HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սառնաղբյուրի 7-օրյա գոյամարտը

175 տարի առաջ Ալաշկերտից, Մուշից, Վանից եւ Կարսից գաղթելով Արեւելյան Հայաստան եւ Արագած լեռան արեւմտյան լանջին ամրանալով` մեր նախնիները ծնունդ տվին մի բնակավայրի, որ կոչեցին Ուռենուտ: Հետագայում օտար նվաճողները գյուղի անունը փոխեցին` կոչելով Սոգյութլի: Այժմ Շիրակի դաշտավայրի այս բնակավայրն առավել հայտնի է իր վերափոխված` Սառնաղբյուր անվամբ:

«...1918 թ. մայիսի 15-ի երեկոյան թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը: Տաճկահայաստանից շատ փախստականների, ինչպես նաեւ Ալեքսանդրապոլի շրջանին հարող գյուղերի ազգաբնակչության համար կոտորածից փրկվելու միակ ելքը Արագածի լանջով դեպի Էջմիածին ու Երեւան անցնելն էր: Արագածի հարավ-արեւմտյան լանջով հիմնական ճանապարհն անցնում էր Սոգյութլիով: Ահա այստեղ էլ 1918 թ. մայիսի 16-ից 22-ը տեղի է ունեցել հաղթական ճակատամարտ թուրքերի դեմ, որի շնորհիվ բազմահազար հայեր փրկվել են վերահաս կոտորածից»:

Սա հատված է ծնունդով սառնաղբյուրցի Ռուդիկ Գեւորգյանի` ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայկական բանակ» հանդեսում տպագրված «1918 թ. մայիսյան հերոսամարտի մի նոր էջ» հոդվածից: 7 տարի առաջ գյուղում մեծ գիտաժողով էր կազմակերպվել` Սոգյութլիի ճակատամարտին նվիրված: Սառնաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրեն Հմայակ Հակոբյանը սիրով տրամադրում է ձեռքի տակ եղած բոլոր նյութերը, որոնք հրապարակվել էին գիտաժողովի ընթացքում, իսկ հետագայում լույս տեսել փոքրիկ գրքույկի տեսքով:

«Հորական պապս մասնակցել է էդ կռիվներին: Ժամանակին ինքը շատ էր պատմում: Գյուղում պաշտպանության մասնակիցների սերունդներից կան ու էդ մասին խոսվել է մշտապես, բայց ոչ մի անգամ հնչեղություն չի տրվել, հարկ եղած ուշադրությունը չի դարձվել: Էլի պիտի շնորհակալ լինենք մեր համագյուղացի Ռուդիկ Գեւորգյանին, որ ուսումնասիրություններ կատարեց, հետո էլ գիտաժողովը կազմակերպեց Սառնաղբյուրում, ու վերջապես բարձրաձայնվեց «Սոգյութլվա գոյամարտի» մասին»,- ասում է Հմայակ Հակոբյանը:

Հմայակ Հակոբյան Կամո Նահապետյան

Համայնքապետ Կամո Նահապետյանը խորհուրդ է տալիս այցելել «Վանեցոնց տուն»: «Մեր գյուղը, եթե գիտեք, 1826-28 թթ. Արեւմտյան Հայաստանից գաղթածներով է բնակեցվել, հիմնականում Մուշից եւ Ալաշկերտից: Բայց մի ընտանիք կա գյուղում, որ Վանա արմատներ ունի: Մինչեւ հիմի էլ էդ ազգին գյուղում հենց էդպես էլ դիմում են` «Վանեցոց տղեն կամ վանեցոնց աղջիկը»: Այ էդ գերդաստանի հիմնադիր Նուբարը մասնակցել է կռիվներին ու իրա տղու տանը համ տատի նկարը կա, կտեսնեք, համ էլ հետաքրքիր բաներ կպատմեն»:


Վանեցի Գրիգորյան Նաբաթի (առավել հայտնի Նուբար անունով) մասին հրաշքներ են պատմում: Նուբարը ծնվել էր 1883 թ. Վանի Արճեշ քաղաքում: Վանի կոտորածների ժամանակ թուրքերը սպանել են Նուբարի հորն ու եղբայրներին, իսկ իրեն հաջողվել է հորեղբոր փոքր տղային հետը վերցնելով` կռվելով հասնել Ղարս: Ղարսում ամուսնացել է սառնաղբյուրցի Եկմալյան Շաբոյի հետ, ով զինվորական ծառայության մեջ էր գտնվում եւ միասին վերադարձել Սառնաղբյուր: Այս կնոջ հերոսությունների, սառնասրտության, կամքի ուժի մասին պատմում են պատմություններ, որոնք արդեն վերածվել են լեգենդի: Պատմում են, որ դեռ Վանում թուրքերը տղամարդկանց հավաքում, լցնում են մարագն ու այրում: Նուբարը, երբ մութն ընկնում է, գնում եւ այրված դիակների տակից հանում է ամուսնուն (առաջին ամուսնուն), որը 12 տեղից վիրավորված է լինում: Հագցնում է կանացի շորեր եւ տանում տուն: Թուրքերը տեղեկանալով` գալիս տանից հանում են ամուսնուն ու շեմքի վրա գլուխը կտրում: Այդքան դաժանություններ տեսած կինը մտքում մի ուխտ է անում` որտեղ թուրք հանդիպի, իր վրեժը պիտի լուծի: Վանեցոց տունը գյուղի ծայրին է, բարձրադիր մի հատվածում, որտեղից երեւում է բնակավայրի մեծ մասը: Նուբարի տղան` 82-ամյա Եկմալյան Վահանը, տանը չէր: «Գնացել է հողամաս, տեսնի` թե չորացել է, վար ու ցանքս սկսենք,- բացատրում է երիտասարդ հարսը,- բայց սկեսուր մայրիկը տանն է, ինքն էլ կարող է պատմել ձեր ուզածը»: Աստղիկ Եկմալյանը հաստատում է քաջ սկեսրոջ մասին տարածված պատմությունները:

«Թուրքի ջարդերի վախտը սկեսուրս 20 տարեկան է եղել, զենքը վրեն տղամարդկանց հետ հավասար կռվել է, երբ որ իրա հարազատներին կկոտորեն, վրեժը կմտնի սիրտը եւ կերդվի` ուրտեղ թուրք հանդիպի, իր վրեժը լուծի,- Մշո բարբառով պատմում է Աստղիկ Եկմալյանը,- 80 տարեկան էր, որ մեռավ: Հիվնդցեր էր, գողինք էր ընկել, լավ չէր զգա, բայց անընդհատ կկրկներ, թե` լավի դառնամ, էրթամ էրգիր, մե 10 հատ թուրքի սպանեմ, նոր Աստված հոգիս առնե: Սկեսուրս երկար ժամանակ զենքը տեղաշորի տակ կպահեր: Մոտը միշտ խանչալ ուներ: Տեգրոջը փրկելու համար երկու թուրքի է սպանել էս ձորերի մեջ: Հարս եղած վախտը հալած յուղը տաք-տաք լցրել իրանց օդեն քնած փաշի բերան, սպանել է: Ու շատ կնկտանց հետ Նուբարն էլ Սոգյութլիի կռիվներին մասնակցել է: Էնքան հարգանք ու պատիվ է ունեցել, որ սաղ Եկմալյանների գերդաստանին ըսել են «վանեցոնք», չնայած մենակ Նուբարն էր Վանից, էնքան հայտնի է էղել, որ գյուղի մեջ ըսել են «Նուբարենց թախումը, ոչ թե Շաբոյենց»: Սառնաղբյուրի մոտ տեղի ունեցած մարտերին մասնակցած կանանց մասին մեծ ակնածանքով են խոսում Սառնաղբյուրում` Ղուրշուդյան Ջեյրան, Թարգյուլի Սարգսյան, Ենոյի Վարսիկ, Հովեյի Նոյեմի, Մալխասի Շուշիկ, Խերքոն, Զառոն, Կտեյ Մարան եւ սառնաղբյուրցի այլ կանայք ու երիտասարդ աղջիկներ 1918 թ. մայիսյան այդ օրերին չհեռացան գյուղից, ուս-ուսի ամուսինների, եղբայրների, հայրերի հետ կռվեցին թուրքերի դեմ: Շարունակում եմ ընթերցել Ռուդիկ Գեւորգյանի հեղինակած «Ակունք» գրքից հերոսամարտին վերաբերող հատվածները. «...Կանխազգալով վտանգը, դեռ մայիսի 14-ի երեկոյան գյուղի Հովեյ օդայում հավաքվում են տարիքավոր, կյանքի մեծ փորձ ու հեղինակություն ունեցող մարդիկ, նաեւ ռազմական գործից հասկացող, Համաշխարհային 1-ին պատերազմին մասնակցած Աթաշի Եղիշը (հայրս), չոյի Սերոբը, Նհոյի Սարգիսը (ցարական բանակի սպա, Գեորգիեւյան խաչի կրկնակի ասպետ), Հարութի Մարալովը, Կարոյի Տոնոն, Նհոյի Նահապետը, Շարաֆի Բարսեղը, Քոչոյի Թորոսը, Քոչոյի Հարութը, Նիկոյ Հովսեփը, Տեր Գեւորգը (գյուղի քահանան),Դիլանի Հարութը եւ Էրզրումի, Երզնկայի, «Ալագյազ» գնդերից ու ջոկատներից մնացած սպաներ:

... ճակատագրական պահին սխալվելը նշանակում էր մահ: Անհրաժեշտ էր ամեն ինչ հաշվի առնել, ուշի-ուշով լսել բոլորին, ապա նոր որոշում կայացնել: Ահա թե ինչու մինչեւ լուսաբաց բազմակողմանի ու մանրամասն քննարկվում էր ջարդից խուսափելու հարցը: Իհարկե եւ գյուղի երիտասարդությունը, հատկապես պատերազմից վերադարձած մարդիկ, եւ գաղթականներից շատերը զինված էին, չնայած որ դա անբավարար էր թուրքերին դիմադրելու համար: Փախչել եւ պատսպարվել լեռներում, նշանակում էր թշնամուն հանձնել ոչ միայն այս հողի բնակիչներին, այլեւ անթիվ-անհամար այն փախստականներին, որոնք այստեղ ապաստան էին գտել: Կռվով նահանջել դեպի Երեւան, Էջմիածին, դա եւս կվտանգեր բոլորին, առաջին հերթին ծերերին, կանանց եւ երեխաներին: Կարճ ժամանակում լրացուցիչ զենք հայթայթելն էլ գրեթե անհնար էր: Պետք էր ժամանակ շահել, թեկուզ մեկ-երկու օր: Թուրք ասկյարին պետք էր վախեցնել, մինչեւ սթափվելը` դրանով իսկ հնարավորություն կընձեռվեր հասնել նպատակին: Գործողությունները հնարավորին սահմաններում պետք էր կատարել գաղտնի եւ շատ արագ»:

Հանպատրաստից ստեղծված ռազմական կոմիտեն որոշում է գյուղի դիմացի` Գունի կոչվող սարից մինչեւ Տաշխալայի (Քարաբերդ) սահմանը, շուրջ 14 կմ երկարությամբ ստեղծել պաշտպանական դիրքեր, քանի որ ինքնապաշտպանության համար տեղանքը շատ հարմար էր: Առանց մեծ կորուստների թուրքերն այստեղով անցնելու հնարավորություն չէին ունենա: Որոշվում է առաջին մեկ-երկու օրը երիտասարդությանը գյուղից հանել սարերը, ծրագրվում է նաեւ գյուղ մտնող թուրքերի դիմավորումը, այնուհետեւ նրանց ոչնչացնելու տարբերակները, հաստատում դիմադրության պլանն ու հատվածավորումը: Ինքնապաշտպանությունը պետք է տեւեր այնքան ժամանակ, մինչեւ որ կապավորները լուր բերեին տարհանվածների` Երեւան եւ Էջմիածին հասնելու մասին: Մի հատուկ խումբ է առանձնացվում զենք ու զինամթերք ձեռք բերելու համար:

Թուրքերին հանկարծակիի բերելու համար, նրանց ապակողմնորոշելու նպատակով որոշվում է բնակիչներից քաջ եւ անվախ կանանց եւս թողնել գյուղում` տպավորություն ստեղծելով, թե զբաղվում են տնտեսությամբ: Այդպիսի պատրանք ստեղծելու նպատակով գյուղում է թողնվում նաեւ առանց այդ էլ սակավաթիվ անասունների մի մասը: 1918 թ. մայիսի 16-ին թուրքական մի ջոկատ` 13 ասկյարներից բաղկացած, Ալի փաշայի գլխավորությամբ հին գերեզմանոցի կողմից հայտնվում է Սոգյութլիի տարածքում: Նախօրոք ունեցած պայմանավորվածության համաձայն` գյուղացիներից Հենցու Տիգրանը, Բղդոյի Հարութը, Ասլանի Քերոբը աղ ու հացով դիմավորում են թուրքերին: Փաշային տեղավորում են Հովեյ «Օթախում», իսկ ասկյարներին` Հովեյ Օդայում: Թուրքերին դիմավորելուց հետո դիմադրության կազմակերպիչներն անցնում են բուն ծրագրի իրականացմանը: Հաջորդ գիշեր սարերից գյուղ են իջնում Հարութի Մարալովը, Նհոյի Սարգիսը, Մնեյի Սմբատը: Հարութի Մարալովը սպանում է փաշային, մնացածները հարձակվում են ասկյարների վրա, կոտորում, երկու թուրքի կացնով սպանում է վանեցի Նուբարը: Ասկյարներից մեկը բնական պահանջներով լինում է դրսում, վերջինիս հաջողվում է փախչել եւ լուրը հասցնել Ալեքսանդրապոլ: Ալեքսանդրապոլում գտնվող թուրքական հրամանատարությունը 40 հեծյալից կազմված խումբ է ուղարկում, որ սրի քաշեն անհնազանդներին եւ այրեն գյուղը: Սոգյութլիի զինված մարտիկները դիմադրում են թուրքերին, ոչնչացնում բոլորին, իսկ խմբի ղեկավարի կտրած գլուխը կապում ձիու թամբին եւ ուղարկում Մարալիկ (Մոլագյոքչա): Կայծակնային արագությամբ Սոգյութլիի դեպքի մասին լուրը տարածվում է Ալեքսանդրապոլին հարակից գյուղերում, որոնց բնակիչները մտածելով, որ թուրքերը վրեժխնդրությունից ելնելով կհարձակվեն իրենց վրա ու սրի կքաշեն, տուն-տեղ թողած` շտապում են Սոգյութլի: Մի գիշերվա մեջ գյուղի տարածքը լցվում է նոր փախստականներով: Թուրքական բանակի հրամանատարությունը, իմանալով 40-ից ավելի ասկյարների կորստի մասին, կանոնավոր զորաբանակով շարժվում է դեպի Սոգյութլի` ընտրելով ոչ թե Մարալիկի, այլ Սիրվանջուղի (այժմ` Լեռնակերտ) ուղղությունը:

«Ինքնապաշտպանների զբաղեցրած հարմար դիրքը, թուրքերի նկատմամբ լեռնացած ատելությունը, վրեժխնդրության մոլուցքն այն հզոր ուժն էր, որ նրանց գամել էր ժայռերին եւ րոպե առաջ թշնամուն հանդիպելու եւ ոչնչացնելու ցանկություն առաջացրել: Թուրքական բանակն այդ ամայի սարերում հանկարծ հանդիպում է դիմային հզոր կրակահերթերի: Թուրքերը, չսպասելով այդպիսի դիմադրության, խուճապահար փախչում են` թողնելով մեծ քանակությամբ սպանված եւ ռազմավար, այդ թվում նաեւ մեկ թնդանոթ: Դիմադրության մասնակիցներն արագ հավաքում են զենքերն ու զինամթերքը, իսկ թնդանոթը գլորում ձորը: Հաջորդ օրը թուրքական բանակում կեղծ լուր են տարածում, որ իբրեւ թե անգլիական զորքերն օգնության են հասել սոգյութլեցիներին: Առաջին հաջողությունից ոգեւորված ինքնապաշտպանության պատասխանատուները` Նհոյ Սարգիսը, Աթաշի Եղիշը, Մնեյ Սմբատը, Շարաֆի Բարսեղը, Քոչոյ Թորոսը ամբողջ ճակատի գիծը բաժանում են 3 հատվածի, այսինքն` սկսում են իրականացնել մայիսի 14-ին կայացրած որոշումը»:

Հատված Ռուդիկ Գեւորգյանի «Ակունք» գրքից: Դիմադրության 7-րդ օրը թուրքերն այս ճակատ են տեղափոխում հրանոթներ: Հայերի վիճակը գնալով ծանրանում է: Պաշտպանվողներն ունեին միայն մեկ գնդացիր եւ զինված էին «Մոսին» հրացաններով, մի քանի ատրճանակներով, դաշույններով, բահերով, եղաններով եւ կացիններով: Սոգյութլեցիներին փրկում է միայն Կոշ հասած լուրը, որտեղ տեղակայված էր գեներալ Խաչատուրովի հրամանատարությամբ մի հայկական զորամաս: Այդ զորամասում ծառայած Արեստակ Խաչատրյանը հետագայում պատմել է, թե ինչպես իմանալով հայրենի գյուղի վրա կախված վտանգի մասին` դիմում են հրամանատարին, եւ զորամասի ղեկավարությունը 250 հեծյալից բաղկացած մի ջոկատ է առանձնացնում, որի կազմում 60 սոգյութլեցիներ էին, մյուսները` շրջակա գյուղերից: Վերցնելով մեծ քանակությամբ զինամթերք` ջոկատը գիշերով շարժվում է դեպի Սոգյութլի: Նրանց միանալը գյուղի կամավորականներին հնարավորություն է տալիս ոչ միայն կազմակերպված գործողություններ ծավալելու, այլեւ բարոյական մեծ լիցք հաղորդում դիմադրության մասնակիցներին: Դիմադրության 7-րդ օրվա ավարտին, գիշերը Էջմիածնից եկած կապավորը տեղեկացնում է, որ գաղթողների մեծ խումբը բարեհաջող տեղ է հասել: Այդ լուրն առնելուց հետո նոր պաշտպանները թողնում են դիրքերը եւ նահանջում Էջմիածին: Մեկ բացառիկ հանգամանք, որ գրանցվել է այս գոյամարտի պատմության մեջ. Սոգյութլիի ճակատամարտի ընթացքում հայերն ընդամենը մեկ զոհ են տվել` սպանվել է մեկ կին:

Դա կարող է միայն վկայել, թե որքան լավ է կազմակերպվել դիմադրությունը: Սոգյութլեցի «թոփչի» Արշակը, Գեւորգ Սաղաթելյանը եւ շատ ուրիշներ հասցրել են մասնակցել նաեւ Սարդարապատի ճակատամարտին: Արշակը «թոփչի» մականունը վաստակել է հենց այդտեղ` թնդանոթով թուրքերին դիպուկ հարվածներ հասցնելու համար: Ինքնապաշտպանական ջոկատների հեռանալուց հետո, միայն երրորդ օրն են թուրքերը համարձակվում մտնել գյուղ` չհավատալով, թե դիմադրողները հեռացել են տարածքից: Գյուղում մնում են Ավոյ Նիկոլը (12 տարեկան), Պողոսենց Վարազը (10 տարեկան), Սարգսյան Բաբկենը (10 տարեկան), Պողոսի Նախշունը, Հարեյ Ալեքը, Դիլանի Հարութը, ովքեր էլ ականատես են լինում թուրքերի վայրագություններին: Ըստ նրանց պատմածի` թուրքերը 3 օր նստել են «Կաթնով» աղբյուրի մոտ ու չեն փորձել գյուղ մտնել, հետո անցել են Գառնահովիտն ու նոր միայն իջել գյուղ: Սկզբում թուրքերը ցանկացել են հետապնդել հեռացողներին` կոտորելու նպատակով, սակայն զգալով, որ կրկին անհաջողության են մատնվելու, դրա փոխարեն հավաքում են Ադիամանի (Գառնահովիտ), Փիրթիքյանի, Մաստարայի, Մուսլուղլուի, Սոգյութլիի եւ Ձիթհանքովի ծերերին, կանանց ու երեխաներին, լցնում Ձիթհանքովի մարագներն ու պատուհաններից կրակում անզեն մարդկանց վրա, այնուհետեւ այրում: Այդ դժխոքից փրկված սոգյութլեցի Նհոյ Գասպարը եւ ադիամանցի Գլոն հետագայում կատարվածը պատմում են համագյուղացիներին:

Սառնաղբյուրցի Ռուդիկ Գեւորգյանին հաջողվել է 85 տարի անց արխիվային փաստաթղթերով հաստատել հոր եւ համագյուղացիների պատմածներն ու թողած գրառումներն այն մասին, որ մայիսի 16-ից 22-ը տեղի է ունեցել հաղթական ճակատամարտ թուրքերի դեմ: Եվ այսուհետ հիշատակելով Սարդարապատը, Բաշ-Ապարանը, Ղարաքիլիսան` պետք է նշել նաեւ Սոգյութլիի գոյապայքարը, որը ոչ միայն փրկեց տասնյակ հազարավոր հայերի սրի քաշվելուց, այլեւ կռվի մեջ քաշելով թուրքական ուժերի մի մասին` իր նպաստը բերեց Սարդարապատի ճակատամարտի հաղթանակին:

Մեկնաբանություններ (1)

Մխիթար
Հետքը միակ լչատվականն է, որի հոդվածները աչքի են ընկնում օբյեկտիվութամբ և կարդում եմ հաճույքով։ Բայց ի՞նչ եք կարծում, անհրաժե՞շտ է այդքան ջանասիրաբար ու հաճույքով նշել ու անընդհատ կրկնել Հայաստանյան բնակավայրերի թյուրքական հյութեղ անունները՝ սոգյութլու, մոլագյոքչա և այլն։ Այն ժամանակները զավթողների կողմից է պարտադրված եղել այդ անվանումները, հիմա է՞լ են նրանք պարտադրում․․ Հաշվի առնելով, որ մեր ժողովուրդը առանց այն էլ հակված է հաճույքով կրկնել բնակավայրերի, սարերի թյուրքալեզու անվանումները, արժե՞ որ Հետքի նման լրատվականը ամրապնդի այդ սովորույթը․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter