HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բնապահպանական աղետ. Երեւանից մի քանի քայլ այն կողմ

 «Պետք է շտապ ահազանգել, քիմիական նյութերը, անարգել անձրեւաջրերին խառնվելով, հոսում են ներքեւ»,- ահազանգում է բարձրաստիճան պաշտոնյան, ով չի ուզում հրապարակել իր անունը, ասում է` աշխատանքս կկորցնեմ: Ես հասկանում եմ, որ նա չի կարող:

Հաջորդ օրը ճանապարհվում ենք Էրեբունի արգելոցի տարածքում «հայտնված» թունաքիմիկատների գերեզմանոց:

Գերեզմանոցի տարածք սովորական մեքենայով անհնար է հասնել, ուստի փորձում ենք «Վիլիս» մեքենա վարձակալել: Մուշական գյուղում Իշխանի հետ այնքան էլ երկար չենք բանակցում, նա քսան հազար դրամ ուզեց մեքենայի համար, հետո մի քանի բառ փոխանակելուց հետո վճարը դարձրեց տասնհինգ հազար: Ազգությամբ եզդի Իշխանն ասում է` դուք մի կադրի համար հիսուն դոլար եք աշխատում, ինքն էլ ամբողջ գործի համար հազիվ էդքան է ուզում: Անձրեւ էր մաղում, եւ Իշխանին ինչ-որ բան համոզելու կամ բացատրելու ցանկություն չկար: Մուշականցիները լսել էին թունաքիմիկատների մասին, բայց միայն լսել էին: Իշխանենք երեք եղբայրներով մի տանն էին ապրում, ու մինչեւ Իշխանը գնաց Վարդաշենում մեքենան բենզին լցնի, մենք տան երեք կանանց հետ զրուցում էինք: Խոսում էինք թունաքիմիկատների վտանգավորության մասին: Կանանցից մեկն ասաց` մեր բոլոր հավերը սատկել են, կարող է դրանից է: Ասացի` դժվար: Կինն ասաց` էլի շատ մարդկանց հավերն են սատկել գյուղում: 23 տարեկան Արմենը, լսելով մեր խոսակցությունը, ասաց, որ հոդացավեր ունի, շնչառությունը սկսել է կտրվել:

«Կարո՞ղ է դրանից է»,- հարցրեց նա: Ասացի` հնարավոր է, ասաց, որ ինքն ամբողջ օրը թունաքիմիկատների գերեզմանոցի կողմերում է քայլում: Դրան ի պատասխան` տարեց, բայց առույգ կինն ասաց. «Տղա ջան, 15 տարի էդ գերեզմանոցի տակը նստած անասուն եմ պահել, բա ես հիվանդի նմա՞ն եմ»: Մուշականցիներից շատերն են իրենց անասունները տանում այդ կողմերը:

Մեքենան հասնում է սարի գագաթը: Այստեղի ցեխը շատ նման է Ղարաբաղի Մարտակերտի շրջանի «Ցեղին ձոր» կոչվող տարածքի ցեխին: Ոտքերդ ծանրանում են ու ցեղից ազատվելու հնար չկա պարզապես, անցեխ հատված չկա այստեղ: Ամենուր պոլիէթիլենե տոպրակներ են: Դրանց մի մասը պատռված է, եւ թունաքիմակատները թափված են ամենուր: Արդեն տարբեր երանգներ ստացած թունաքիմիկատները, խառնվելով անձրեւաջրերին, բարակ առուներով հոսող թույն են դարձել: Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանը եւ բնապահպան Մարիամ Սուխուդյանը լուսանկարներ են անում եւ նկարահանում տեսախցիկներով:

Ջրահեռացման բետոնե խրամուղիները, որոնք նախատեսված էին, որպեսզի ջրերը շրջանցեն գերեզմանոցը, տեղ-տեղ փլուզված են եւ լցված հողով: Իսկ թունաքիմիկատները, ջրերի հետ խառնվելով, հոսում են դեպի այգիներ, արոտավայրեր, որտեղ արածում են կովերը: Այդ կովերի միսը, կաթը վաճառվում է խանութներում: Երեւանում տեղի ունեցած այս աղետը պաշտոնյաները փորձում են ներկայացնել իբրեւ սովորական մի «միջադեպ», ասում են, թե ծրագրեր են մշակում, ուսումնասիրություններ կատարում: Փաստն այն է, որ երկու ամիս շարունակ բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարություննները, իմանալով այդ մասին, բնակչությանը ոչինչ չեն ասել: Աձրեւաջրերն առայսօր անարգել հոսում են` իրենց հետ տանելով թունաքիմակատները: Գերեզմանոցում թաղված է 577 տոննա թունաքիմիկատ: Իմ ձեռքի տակ եղած փաստաթղթում նշված է, թե Հայաստանի որ տարածքից եւ հիմնարկությունից որքան նյութեր են բերվել այստեղ: 1972 թ. Խորհրդային Միության տարածքում գյուղատնտեսության մեջ արգելվել է օգտագործել որոշ թունաքիմիկատներ:

Հայաստանի գյուղերից, պահեստներից հավաքել են օգտագործման համար անպիտան եւ արդեն արգելված տարբեր տեսակի թունաքիմիկատներ: Ըստ «Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանի` թունաքիմիկատների մոտ 60 տոկոսը քլոր-օրգանական կայուն միացություններ են: Մարդու օրգանիզմում այս կայուն միացությունների ցանկացած տեսակ խթան է հանդիսանում չարորակ նորագոյացությունների եւ դրանց զարգացման համար: Սա մեծ վտանգ է ոչ միայն մոտակայքում բնակվողների համար, քանի որ աղտոտիչները ազդում են մարդու վրա նաեւ օդի միջոցով: 1970-ականներին թունաքիմիկատների ոչնչացման արդյունավետ եւ անվտանգ տարբերակը հողում թաղելն էր: 1982 թ. Հայաստանի Կառավարության որոշմամբ Արտաշատի շրջանի Բարձրաշեն գյուղի վերեւում (այժմ այդ տարածքը գտնվում է Երեւանի Էրեբունի համայնքում) կառուցվել է բետոնե գերեզմանոց: Գերեզմանոցը կավապատ է, որպեսզի թունաքիմիկատները չներծծվեն հողի մեջ: Տարածքն ունեցել է պահակակետ եւ ցանկապատ:

Այդ տարիներին պարբերաբար ստուգումներ են արվել` հնարավոր արտանետումները կանխելու համար: Անկախացումից հետո մինչեւ 2004 թ. ոչ մի վերահսկողական աշխատանք չի արվել: Չկար պահակակետ, քանդված էր ցանկապատը: Հետագայում գերեզմանոցի մոտակա տարածքում կատարվել են այգեգործական հողհատկացումներ: Այստեղ կառուցվել են տներ, եւ մարդիկ են ապրում:

Բնակիչներից շատերը չգիտեն, որ իրենց բնակավայրի հարեւանությամբ թունաքիմիկատների գերեզմանոց է եւ այդ տարածքն օգտագործում են որպես արոտավայր: Մարդիկ այսօր էլ չգիտեն, որ այնտեղ թունաքիմիկատներ կան: Մեր այցելության օրը գերեզմանոցի հարեւանությամբ մի հովիվ կովերն էր արացեծնում: Նա ոչինչ չգիտեր այդ թունաքիմիկատների մասին:

«Հայ կանայք հանուն առողջության եւ առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ն արդեն տասը տարի զբաղվում է այս խնդրով: Կազմակերպությունը 2007 թ. ուսումնասիրություն է կատարել տարածքից 35 մետր ներքեւ եւ 2,5 մետր խորությամբ: Հողի մեջ հայտնաբերվել են խիստ վտանգավոր թունաքիմիկատները: Ըստ կազմակերպության կատարած հետազոտությունների` սողանքի պատճառով գերեզմանոցը ներքեւ է իջել 12, 5 մետրով: ՀԿ-ի նախագահ Ելենա Մանվելյանը տասը տարի խնդրին առնչվող բոլոր պետական մարմիններին ահազանգում է այս վտանգի մասին: 2004 թ. Կառավարությունը փող էր հատկացրել, ցանկապատել տարածքը եւ կառուցել ջրահեռացման խրամուղիներ: Հայաստանը 2001 թ. ստորագրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի համաձայնագիրը, որի նպատակն է «պահպանել մարդու առողջությունն ու շրջակա միջավայրը կայուն օրգանական աղտոտիչներից»: Համաձայնագրի 6-րդ հոդվածի համաձայն` անդամ-պետությունը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի կայուն օրգանական աղտոտիչների հայտնաբերման, հաշվառման ու դրանց անվտանգ, արդյունավետ եւ էկոլոգիապես ռացիոնալ կարգավորման համար:

Բացի այդ, համաձայնագրի անդամ զարգացած երկրները պարտավորվում են տրամադրել տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսներ զարգացող եւ անցումային տնտեսություն ունեցող երկրներին (հոդված 12, 13):

Համաձայնագրի պատասխանատուն Բնապահպանության նախարարության վտանգավոր նյութերի եւ թափոնների կառավարման վարչության պետ Անահիտ Ալեքսանդրյանն է: Հենց նրա վարչությունն է մշակել ազգային ծրագիրը:

Ըստ այդ ծրագրի` պետք է հաշվառվեր, թե մեր պետությունում ինչ տեսակի եւ ինչ քանակությամբ թունաքիմիկատներ կան: Սակայն նման հաշվառում առայսօր չի կատարվել, այս վարչությունը նույնիսկ ուսումնասիրություն չի կատարել այս գերեզմանոցում: Վ

երոհիշյալ ազգային ծրագիրը գրելու համար Հայաստանը ստացել է 500 հազ. դոլարի դրամաշնորհ: Դրամաշնորհը տնօրինում է հենց Անահիտ Ալեքսանդրյանը, իսկ թե ինչի վրա է ծախսվել այս փողը, դժվար է ասել: Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը, որը նախկինում ծածկված էր 2 մետր հաստությամբ հողով, մեր այցելության օրը ամբողջովին բացված էր: Ու՞մ հրահանգով է դա արվել. այստեղ աշխատել են բուլդոզերներ: Սա կարելի է որակել դիվերսիոն գործողություն: Ինչու՞ առայսօր Ազգային անվտանգության ծառայությունը չի զբաղվել այս հարցով, անհասկանալի է: Միջազգային փորձագետ Ջոն Վիգենը ապրիլին Հայաստանում էր եւ գերեզմանոցի վիճակը գնահատեց որպես «բնապահպանական աղետ»:

Այսօր Կառավարությունը պետք է որոշում կայացնի գերեզմանոցի վերաբերյալ եւ գումար հատկացնի: Բոլոր պետական մարմինները սպասում են այդ գումարին, որ իրենց պարտականությունները սկսեն կատարել: Հիշեցնենք, որ բնապահպանության նախարարությունը գերեզմանոցի այս վիճակի մասին գիտեր մարտ ամսից եւ որեւէ քայլ չի արել: Բայց մինչեւ ինչ-որ ծրագրեր իրականացվեն, հարեւան գյուղերի բնակիչներին պետք է տեղեկացնել վտանգի մասին:

Նույնիսկ տարածք մուտք գործելն արգելող նշաններ չեն տեղադրվել առայսօր: Այս տարածքն ընդգրկված է Էրեբունի արգելոցի մեջ, եւ այստեղ կա էնդեմիկ հացահատիկի երկու տեսակ: Գերեզմանոցի թունաքիմիկատների խնդիրը կարող է լուծվել դրանք ոչնչացնելով, որը սակայն կապված է մեծ գումարների հետ:

Ոչնչացման գործարաններ կան Ռուսաստանում, Ֆինլանդիայում, Իտալիայում: Սակայն կա մի խնդիր. շատ երկրներ արգելում են իրենց տարածքով նման նյութեր տեղափոխել, եւ այս հարցը պետք է լուծվի բանակցությունների միջոցով, որը երկարատեւ գործընթաց է: Մյուս լուծումը նման գործարան կառուցելն է, որը նույնպես մեծ գումարներ է պահանջում:

Երկու դեպքում էլ Հայաստանը պետք է դիմի միջազգային կազմակերպություններին: Իսկ մինչ այդ անհապաղ պետք է փակել թունաքիմիկատների գերեզմանոցը, վերականգնել ջրահեռացման համակարգը, ցանկապատել տարածքը եւ պահակակետ տեղադրել: Մնում է միայն հուսալ, որ այդ քայլերը Կառավարությունը անհապաղ կձեռնարկի` գիտակցելով վտանգի աստիճանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter