HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հայաստանում անգամ բացահայտված հանցագործությունը չի բացահայտվում

Ասում է լրագրող-փաստաբան Արգիշտի Կիվիրյանը՝ նկատի ունենալով լրագրողների, նաեւ իր նկատմամբ կատարված հանցագործությունը: Անցյալ տարվա ապրիլի 30-ի գիշերը Նալբանդյան-9 հասցեում գտնվող իր բնակարանի մուտքի մոտ «Armenia Today» եւ «Bagin.info» լրատվական կայքէջերի համակարգող Կիվիրյանը ենթարկվեց մահափորձի: Նրա կինը՝ փաստաբան Լուսինե Սահակյանը, լսել էր հարձակվողներից մեկի խոսքերը՝ «մեկ ա, քեզ սպանելու ենք»: Հանցագործները դեպքի վայրում թողել էին բազմաթիվ հետքեր, այդ թվում՝ փայտե ձողը, որով հարվածներ էին հասցրել Արգիշտիի գլխին, եւ արձակված կրակոցների պարկուճները: Բայց իրավապահները «տեղազննում» իրականացնելիս կրակոցի հետեւանքները՝ պարկուճները, այդպես էլ չէին հայտնաբերել: Ավելին՝ նրանցից մեկը փորձել էր Կիվիրյանի ընտանիքի անդամներին համոզել, որ վերջիններս սխալվել են, իրականում կրակոցներ չեն եղել, ու ոտքով հարվածելով մուտքի դռանը՝ հայտարարել էր, թե գուցե նման ձայն է լսվել, իսկ իրենք շփոթել են կրակոցների հետ: Սակայն միջադեպից մոտ կես ժամ անց՝ հետաքննիչներից առաջ, դեպքի վայր էր ժամանել նաեւ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը: Նրա լուսանկարներում, արյունոտ փայտե ձողից բացի, ֆիքսվել էին նաեւ հանցագործների կրակած գնդակների պարկուճները: Հետագայում Կիվիրյանը նույնպես հաստատեց, որ կրակոցներ հնչել են, պարզապես իրեն «հաջողվել էր ձեռքով հեռացնել զենքը, ինչի արդյունքում էլ դրանք շեղվել են այլ ուղղությամբ»: Սկզբում քրեական գործ հարուցվեց «Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելու» մեղադրանքով (Քր. օր.-ի 117-րդ հոդված), մինչդեռ տվյալ հոդվածով գործ կարող է հարուցվել միայն տուժողի բողոքի առկայությամբ, այնինչ Կիվիրյանը բողոք չէր ներկայացրել: «Ո՞նց կարող է իրեն պրոֆեսիոնալ համարող մարդը չհասկանալ, որ մարդու գլուխը կյանքի համար կենսական կարեւոր օրգան է, որը բաղկացած է կաշվից, դրա տակ գտնվող ոսկորից եւ ուղեղից` գորշ նյութից: Միայն գորշ նյութ չունեցող մարդը կարող է մտածել, որ գլուխը կենսական կարեւոր օրգան չէ»,- հայտարարեց փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը եւ շեշտեց, որ գլխին բազմաթիվ հարվածներ ստացած Ա. Կիվիրյանի դեմ կատարված բռնարարքի փաստով պետք է քրեական գործ հարուցվի «Սպանության փորձ» մեղադրանքով: Մայիսի 7-ին գործի քննությունը ոստիկանությունից տեղափոխվեց Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) քննչական վարչություն, իսկ օրեր անց գործը վերաորակվեց «Մի խումբ անձանց կողմից սպանության փորձ» հոդվածով: Սակայն մինչ օրս իրավապահները պատասխան չեն տվել, թե ինչպես են «անհետացել» պարկուճները, այն դեպքում, երբ ֆոտոլրագրող Շամշյանից հետո անմիջապես դեպքի վայր են ժամանել ոստիկանության հետաքննիչները: «Մենք դեպքի վայրի զննությամբ չենք հայտնաբերել պարկուճներ: Եթե մեկը վերցրել-պահել է, թող բերի ներկայացնի»,- նշյալ հարցին ի պատասխան՝ հայտարարեց Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանը: Գործի շրջանակներում ԱԱԾ-ն հարցաքննել է նաեւ Գագիկ Շամշյանին: Նա հատուկ ընդգծել է այն անփույթ վերաբերմունքը, որը դեպքի վայրում իրեղեն ապացույցների նկատմամբ դրսեւորել են «պրոֆեսիոնալ» ոստիկանները: Մասնավորապես, նրանցից մեկը «ձեռքերը գրպանում` ոտքով տշել է արյունոտ փայտե մահակը», ինչը ֆիքսվել է նաեւ լուսանկարում: Իբրեւ բռնարարքի դրդապատճառ սկզբից եւեթ սկսեցին շրջանառվել տարբեր վարկածներ: Մի շարք կազմակերպություններ հայտարարեցին, թե չեն բացառում, որ հարձակումը «Ջավախքի խամաճիկ իշխանավորների ձեռքի գործն է»` պայմանավորված Ջավախքի խնդրի շուրջ Կիվիրյանի ունեցած դիրքորոշմամբ: Արդեն հուլիսին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այս գործով կալանքի սանկցիա կիրառեց երկու անձանց՝ Վլադիկ Սերոբյանի եւ Գուրգեն Կիլիկյանի նկատմամբ: Այս տարի նախաքննական մարմինը դատարանին հերթական անգամ միջնորդություն էր ներկայացրել հիշյալ անձանց կալանքի ժամկետը երկարաձգելու խնդրանքով, բայց կարճ ժամանակ անց միջնորդությունը հետ է վերցրել, ինչի արդյունքում Սերոբյանն ու Կիլիկյանը մարտի 8-ից ազատության մեջ են: «Սա, փաստորեն, Հայաստանի պատմության մեջ միակ դեպքն էր, երբ մահափորձ կատարած անձինք ձերբակալվել էին: Մենք հույս ունեինք, որ գոնե այս դեպքում հանցագործները կպատժվեն՝ ի ցույց բոլորի, եւ դա որոշակի մթնոլորտ կստեղծեր, որ անպատժելի չեն լրագրողների նկատմամբ ֆիզիկական եւ այլ բռնարարքներ իրագործողները: Սակայն տեսանք, որ ընդամենը մի քանի ամսվա մեջ այդ հանցագործները հայտնվեցին ազատության մեջ: Ի՞նչ պայմաններում, ինչպե՞ս է ընթացել քննությունը, անհասկանալի է, եւ մեզ համար ուղղակի մերժելի է այս վերաբերմունքը լրագրողների եւ լրատվամիջոցների նկատմամբ»,- ասում է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: ԱԱԾ-ն չի մեկնաբանում, թե ինչու է հրաժարվել Սերոբյանին եւ Կիլիկյանին կալանավորելու մտադրությունից: Արծվին Բաղրամյանը՝ ԱԱԾ-ի մամուլի կենտրոնի ղեկավարը, դա պայմանավորում է նախաքննական գաղտնիությամբ: Իսկ Արգիշտի Կիվիրյանը նշում է, որ առերեսման ժամանակ ճանաչել է հիշյալ անձանցից մեկին, որն իր դեմ կատարված մեկ այլ հարձակման մասնակիցներից է: Ըստ նրա՝ անցյալ տարվա ապրիլի 30-ի հարձակումը երկրորդն էր. դրանից 10 օր առաջ եղել է առաջինը: «Ես գրասենյակից գնում էի տուն: Դրսի դուռը բացել եմ, եւ այնտեղ գիշերվա ժամը 6-ին սպորտային հագուստներով, կապիշոններով հավաքված էին 3 անձինք: Եվ ընդամենը պատահականությամբ, որ հետեւից գրասենյակի դրսի դուռը չէի փակել, տեսնելով, որ մոտենում են դեպի ինձ, մտել եմ ներս եւ դուռը փակել»,- պատմում է Կիվիրյանը եւ նշում, որ երկու դեպքում էլ միջադեպից 1-2 օր առաջ Վլադիկ Սերոբյանը եւ Գուրգեն Կիլիկյանը մեկնել են Ախալքալաք եւ հանդիպել տեղի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանին: Իսկ Կիվիրյանն իր հոդվածներում վերջինիս մեղադրել է վրացական իշխանությունների պատվերով Ջավախքում հայկական կառույցները բնաջնջելու, հայազգի ակտիվիստներին հետապնդելու մեջ, ինչի հետեւանքով բազմաթիվ երիտասարդներ ստիպված լքել են Ջավախքը, Գուրգեն Շիրինյանը գտնվում է հետախուզման մեջ, իսկ «Միասնական Ջավախք»-ի նախագահ Վահագն Չախալյանը բանտում է: Կիվիրյանի խոսքերով՝ այդ հոդվածների հրապարակումից հետո «ականջին տեղեկություններ են հասել», որ Ախալքալաքի ոստիկանապետ Սամվել Պետրոսյանն այս կամ այն վայրում իր հասցեին հնչեցրել է սպառնալիքներ: «Ես իրեն «կլյաուզնիկ» եմ անվանել,- ասում է Սամվել Պետրոսյանը,- ես այն մարդը չեմ, որ այդքան ցածր կանգնեմ: Ինչ է թե մեկը ստից բաներ է գրել, ես իջնեմ այդ մակարդակին ու սկսեմ սպառնալի՞ք տալ: Ես այդ բաներին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում: Ինձ համար իր գրածները հետաքրքիր չեն: Եթե 4 հոգի պիտի իր գրածներով իմանան` ես ով եմ` վատ իմաստով, բայց 96 տոկոսը, ով ինձ ճանաչում է, գիտեն` ես ով եմ»: Ախալքալաքի ոստիկանապետը մեզ հետ զրույցում հաստատեց, որ Կիվիրյանի գործով կալանավորվածներից Վլադիկ Սերոբյանն իր ազգականն է: Բայց հատուկ շեշտեց, թե այնքան հիմար չէ, որ բարեկամին փաստի առաջ կանգնեցնի՝ ուղարկելով կռիվ անելու կամ մահափորձ կատարելու: Քանի որ Սերոբյանն իր ազգականն է, ոստիկանապետը չի բացառում, որ դեպքից երկու օր առաջ իրենք հանդիպել են: Ինչ վերաբերում է Գուրգեն Կիլիկյանին, ըստ ոստիկանապետ Պետրոսյանի, ինքը վերջինիս ընդհանրապես չի ճանաչում, սակայն հավանական է, որ դեպքից առաջ հանդիպել է նաեւ նրան: «Ինձ հետ օրական 1000 հոգի մարդ է հանդիպում: 1000 հոգուց եթե մեկնումեկը կարող է հետագայում մյուսի հետ հանդիպի, չի նշանակում, որ ես ինքս եմ դա կազմակերպել,- ասում է Սամվել Պետրոսյանը:- Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ գալու է մի պահ, երբ անպայման կգտնենք մահափորձը կազմակերպողին: Ու այդ ժամանակ Արգիշտի Կիվիրյանը թող բացահայտ գրի, որ ինքը սխալ է եղել ու ներողություն խնդրի Սամվել Պետրոսյանից»: Նա հերքում է նաեւ այն խոսակցությունները, որ կալանավորվածներն ազատ են արձակվել Հայաստանում իր ունեցած կապերի շնորհիվ: «Հետքի» տեղեկություններով՝ Ախալքալաքի ոստիկանապետը սերտ կապերի մեջ է ծագումով ջավախքցի, ՀՀ Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Հովհաննես Թամամյանի հետ: Արգիշտի Կիվիրյանը վստահ է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների օրոք այս գործը չի բացահայտվի, կարճ ժամանակ անց այն կկասեցվի ու կհայտնվի որեւէ դարակում՝ չնայած այն հանգամանքին, որ նախագահի մամլո խոսնակը հայտարարել է, թե գործը Սերժ Սարգսյանի խիստ հսկողության տակ է: «Արդյոք այդ խիստ հսկողության պարագայու՞մ չեն անհետացել պարկուճները կամ ազատ արձակվել կալանավորված մեղադրյալները»,- հարցնում է Կիվիրյանը: Իսկ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը միջադեպից օրեր անց հայտարարեց, թե «ճիշտ փաստերի» համադրումից հանգել է այն հետեւության, որ նախագահ Սարգսյանը խստագույնս հանձնարարում է բացահայտել լրագրողների նկատմամբ կատարված բռնարարքները, որպեսզի դրանք ուղղակի չբացահայտվեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter