HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Չարենցավանի «զոն նայող» փոխոստիկանապետը

Ըստ իրավապաշտպաններ Արթուր Սաքունցի և Ժաննա Ալեքսանյանի` ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի տեղակալ Տոնոյանը բնակչության շրջանում ավելի շատ հայտնի է իբրև «զոն նայող»: Իրավապաշտպանները պատրաստվում են գրավոր հաղորդում տալ` «զոն նայող» Տոնոյանի կոմից Դավիթ Գյուլումյանի ընտանիքին երկարատև ոստիկակական տեռորի ենթարկելու համար: Դավիթ Գյուլումյանն ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժնում տարօրինակ հանգամանքներում մահացած Վահան Խալաֆյանի հետ գողության կասկածանքով բերման ենթարկվածներից մեկն է: Խալաֆյանի մահվան փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում Դավիթը մինչ օրս հրաժարվում է ցուցմունքներ տալուց, ինչն էլ իրավապաշտպանները պայմանավորում են «ոստիկանական տեռորով»: «Դավիթի ընտանիքի մոտ Տոնոյան ազգանունը սարսափ է առաջացնում: Նա անձամբ անընդհատ այցելում է այդ ընտանիքին: Դավիթի մոր հետ մեր հանդիպումից հետո երեկոյան Տոնոյանը գնացել է հացի փուռ ու Դավիթի մորն ասել` ինչ եք ավել պակաս դուրս տալիս և այլն և այլն»,- ասում է Սաքունցը և հավելում, որ քրեակատարողական հիմնարկում հանդիպել է նաև Դավիթ Գյուլումյանին: Վերջինս նշել է, թե ոստիկանների երկար ձեռքները կարող են հասնել նույնիսկ քրեակատարողական հիմնարկ և իրեն վերանցնել: Ուստի, իրավապաշտպանը բնական է համարում, որ «ոստիկանական տեռորի» ենթարկված անձը հրաժարվում է ցուցմունք տալուց: «Դավիթն ինձ ասում էր` ավելի լավ է գնացեք հորաքրոջս և մորս հետ խոսեք, թող իրենք պատմեն: Այսինքն, որ իր բերանից դուրս չգա և իրեն չդարձնեն թիրախ, թե ինչու ես խոսել»,- ասում է Արթուր Սաքունցը: Այսօրվա ասուլիսում իրավապաշտպան Սաքունցն իր գործընկերոջ` Անժելա Ալեքսանյանի հետ կարծիք հայտնեց, որ Խալաֆյանի մահվան գործով իբրև վկա անցնող Նորայր Չիլյանը և Արայիկ Առաքելյանը հանրապետությունը լքել են ոստիկանության օժանդակությամբ: Ըստ Սաքունցի` վերջիններս հայտնել են, որ ոստիկանության Չարենցավանի բաժնում գտնվելիս լսել են Վահան Խալաֆյանի ձայները, որին այդ պահին կողքի սենյակում ծեծելիս են եղել: Նախօրեին Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) տարածած հողորդագրությունում ասվում էր. «Վահան Խալաֆյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը ՀՔԾ-ի վարույթ է ընդունվել 2010 թվականի ապրիլի 15-ին և քրեական գործի նյութերում այդ պահի դրությամբ որևէ տեղեկություն չի եղել ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված, այնուհետև ազատ արձակված Նորայր Չիլյանի և Արայիկ Առաքելյանի վերաբերյալ: Հետագայում է պարզվել, որ այդ անձինք հանդիսանում են Չարենցավան քաղաքի բնակիչներ, նրանցից Նորայր Չիլյանը 2010 թվականի ապրիլի 16-ին, իսկ Արայիկ Առաքելյանը 2010թ. ապրիլի 18-ին մեկնել են Հայաստանի Հանրապետությունից: Հիշյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ տրվել է համապատասխան հանձնարարական»: «Հիմա ես հարց եմ տալիս ՀՔԾ-ին` պարզիր, թե ինչո՞ւ է Արայիկը 12 ժամ գտնվել ոստիկանությունում, եթե բերման ենթարկվելուց 2 ժամ հետո արդեն պարզվել էր, որ նա գողության պահին քաղաքից բացակայել է: Այսինքն` նրա այլուրեքությունն ապացուցվել է: Կամ ինչո՞ւ է Նորայրը ոստիկանության բաժանմունքում մոտ 15 ժամ պահվել»,- ասում է Արթուր Սաքունցը և նշում, թե անպայման չէ Նորային գտնելը, պարզելու համար, որ վերջինս ոստիկանությունում ենթարկվել է բռնության: Կարելի է պարզապես հարցեր ուղղել նրա հարազատներին կամ այն բժշկին, որին հարազատները կանչել են Նորայրի համար` ոստիկանություն բաժնից դուրս գալուց հետո: Իրավապաշտպանը հիշում է, որ Արայիկի ու Նորայրի հետ հանդիպումների ժամանակ վերջիններս նույնիսկ չեն էլ ակնարկել հանրապետությունից հեռանալու մասին: Ավելին` Նորայրն այնպիսի վիճակում է եղել, որ «երկու-երեք օրվա ընթացքում ի վիճակի չէր տեղաշարժվելու և ուներ կազդուրման խնդիր»: Ա. Ալեքսանյանն էլ ավելացնում է, թե Նորայիր ծնոտը հավանաբար կոտրված է եղել, քանի որ նա հազիվ է խոսել: «Սովորաբար հեռանում են այն մարդիկ, որոնք գործում այնքան կարևոր վկաներ են, որ հարմար չէ, որպեսզի վկայություն տան: Կամ փախչում են այն մարդիկ, որոնց նկատմամբ պետք է քրեական հետապնդում իրականացվի: Քանի որ նրանց նկատմամբ քրեական հետապնդում չկա (եթե լիներ, նրանց կձերբակալեին), հետևաբար մնում է միայն մեկ վարկած, որ գործով շատ կարևոր վկաներ էին, և նրանց ուղղակի հեռացրել են»,- ասում է իրավապաշտպան Սաքունցը: Արթուր Սաքունցի փոխանցմամբ` իր աղբյուրը հայտնել է, որ Նորայր Չիլյանից և Արայիկ Առաքելյանից ոստիկաններն անձնագրերը վերցրել են, սակայն հետո վերադարձրել են դրանք` «առաջարկելով» երկրից հեռանալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter