HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ախալքալաքի ոստիկանապետը հերքում է

«Հետք»-ի հարցերին պատասխանել է Ախալքալաքի շրջանի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանը Պրն Պետրոսյան, այսօր Արգիշտի Կիվիրյանը ասուլիսում Ձեր նկատմամբ ուղիղ մեղադրանքներ է հնչեցրել, այսինքն` որ Դուք եք իր վրա կազմակերպված հարձակման պատվիրատուն: Ինքը գիտի, ինքն է որոշում: Թող իր կասկածներն ասի իրավապահ մարմիններին, թող իրավապահ մարմինները հետաքրքրվեն: Դուք հաստատո՞ւմ եք, որ ձերբակալվածներից մեկը` Վլադիկ Սերոբյանը, Ձեր բարեկամներից է: Նա Ձեր մո՞տ ազգական է: Այո, նա իմ բարեկամն է: Եվ ես այդքան հիմար տղա չեմ, որ բարեկամիս բերեմ փաստի առաջ կանգնեցնեմ, և ես ուղարկեմ, որ կռիվ անի, կամ մահափորձ, կամ նման մի բան: Այդքան էլ մոտ չէ, այնուամանայնիվ, ազգական ենք իրար: Կիվիրյանը պնդում է, որ ձերբակալվածները դեպքից երկու օր առաջ Ձեզ հետ հանդիպել են: Դա համապատասխանո՞ւմ է իրականությանը: Եթե ինձ բարեկամ է, կարող է ինձ հետ մշտական էլ հանդիպումներ ունենա: Իսկ Գուրգեն Կիլիկյանի հետ ազգակցական կապ ունե՞ք: Ես այդ տղին ընդհանրապես չեմ ճանաչում: Մահափորձից երկու օր առաջ Դուք հանդիպե՞լ եք Գուրգեն Կիլիկյանի հետ: Բայց էդ բանը չեմ կարող ասել Ձեզ: Ինձ հետ օրական 1000 հոգի մարդ է հանդիպում, 1000 հոգուց, եթե մեկնումեկը կարող է հետագայում մյուսի հետ հանդիպի, չի նշանակում, որ ես ինքս եմ դա կազմակերպել: Իսկ Դուք ինչ-որ շրջանակներում սպառնալիքներ հնչեցրե՞լ եք Ա. Կիվիրյանի հասցեին`կապված Ձեր դեմ գրված սուր հոդվածների հետ: Սպառնալիքներ` չէ: Ես իրեն «կլյավուզնիկ» եմ անվանել: Ինֆորմացիայից տեղյակ չէ, ընդհանրապես ինֆորմացիա չունի, և ինչ-որ գրում է` ստից բաներ է գրում: Ոչ մի սպառնալիք չի եղել: Սամվել Պետրոսյանը, այսինքն` ես, այն մարդը չեմ, որ այդքան ցածր կանգնեմ, ինչ է թե մեկը ստից բաներ է գրել, ես իջնեմ այդ մակարդակին, ու սկսեմ սպառնալիք տամ և այլն: Ես այդ բաներին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ինձ համար իր գրածները հետաքրքիր չեն: Եթե 4 հոգի պիտի իր գրածներով իմանան` ես ով եմ` վատ իմաստով, բայց 96 տոկոսը, ով ինձ ճանաչում է, գիտեն` ես ով եմ: Դուք Հայաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ ինչ-որ կապեր ունե՞ք: Քանի որ երկու կալանավորված անձանց ազատ են արձակել, դա էլ պայմանավորում են Ձեր ունեցած կապերով: Դա ինչո՞ւ եք հարցնում: Կան իրավապահ մարմիններ, որոնք զբաղվում են այդ գործերով: Ես չգիտեմ, թե ինչ կարգավիճակում է այսօր այդ գործը: Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ գալու է մի պահ, երբ անպայման կգտնենք մահափորձը կազմակերպողին: Ու այդ ժամանակ Արգիշտի Կիվիրյանը թող բացահայտ գրի, որ ինքը սխալ է եղել ու ներողություն խնդրի Սամվել Պետրոսյանից: Դուք Կիվիրյանի հետ անձնական որևէ խնդիր չե՞ք ունեցել: Բացարձակ, ես նրան բացարձակ չեմ ճանաչել: Իսկ ինչ կասեք նրա հայտարարության մասին, թե Դուք կապ ունեք Ջավախքում տեղի ունեցած ձերբակալությունների և հետապնդումների հետ: Վահագն Չախալյանի նկատմամբ 6 քրեական գործ կա հարուցված: Ինձնից առաջ 3 միլպետեր են եղել, 5 քրեական գործերը երկու միլպետերն են հարուցել, մեկը` ես: Ի՞նչ է արել Վահագն Չախալյանը, որ նախկին միլպետերը նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցել: Իսկ Ձեր օրոք հարուցվածը ո՞ր հոդվածով և ի՞նչ մեղադրանքով էր: Դա ի՞նչ կարևոր է: Վահագն Չախալյանը կանգնած է եղել Վրաստանի կառավարության առջև, նրանք կատարում էին այն, ինչը Վրաստանի կառավարությունն ասում էր, իրենք համագործակցում էին Վրաստանի կառավարության հետ, աշխատում էին իրար հետ: Իսկ ինչո՞ւ հետո հակառակվեցին, ու ձերբակալեցին Չախալյանին: Պատճառն այն է, որ հետո ինքն ավելի շատ ուզեց, քան նրան թույլ էին տալիս անել պայմանները: Վահագն Չախալյանը լուրջ կռիվներ է բացել, դիմադրություններ է ցույց տվել, մարդկանց է ծեծել: Իսկ այդ կռիվներին Ձեր որդին մասնակցություն չի՞ ունեցել: Իմ տղան այնտեղ` կռվի մեջ կանգնած է: 70 հոգով Վահագն Չախալյանները հարձակվել են մեկ հոգու վրա: Այդ ամենը քրեական գործի մեջ կա, նշված է: Իմ օրոք Վահագն Չախալյանի հետ կապված քրեական գործը հարուցվել է իր բողոքի հիման վրա, բայց հետո ի վնաս իրեն: Հ. Գ. Սամվել Պետրոսյանն ասաց, որ անպայման նշենք, թե ով է ինքը: Իր խոսքերով` 1989-93թթ. մասնակցել է ղարաբաղյան պատերազմին, «գնացել մարտական գործողություններ է արել Ոսկեպարում և թշնամու վրա է կրակել»: Իսկ մեր հարցին, թե որ ջոկատում է կռվել, առաջարկեց` «եկեք հիմա չխորանանք: Եթե պետք է` ես հրամաններով կտամ Ձեզ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter