Կիրակի, 23 սեպտեմբերի

Թափառող ցուցահանդեսի նկարիչը, որն ապրում է գործարանում



Հայ  գեղանկարիչ  Ապրեսիկ Ալոյանի  «տուն»  հասնելու համար նախ պետք է իմանաս, թե որտեղ է գտնվում Էջմիածնի սարքաշինական գործարանը, հետո  թույլտվություն հարցնես տնօրենից ու խորանաս կիսաաշխատող գործարանի պատերի միջով:

Աշխատակիցներից մեկը զարմացած է, թե ինչու եմ մի քանի կմ ոտքով կտրել էստեղ հասնելու համար: Ասում եմ, որ եկել եմ նկարիչ Ապրեսիկին տեսակցության:

-Ավելի լավ է չտեսնես, թե որտեղ է ապրում նա,- ասում է ռուսական դիմագծերով տիկինը:

Թույլտվություն եմ հարցնում  տնօրենից  ու խորանում: Գործարանի տարածքի վերջում մի ամբողջ տնտեսություն է. կատուներ, շներ, հավեր եւ աղավնիներ ու բակում ներկերի բազում կիսատ սրվակներ, անավարտ կտավներ: Բռբռացող նվագարկիչը հուշում է, թե այս տարածքի որ մասում է գտնվում  նկարիչը: Ես արդեն նրա արվեստանոցում եմ, իսկ արվեստանոցը  բաց երկնքի տակ է: Կատուներից մեկը ուշադրությամբ հետեւում է նկարչի վրձնահարվածներին, մյուսը մոտոցիկլետի անիվի շողի հետ է խաղում:

-Երկու մոտոցիկլետ ունեի, մեկի անիվը հիմա չի աշխատում, իսկ մյուսը քշում եմ:

Քաղաքից բավականին հեռու գտնվող գործարանի այս անկյունում նկարիչը գրեթե ոչ մի կտավ չի պահում: Այստեղ նրան կացարան է տվել գործարանի ղեկավարը, երբ նա վաճառել է տունը.

-Կտավներս  թափառում են աշխարհի այս ու այն կողմերում: Էջմիածնեցիներից շատերի տներում էլ կան: Օրինակ սա, որի վրա ամրացված է իմ լուսանկարը, էստեղ է` Էջմիածնում` քաղաքապետի աշխատասենյակում:

Քաղաքը, սակայն, վաղուց արդեն չի ոգեշնչում գեղանկարչին: Նա հանգիստ է միայն նրանով, որ նկարները մեծահարուստների պատերն են զարդարում, չեն կորչում, իսկ ինքը շարունակում է մնալ գործարանի մի մութ ու խոնավ անկյունում: Զրուցում ենք.  նրա զայրույթն անսահման է մարդկության չարության հանդեպ: Մռայլ կտավները, որոնց մեջ գերակշռում են մուգ կանաչն ու դեղինը, հստակ եզրագծվում են հայացքի յուրօրինակությամբ: Տարօրինակ մարդիկ, որոնք մուգ կանաչի մեջ ուրվագծվում են միայն աչքերով, նայում են աջ կամ ձախ: Եւ Ապրեսիկն էլ դիտում է աշխարհը կողքից ու ամենը հանձնում կտավներին: Պատվերները, որոնք բավականին շատ են, վաճառողներին են տրվում էժան գներով:

Ուշադիր զննում եմ նրա «տունը». ամենից շատ կենդանիների համար նախատեսված սնունդն է: Հերթական ծխախոտը վառելուց հետո, հոգնած ու շատ բան տեսած աչքերով զարմացած ինձ է դիմում.

- Հասկանում ես` հիմա աղբարկղի մոտ շունն է, կատուն ու մարդը. ամեն մեկն իրեն պետքական բան է գտնում հենց այդտեղ: Հայաստանում զարմանալու ոչ մի բան չի մնացել: Ու ինչ էլ կա, դեպի վատն է գնում: Նավի մեջ է մեր հասարակությունը, ղեկին նստածն է ուղղություն տալիս: Իսկ մենք  ներսում ենք եւ հաճախ չենք տեսնում` դեպի ուր ենք գնում: Եթե հասարակությունը ներքեւից առաջ շարժվի, ընդվզի, թագավորն էլ մի քիչ իջնի ներքեւ իր դիրքերից, էդ ժամանակ գուցե...Գուցե մի բան լինի: Բայց հիմա դուք` ջահելներդ, ուզում եք բարձրանալ, իսկ թագավորն էլ իր հերթին է բարձրանում...Էս քսան տարի է` չենք հասնում,- հերթական վրձնահարվածից հետո ծոր է տալիս նկարիչը:

- Նայիր, էստեղ մի քանի խնդիր էլ կա. արի էս անկյունից նայիր, որ ստվերները տեսնես: Էդ էլ գիշերը  կանեմ ու վերջ, հանգիստ կարող եմ գրել՝ Ապրեսիկ Ալոյան, ամիս-ամսաթիվ:

- Կիսատ ոչինչ չե՞ք թողնում:

- Երբ մուսաս գնում է, թողնում եմ: Ինձ չեմ ստիպում: Նկարիչներ կան, չէ՞, որ կանգնում են մարդկանց մեջ ու սկսում նայել՝ ով ինչքան է նայելու իր վրձնին: Պետք է նույնիսկ քեզ մոռանաս նկարելու համար:

Հպարտությամբ ուսումնասիրում եմ նրա հավանոցը, կատուներին, շներին: Նրանք շրջապատում են նկարչին ամեն վայրկյան:

- Հիմա գիտես` որն է կոչվում փողոցային...Էն, ինչ մարդն է դուրս գցել: Էդ մարդը արվեստից էլ ի՞նչ հասկանա: Ստամոքսի խնդիրներով է ամեն ինչ ավարտվում:

Հետաքրքիր է, որ նման նկարչին Էջմիածնում պահում է միայն իր փոքրիկ կենդանական աշխարհը: Մարդիկ նրան միայն զայրացնում են.

- Գուցե էս հասարակությու՞նն է  հնարավորություն տալիս իր բացասական արարքներով նոր խոսք ասելու նկարչության մեջ,- հարցնում եմ ես:

- Լավ նկարիչը խաղաղության ու բարության մեջ էլ է նկարում: Իսկ էստեղ լրիվ պատ է արվեստի համար: Որոշել եմ: Մի երկու հարյուր հատ գրաֆիկական նկար եմ անելու ուղղահայաց, լցնեմ չամադանս ու գնամ երկրից:

Ինձ մի սենյակ կտան, ես անհատական ցուցահանդես կանեմ ու էդպես կապրեմ,- ասում է վաթսունհինգամյա գեղանկարիչը ու նորից հանգստանում, երբ վերցնում է վրձինն ու թաթախում կանաչ գույնով:                               


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանություններ (5)
1. ԱՆուշ16:01 - 17 սեպտեմբերի, 2011
Հարգելի տիկին Երան,անցկացնելով մեկ օր այս նկարիչի հետ,եկա այն եզրակացության,որ ամենից շատ նման տաղանդավոր նկաիչը ավել շատ բողոքում է ոչ թե սոց, անարդարությունից,այլ անուշադրությունից արվեստի եւ արվեստագետի հանդեպ:
2. Steve07:30 - 18 սեպտեմբերի, 2011
Where are the artistic representations and interpretations of a "country going to hell in a hand basket"? Where is the protest art? Are all of Armenia's artists and intellectuals also now "below decks" (or living abroad).
3. Ajaryan08:46 - 18 սեպտեմբերի, 2011
շատ բողոքում է ոչ թե "սոց" ----սոսկ
4. Diana15:28 - 18 սեպտեմբերի, 2011
Ապրեսիկ Ալոյանի մասին մի հրաշալի վավերագրական ֆիլմ է նկարել ռեժիսոր, օպերատոր Արմեն Խաչատրյանը: Ֆիլմի վերնագիրն է "Երկաթե Դարպասներ": Որտեղ հստակ է երևում է, որ տաղանդավոր նկարչի խնդիրները բանվ սոցիալական բնույթ չեն կրում: Բնակվելով խիստ նեղ պայմաններում, նա չի բողոքում, չի ծանրացնում կյանքը, ընհակառակը նրա լավատեսությունը ոգևորիչ է, ապրեցնող: Ֆիլմի մասին տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ` http://dkardumyan.blogspot.com/2011/07/blog-post_09.html
5. Անուշ17:10 - 18 սեպտեմբերի, 2011
Երեկ Ապրեսիկի հետ խոսեցի.ողջունում է բոլոր ընթերցողներին
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ