HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Թրաֆիքինգի 60 զոհ, 12 դատական գործ

2009 թվականի ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից հարուցված թրաֆիքինգի գործերով անցել է 60 զոհ (2008-ին` 34): Քննվել է 12 դատական գործ, որից 8-ի վերաբերյալ կայացվել է դատավճիռներ, և պատիժները տատանվել են 3-ից մինչև 13 տարվա ազատազրկում: «Մենք չենք ունեցել ոչ մի արդարացման դատավճիռ, չենք ունեցել օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելու դատավճիռներ, չենք էլ ունեցել նաև համաներումներ. բոլոր դատապարտումները եղել են իրական»,- ասում է Թրաֆիքինգի դեմ պայքարի աջակցության ու ռեսուրս կենտրոնի իրավաբան Դավիթ Թումասյանը: Այսօր «Արմատ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ վերջինս նշեց, որ քննված գործերի քանակը չի կարող արտացոլել իրական պատկերը, քանի որ թրաֆիքինգը թաքնված (լատենտային) հանցագործություն է, որի բացահայտումը կախված է նաև բնակչության իրազեկվածության մակարդակից. «Որովհետև շատ դեպքերում անձինքն չեն գիտակցում, որ թրաֆիքինգի զոհեր են, կամ լինում են դեպքեր, երբ անձը վախենալով տեղեկություններ չի հայտնում: Իսկ ինֆորմացիայի բացակայության պայմաններում իրավապահներին աշխատելը շատ դժվար է»: Ըստ Թումասյանի` բացահայտման ցուցանիշների վրա ազդում է նաև այն հանգամանքը, որ թրաֆիքինգի զոհերը վախենում են կատարվածի մասին ինչ-որ մեկին ասել` վախենալով, որ հարազատների կողմից կենթարկվեն պարսավանքի: Ասուլիսի ընթացքում մյուս բանախոսը` ԵԱՀԿ ժողովրդավարության զարգացման ծրագրի` ծրագրերի ազգային պատասխանատու Օվսաննա Բաբայանը տեղեկացրեց, որ ի սկզբանե թրաֆիքինգը դիտվել է որպես սեռական շահագործում և դրա այլ դրսևորումները գրեթե չեն մեկնաբանվել: Սակայն ժամանակի ընթացքում պարզվել է, առնվազն հավասար չափով առկա է նաև աշխատանքային թրաֆիքինգը, որը հետզհետե ավելի մեծ ուշադրություն է սևեռում իր կողմը: «Բոլոր այն երկրներում, որտեղ կա աշխատուժի հիմնականում անօրինական մուտք, այդ երկրներում կան բոլոր հնարավոր «պայմանները», որպեսզի լինի թրֆիքինգ, այսինքն` շահագործում,- ասում է Օ. Բաբայանը և հավելում,- Ես կուզեի, որպեսզի մեր հասարակության ուշադրությունը մի քիչ ավելի կենտրոնանար աշխատանքային թրաֆիքինգի վրա` նկատի ունենալով մեր դինամիկ աշխատանքային արտահոսքը դեպի այլ երկրներ, որտեղ գուցեև օրենսդրությունը մի քիչ բացեր ունի»: Ինչ վերաբերում է երեխաների թրաֆիքինգին, Դավիթ Թումասյանի տեղեկացմամբ, անցյալ տարի Հայաստանում քննվել է նմանատիպ երեք քրեական գործ, որոնցից երկուսը վերաբերել են երեխաներին մուրացկանության մեջ ներգրավվելուն, իսկ երրորդով` 17 տարեկան աղջկան ենթարկել են սեռական շահագործման: «Հետաքրքրական է այն փաստը, որ երեք գործն էլ, որը վերաբերում է երեխաների թրաֆիքինգին, ներքին թրաֆիքինգի դեպքեր են: Այսինքն` տուժողները ոչ ներկրված են, ոչ էլ արտահանված, այլ ՀՀ քաղաքացիները Հայաստանում ենթարկվել են շահագործման ՀՀ քաղաքացիների կողմից»,- ասում է Թումասյանը: Նշյալ գործերից երկուսով արդեն կայացվել են մեղադրական դատավճիռներ, իսկ երրորդով` մուրացկանության գործերից մեկով, դեռևս ընթանում է դատաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter