HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կկարողանա՞նք քանդել այս պատը

Ամիսներ շարունակ ներկայացնում ենք գյուղացիական վարկեր վերցած մարդկանց պատմությունները` նշելով, որ բանկերի վարկային քաղաքականությունը ոչնչացնում է գյուղացուն: Նա կորցնում է հողը, տունը եւ, բնականաբար, պետության նկատմամբ իր հավատը: Վերջինը, իհարկե, ամենակարեւորն է. նա չի հավատում իր պետությանը եւ սկսում է երկիրը լքելու ելքեր փնտրել: Այսօր Հայաստանի դատարաններում լսվում են հարյուրավոր գործեր` գյուղացի-վարկառուներից բանկերի օգտին բռնագանձման պահանջներով: Սա պետվիճվարչության ներկայացրած անարժանահավատ փաստերից մեկը չէ, որ սովորականի պես անտեսենք, դատական այս գործերից յուրաքանչյուրի ետեւում մարդկային կործանվող ճակատագրեր են: Տարբեր մարզերում կատարած ուսումնասիրություններից պարզ դարձավ, որ գյուղացի-վարկառուները հայտնվել են մի սարդոստայնում, որտեղից դուրս գալն անհնար է, նրանք միայն մի տարբերակ ունեն` ունեզրկվել ու ինչ-որ կերպ հեռանալ երկրից: Բանկերը, վարկային կազմակերպությունները գործում են վաշխառուական դաժան օրենքներով: Նրանք ոչինչ չեն խնայում, պարզապես հոշոտում են իրենց սարդոստայնում հայտնված գյուղացիներին: Նախագահը, Ազգային ժողովը, Կառավարությունը, կուսակցությունները ավելի լուրջ գործերով են զբաղված` հայ-թուրքական հարաբերություններ, Օբամա, Մեդվեդեւ, Սարկոզի, Էրդողան... սրանց կողքին ո՞վ է հայ գյուղացին: Բոլոր ոլորտներում տարածաշրջանային կենտրոններ ենք կառուցում` ֆինանսական, առողջապահական, կրթական..., «Արի տուն» ու էլի զանազան համազգային, անդրազգային, տիեզերական ծրագրեր ենք մոգոնում: Ոչ ոք չի ուզում իջնել այդ «բարձունքներից» ու քայլել Հայաստանի գյուղերով: Ամիսներ շարունակ փորձում ենք ճեղքել զանազան պատնեշներ. Կենտրոնական բանկն ասում է` դա օրենքով կարգավորված է, մենք անելիք չունենք այդտեղ: Բայց օրենք գրողներն էլ, կիրառողներն էլ եք դուք, օրենսդրության մեջ եթե Ձեզ պետք է լինում, մի քանի ժամվա ընթացքում փոփոխություններ եք կատարում: Հանդիպել ենք ԱԺ-ի տասնյակ պատգամավորների հետ, ներկայացրել իրավիճակը, դեմքերի «լուրջ» արտահայտությամբ ասում են` հա, շատ կարեւոր խնդիր է, պետք է անհապաղ բարձրացնենք այդ հարցը ու բարձրացնում են: Կառավարության զանազան պաշտոնյաներ ասում են` բա էդ ինչպե՞ս է եղել, որ այդ վարկային կազմակերպությունները, բանկերը դուրս են մնացել հսկողությունից, չի կարող պատահել, Կենտրոնական բանկն է դրա պատասխանատուն: Ներկայացնում ենք փաստեր, բայց մեկ է` այդ պատը քանդել հնարավոր չէ: Բայց պետք է, չէ՞, այս երկրում գտնվի մեկը, ով կբացատրի, թե ինչպես է պատահում, որ 24 տոկոսով տրվող վարկը գյուղացու վրա, ի վերջո, «նստում է» 30 տոկոս: Բացատրի, թե ինչու պետք է բանկերը գերշահույթներ ստանան` խաբելով գյուղացիներին: Այս վարկային պատմությունները լավագույն կերպով ցույց են տալիս, թե ինչպես է Կառավարությունը տարիներ շարունակ «օժանդակել» գյուղացուն, «զարգացրել» երկրի գյուղատնտեսությունը` դրանով իսկ նպաստել արտագաղթին: Իսկ գուցե հենց այդպես էլ պլանավորվա՞ծ է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter