու համար մեր լրագրողական պայքարը նկատի առնվի ու տեղ գտնի մամուլում:

Իսկ ապրիլի 24-ին այլ միջոցառումներ նախատեսվու՞մ են:

Ոչ: Թաքսիմ հրապարակում այդ օրը, ինչպես գիտենք, ցույց պիտի լինի: Նույնը պիտի տեղի ունենա Իզմիրում, Դիարբեքիրում:  

Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter