HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Արմինե Օհանյան. «Այս երկրում, եթե ինչ-որ բան կայացել է, միայն մամուլն է»

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը և «Հայակական ժամանակ» օրաթերթի տնօրեն Աննա Հակոբյանն (անազատության մեջ գտնվող «ՀԺ» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի կինն է) այսօր Մամուլի ազգային ակումբում խոսում էին մամուլի, մասնավորապես թերթերի դերից ու խնդիրներից: Ա. Օհանյանի խոսքերով` իրեն շատ է զայրացրել մամուլի ազատության միջազգային օրվա կապակցությամբ երեկ իրենց թերթին որոշ հասարակական-քաղաքական գործիչների տված հարցազրույցների բովանդակությունը. վերջիններս քննադատել են մամուլը` արձանագրելով առկա թերությունները: «Ախր դուք ի՞նչ եք արել: Այն ինստիտուտները, որտեղ աշխատում եք, որպեսզի կայացնեիք, կայացրե՞լ եք, մամուլը չի՞ կայացել: Այս երկրում, եթե ինչ-որ բան կայացել է, միայն մամուլն է: Մենք հիմա, ըստ էության, ստանձնել ենք բոլոր մյուս ինստիտուտների դերը»,- ասում է «Հրապարակի» գլխավոր խմբագիրը և որպես օրինակ` նշում, որ այսօր դատարաններից, քաղծառայության խորհրդից դժգոհ մարդիկ դիմում են լրատվամիջոցներին: Վերջիններս էլ, բոլոր գործերը թողած մի կողմ, սկսում են տևական ժամանակ զբաղվել այդ խնդիրներով` ինչ-որ առումով ստանձնելով հիշյալ ինստիտուտների դերը: «Այդ ո՞ր ինստիտուտն է գործում մեր երկրում, կուսակցություննե՞րն են կայացել, պետակա՞ն ապարատը, թե՞ նախագահի ինստիտուտը: Ըստ էության, եթե կարելի է 20 տարում մի բան արձանագրել, դա մամուլի կայացումն է: Մենք մաքառելով, մի խումբ էնտուզիաստներով փորձել ենք անել անհնարինը: Ծեծվել ենք, բանտ ենք ընկել, ֆինանսական դժվարություններ ենք ունեցել, անվերջանալի դատական պրոցեսներ ունենք, հայցեր ունենք, կռիվների մեջ ենք, հազար ու մի պրոբլեմների ու դժվարությունների միջով ենք անցել, բայց, ի վերջո, մենք էլի ինչ-որ ձևով փորձել ենք մեր պարտքը կատարել հասարակության առաջ»,- ասում է Արմինե Օհանյանը: Ըստ նրա` մամուլն ունի միլիոնավոր խնդիրներ` սկսած կոռուպցիայից ու պատվիրված հոդվածներ գրելուց: Սակայն դրանք լրատվամիջոցների ներկայացուցիչները պետք է քննարկեն միմյանց մեջ. «Իրավունք չունի քաղաքական գործիչը դատավորի դեր ստանձնել ու փորձել մեզ սովորեցնել, թե ոնց անենք, որ ազատ մամուլ լինենք: Ինքը կարող է անազատ քաղաքական գործիչ լինել, իսկ մենք պետք է անպայման ազատ լրագրող լինենք: Մենք պետք է անկաշառ լինենք, ինքը պետք է կաշառվի: Պետք է գնա մի օլօգարխից փող վերցնի, իսկ մամուլը, լրատվամիջոցը պետք է այդ բանը չանի: Երկրում մթնոլորտն է այդպիսին»: Ա. Օհանյանը նշում է, թե, ի վերջո, չի կարող լինել մեկուսացված, առանձին մի խմբի ազատություն, ուստի անազատ երկրում բացառված է ազատ մամուլի գոյությունը: Սակայն նրա հետ համակարծիք չէ «ՀԺ» տնօրեն Աննա Հակոբյանը: «Համաձայն եմ, որ մեր հասարակությունը, մեր երկիրն ազատ չեն, բայց ես դեմ կգնամ ինքս ինձ, եթե ասեմ, որ չկա ազատ մամուլ: Ես դեմ կգնամ իմ գործընկերներին, մեր թերթում աշխատող լրագրողներին, մեր խմբագրակազմին: Ուղղակի հասկանում եմ` կարող է ոմանց մոտ տարակուսանք առաջացնել, հազար ու մի հարցեր առաջանան` քաղաքական ուժեր և այլն: Բայց խորանալու դեպքում, մանրամասն հարցի էությունը հասկանալու դեպքում ցանկացած մարդու համար պարզ կդառնա, որ սա այն դեպքն է, որ մամուլն իսկապես ազատ է»,- ասում է նա: Ա. Հակոբյանի ներկայացմամբ` Հայաստանում տպագիր մամուլը, թեև կրիայի արագությամբ, այնուամենայնիվ զարգանում է, ինչը նա հիմնավորում է հենց «ՀԺ»-ի օրինակով, որը 10 տարի առաջ տպագրվում էր 2000, այսօր` 8000 օրինակով: Իսկ Ա. Օհանյանը նշում է, թե մամուլի առաջ ծառացած խնդիրները վերջին 20 տարվա ընթացքում այդպես էլ չեն լուծվել` սկսած լրագրողների նկատմամբ գործադրվող ֆիզիկական բռնություններից (որոնք վերջին տարիներին ավելացել են), վերջացրած լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող ֆինանսական ճնշումներից: Խնդիրների մեջ վերջինս առանձնացնում է նաև մամուլի հանդեպ հասարակության և իշախանության հարգանքի բացակայությունը: Սակայն Ա. Հակոբյանը շեշտում է, թե ամենօրյա աշխատանքում զգում է, որ այդ հարգանքը, թերթերի հետ «հաշվի նստելը», թեկուզ փոքր մաշտաբներով, ավելանում է. «Այլ խնդիր է, որ եթե չլինեն խոչընդոտներ` տարածման, տպագրման, ֆինանսական, կարող էր այդ 8000-ը լինել կրկնակի կամ եռակի անգամ շատ»: Ըստ ««ՀԺ»-ի տնօրենի, եթե Հայաստանում այսօր տպագիր մամուլի տպաքանակը մեծ լիներ, միանգամայն այլ կլիներ նաև կյանքը, և թերթերն իրենց խնդիրները «վաստակել» են հենց այն պատճառով, որ երկրում միայն իրենք են ձևավորում հասարակական կարծիք: «Հրապարակի» գլխավոր խմբագիրն էլ մանրամասնում է, որ մեր հեռուստատեսությունը (նկատի ունի Հանրային հեռուստաընկերությունը) հեռարձակվում է ամբողջ հանրապետությունում, մտնում է յուրաքանչյուրի տուն, բայց հասարակական կարծիք ամենևին չի ձևավորում: Հակառակը` երբեմն հեռուստադիտողի մոտ առաջանում է հակադրվելու ցանկություն` ելնելով հ/ը նկատմամբ ունեցած անվստահությունից: «Իսկ փոքրիկ մի թերթ, որը մի քանի հազար տպաքանակ ունի, բայց այդ թերթում գրված մի փոքրիկ լուրը, հոդվածն այնպիսի արձագանք, հասարակական հնչեղություն կարող է ստանալ, որ զարմանաս: Մենք բանավոր խոսքը փոխանցելու հատկություն ունեցող ժողովուրդ ենք, և փոքր, մի ընտանիքի չափ Հայաստանում լուրերը շատ արագ փոխանցվում են մարդկանց մեջ»,- ասում է նա: Տպագիր մամուլի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունը, ըստ Արմինե Օհանյանի, կապված է իշխանության, պետական այրերի գիտակցության մակարդակից, որ մամուլն անհրաժեշտ է և դրա դեմ պետք է ոչ թե պայքարել, այլ օգնել նրան, գոնե չխանգարել. «Մյուս կողմից` հասարակությունը պետք է ինչ-որ տեղ տեր դառնա, պահանջատեր դառնա, պետք է մեր կողքին լինի և պետք է փորձի պաշտպանել իր տեղեկացված լինելու իրավունքը, և ամեն ինչ անի, որ մենք, ինչքան հնարավոր է, ազատ պայմաններում աշխատենք: Երրորդը` լրագրողներս մի քիչ ավելի համերաշխ, համախմբված պետք է լինենք մեր խնդիրները լուծելիս»: Աննա Հակոբյանի խոսքերով էլ` ելքն ամենօրյա կյանքն է, «ինչ-որ արել ենք երեկ, անում ենք այսօր և անելու ենք վաղը, դա արդեն իրավիճակից ելքն է: Եթե մենք շարունակենք, դա արդեն ելքն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter