HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ազատ մամուլի, լրագրողական համերաշխության և մամուլի ապագայի մասին

«Freedom House»-ի զեկույցում հայաստայան լրատվամիջոցների վիճակը երկու հորիզոնականով բարելավվելու փաստը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքնյանի կարծիքով, ուրախալի է այն առումով, որ վիճակը չի վատացել: Մինչդեռ մտահոգիչ է այն հանգամանքը, որ հայաստանյան լրատվամիջոցները դեռևս մնում են անազատների շարքում: «Եթե Հայաստանի իշխանություններն իսկապես ուզում են, որպեսզի մեր մոտ ազատ մամուլ, այնուամենայնիվ, կայանա, պետք են և' օրենսդրական փոփոխություններ, և', ամենակարևորը, պետք է թույլ տալ ազատ գործելու հեռարձակվող լրատվամիջոնցներին, առաջին հերթին խոսքս հեռուստատեսություններ մասին է, որոնք ըստ մեր գնահատականների, նույնպես գտնվում են իշխանությունների վերահսկման ներքո»,- ասաց Աշոտ Մելիքյանը` Մամուլի ազատության համաաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ: «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը կարծում է, որ օրենսդրական փոփոխությունները նախընտրական փուլի համար են` «լրատվամիջոցներին իրենց տեղը դնելու համար է»: «Ես կարծում եմ, որ մինչև ընտրությունները մի քանի աղմկահարույց դատական գործեր է լինելու: Վստահ եմ, որ այս օրենսդրական նախաձեռնությունը կանցնի և կընդունվի օրենքում»,- ասաց նա: Իսկ աղմկահարույց դատական գործերը, ըստ Է. Բաղդասարյանի, սարքելը դժվար չէ, քանզի կան թերթեր, որոնց հրապարակումների հիման վրա կարելի է դա անել, որը դաս է լինելու դաշտում անվերահսկելի լրատվամիջոցներին նույնպես կառավարելի դարձնելու համար: «Կա՞ մամուլում համերաշխություն և արդյոք դա պահպանվում է»` երկու բանախոսների կարծիքները բաժանվեցին: Աշոտ Մելիքյանը կարծում է, որ լրագրողական համերաշխությունը գնալով թուլանում է. «Գնալով տպագիր մամուլը մեզ մոտ ճամբարների է բաժանվել և սպասարկում է հենց այն քաղաքական ուժերի շահերը, որի հովանու ներքո աշխատում են»: «Ես հակառակը կասեմ, որ իրականում կա չցուցադրվող համերաշխություն, հիմա ավելի ամուր է այդ համերաշխությունը, քան առաջ: Առաջ ավելի ցուցադրական համերաշխություն էր տիրում: Ինչ-որ ակցիաների տակ համատեղ հայտարարություններ էին անում և այլն»,- նշեց Էդիկ Բաղդասարյանը` ընդգծելով, որ «Հետքը» լավ հարաբերություններ ունի եւ համագործակցում է բոլոր լրատվամիջոցների հետ: «Ես տեսնում եմ, թե ընդդիմադիր ուժերին սատարող մամուլը և իշխանամետ մամուլի ներկայացուցիչներն ինչ հարաբերություններ ունեն: Եթե ընդդիմադիր մամուլի լրագրողը ֆիզիկական բռնության է ենթարկվում, մյուս դաշտի լրատվամիջոցները գրեթե չեն արձագանքում»,- նշեց Ա. Մելիքյանը: Անդրադառնալով լրագրողների նկատմամբ կատարված բռնություններին և գրանցված ցուցնիշներին, համաձայն որի` այս տարի առաջին կիսամյակում արդեն 5 լրագրողի նկատմամբ բռնություն է գործադրվել նախորդ տարվա 3-ի փոխարեն` պայմանավորված 10-րդ ընտրատարածքում պատգամավորական ընտրություններով, Աշոտ Մելիքյանը նկատեց, որ հաջորդ ընտրություններում առավել վատ ցուցանիշներ կարելի է սպասել: Իսկ «Հետք» թերթի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանում, այնուամենայնիվ, լրագրողներն ավելի պաշտպանված են, քան սովորական քաղաքացիները: Դրա վառ ապացույցը Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան դեպքն է. «Մենք չգիտենք, թե մարզերում ինչ է կատարվում, դա եզակի դեպք չէ, սա ուղղակի դեպք էր, որը մահվան ելքով ավարտվեց, դրա համար ամբողջ հասարակությունն իմացավ, բայց Չարենցավանի քրեականի բաժնի պետի մասին երբ հարցնում ես, պատմում են, որ նա ամեն օր նման բռնություններ է կատարել մարդկանց նկատմամբ քննության ժամանակ»: Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սուխուդյանը մամուլի կողմից մեծ աջակցություն է ստացել իր նկատմամբ հարուցված քրեական գործի լուսաբանման հարցում: Ասուլիսին նա ևս ներկա էր: Մարիամը նկատել է, որ այդ գործը հեռուստաընկերությունները սկզբից չեն լուսաբանել: «Թերթերը սկսեցին շատ ուժեղ աջակցել, հետո «Ալ Ջազիրան» հաղորդում պատրաստեց, հետո մեր հեռուստաընկերությունները նոր սկսեցին անդրադառնալ»,- ասաց Մարիամը և շեշտեց, որ սովորական քաղաքացի լինելով, առանց մամուլի աջակցության, այս հարցը տրամաբանական ավարտի դժվար հասնի: «Ինչպիսի՞ն է լինելու մամուլի ապագան, և ի՞նչ քայլեր ենք նախաձեռնելու» հարցին ի պատասխան «Հետքի» խմբագիրն ասաց, թե պետք են համակարգային փոփոխություններ: «Եթե երկրում չկա տնտեսություն, մնացած օղակները չեն լինելու: Եթե երկրում չկան նորմալ ընտրություններ, ընդհանրապես որևէ բան չի լինի»,- ասաց Էդիկ Բաղդասարյանը: Նրա կարծիքով, որևէ բան չի փոխվի, քանի դեռ չկա քաղաքական որոշում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter