HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կոմանդոս. «Պատերազմի վերսկսման հավանականություն չկա»

Պատերազմը շատ ցավալի, անմարդկային երեւույթ է: Բոլորն այս մասին բարձրաձանյում են, մայց միաժամանակ բոլոր պետություններն էլ միջոցներ են ձեռնարկում, որպեսզի իրենց մարտիկներն ավելի լավ տիրապետեն ռազմական հմտություններին եւ դրանք ավելի լավ կիրառեն մարդ սպանելու գործում: Սա գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի կարծիքն է:

Այսօր լրագրողները նրան հարցրին, թե ինչքանով է հավանական հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը:

«Ես զինվորական եմ, հաճախ եմ լինում Արցախում եւ շատ լավ գիտեմ մեր զինված ուժերի վիճակը: Ես կարող եմ համաձայնվել օտարերկրացի ռազմական փորձագետների կարծիքի հետ: Ամենից կարեւորն այն է, որ Ադրբեջանը պատերազմի պատրաստ չէ»:,- ասաց Արցախյան պատերազմի վետերանը՝ Կոմանդոսը՝ հավելելով, որ մնացածը բլեֆ է:

Ըստ Տեր-Թադեւոսյանի՝ մենք ապրում ենք մի պետությունում, որտեղ հիմնական բնակչությունը հայեր են: Սակայն դրանով հանդերձ մեզ մոտ կա քաղաքական տարածայնությունը, որը հանգեցնում է ծանր հետեւանքների՝ ինչպես օրինակ Մարտի 1-ի ողբերգությունը: Ուրեմն կարելի է պատկերացնել Ադրբեջանի վիճակը, երբ սա մի պետություն է, որը կազմված է բազմաէթնիկ ազգերից: Նրանք տարբեր են թե կրոնով, թե լեզվով, 10-12 էթնիկ խմբեր են, որոնք պայքարում են իրենց ինքնուրույնության համար, ճիշտ այնպես, ինչպես ժամանակին ղարաբաղցիները:

«Այդ մարդիկ պատերազմ չեն ուզում, չեն ուզում ծառայել, որ ինչ-որ կլան՝ Ալիեւի կլանը հարստանա: Հետո, մեր բանակն ունի հաղթողի հոգեբանություն, որը կարող է բարձրանալ եւ իջնել, բայց ոգին հաղթական է,- ընդգծում է գեներալ մայորը,- մենք տեղանքը լավ գիտենք, որովհետեւ դա մեր երկիրն է, մենք գիտենք տարածքը՝ որտեղ ինչպես պաշտպանվել»:

Կոմանդոսի խոսքերով՝ անհրաժեշտ է 3 գործոնի առկայություն, որպեսզի ցանկացած պետություն կարողանա պատերազմ սկսել:

Առաջին՝ պետք է պատրաստ լինի տվյալ պետության հասարակությունը: Երկրորդ գործոնը բանակն է, որը հասարակության մի մասն է: Այս պարագայում, ըստ Կոմանդոսի, անհրաժաշտ է առանձնացնել երկու ենթակետ՝ սպառազինություն եւ ոգի: Ադրբեջանական բանակը զինվում է, ունի փող եւ տեխնիկա, բայց բանակում կարեւորը ոչ թե տեխնիկան է, այլ մարդը, նրա բարոյական ոգին: Դեռ Նապոլեոնն է ասել, որ բարոյական ոգու տված առավելությունը 1-ը 3-ի հարաբերակցությամբ է:

«Իսկ Արցախում մի փոքր ավելին է այդ հարաբերակցությունը եւ դա արդեն հաստատվել է. մենք այդքան քիչ էինք, բայց հաղթեցինք: Կամ այն, որ պատերազմի ժամանակ Ադրբեջան են ժամանել 3000 վարձկաններ՝ այդ թվում կամավորները, եթե իհարկե, այդպիսիք կային: Իսկ մեզ արտերկրից միացել են ընդամենը 280 կամավորներ՝ սկսած Արցախի հերոս Մոնթեից, վերջացրած նրանցով, ովքեր հիմա էլ շարունակում են ապրել Հայաստանում»,- ասում է գեներալ-մայոր Տեր-Թադեւոսյանը:

Երրորդը, վերջինիս ներկայացմամբ, կառավարությունն է, որից իրականում շատ մեծ բան է կախված:

«Իսկ կառավարության մասին կամ պետք է ասել ճիշտը, կամ լռել: Եթե թույլ կտաք, ես կլռեմ»,- եզրափակեց Կոմանդոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter