HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Վերջին հրաժեշտը

«Այդ օրը երբեք չեմ մոռանա: Երեխաները քնած էին: Գրիգորը նստած երկար նայում էր նրանց: Ասացի` արթնացրու, սիրիր: Ասաց` չէ, թող քնեն, մեղք են: Հետո զգուշությամբ կռացավ, որ համբուրի որդիներին: Հանկարծ երկվորյակներից մեկը զարթնեց, փոքրիկ ձեռքով ամուր բռնեց Գրիգորի վերնազգեստից ու սկսեց արտասվել: Ասես կանխազգաց կատարվելիքը եւ չէր թողնում, որ հայրը հեռանա»,- պատմում է Գրիգոր Բադոյանի կինը` Նաիրա Մխիթարյանը: «Մութ ու ցուրտ տարիներն էին: Ասում էր` գոնե երեխաները լուսանկար ունենային, հետս տանեի: Ճիշտն ասած` ես չէի ուզում, որ գնար: Երեխաները փոքր էին. Արամիկս դեռ 2 տարեկան չկար, իսկ երկվորյակները` Գեւորգն ու Հովհաննեսը, ընդամենը 8 ամսական էին... Վարձով էինք ապրում: Միայն Գրիգորն էր աշխատում: Հացի գործարանում բանվոր էր: Անգամ գիշերները գնում էր Կայարան, վարձավճարով վագոնների բեռները դատարկում: Իր հույսով էինք ապրում, որ գնար, ի՞նչ պետք է անեինք»: Չնայած կնոջ թախանձանքին` 1994թ. հունվարի 22-ին Գրիգորը հրաժեշտ է տվել ընտանիքին ու մեկնել Արցախ` մասնակցելու հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերին: Ազատամարտիկը ծնվել է 1967թ. Գյումրի քաղաքում: Ավարտել է միջնակարգ դպրոցը եւ կրթությունը շարունակել Տեխնիկումի շինարարական բաժնում: Ուսման հետ միաժամանակ աշխատել է նաեւ Գյումրու Տեքստիլ կոմբինատում` որպես հերթափոխի պետի տեղակալ: Ծառայել է Խորհրդային բանակում: 1988 թվականի ավերիչ երկրաշարժը կործանել է նաեւ Գրիգորի հայրական տունը: Նա տեղափոխվել է Երեւան, աշխատել Կերամիկական գործարանում: Հետո ծանոթացել է Բժշկական ուսումնարանի ուսանողուհի Նաիրայի հետ: Ամուսնացել են, ունեցել 3 արու զավակ: Նրանց համատեղ կյանքը տեւել է ընդամենը 3 տարի: «Իմ համակուրսեցի Ռուզանն ու նրա ամուսինը դարձան մեր հարսանիքի քավորը: Դեռ ուսանողական տարիներից մենք շատ մտերիմ էինք: Նրանք տեղափոխվեցին Ռուսաստան,- հիշում է Նաիրան,- Ռուզանի պատմելով` երազում ինձ է տեսել: Ես լաց լինելով ասել եմ, որ Գրիգորը մահացել է: Հետո, չգիտես ինչու, սկսել եմ ժպտալ»: Երազից անհանգստացած` Ռուզանը զանգահարել է Երեւան: Գրիգորը, իրոք, զոհվել էր: Այդ օրը նրա հուղարկավորությունն էր. «Եռաբլուր» պանթեոնում հողին էին հանձնում ազատամարտիկի աճյունը: Գրիգորը մարտնչել է Մարտակերտի շրջանում` 5-րդ բրիգադի կազմում, Մանվել Գրիգորյանի հրամանատարությամբ: Ռազմաճակատ մեկնելուց մեկ ամիս չանցած` նա... Թեժ մարտից հետո երեկոյան 4 ընկերներով պատրաստվել են ընթրելու: Տարիքով ամենափոքրին խնդրել են ավելի հեռու գտնվող ուտելիքը բերել: Երբ վերջինս գնացել է, որոտացել է թշնամու արկի պայթյունը եւ կտրել 3 ազատամարտիկ ընկերների կյանքի թելը: Գրիգոր Բադոյանը հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնազոհության եւ խիզախության համար ՀՀ նախագահի 2002 թվականի հունիսի 1-ի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է Արիության մեդալով: «Դեռ այն ժամանակ, երբ Գրիգորը մեկնեց, տան վարձը չէինք կարողանում մուծել: Տեղափոխվեցինք ծնողներիս բնակարան. այնտեղ էինք ապրում... Դիմեցի լուսահոգի Վազգեն Սարգսյանին, ու նրա միջնորդությամբ բնակարան ստացանք... Առաջ պետությունն ավելի ուշադիր էր: Պաշտպանության նախարարությունը պարբերաբար օգնություն էր տալիս, սնունդ բաժանում: Օգտվում էինք տարբեր տեսակի զեղչերից. կոմունալ ծախսերի կեսն էինք վճարում: Հիմա երեխաների համար ինչքան թոշակ որ ստանում ենք, հազիվ բավականացնում է այդ վարձերը մուծելուն: Փաստորեն, ինչ ստանում ենք, նորից վերադարձնում ենք պետությանը... Հարազատներս են շատ օգնում: Որ երեխաներս մի քիչ էլ մեծանան, արդեն կկարողանամ աշխատել: Բայց որ հետեւում եմ հայտարարություններին, գործատուները մինչեւ 30 տարեկան աշխատողներ են փնտրում: Ստացվում է, որ կա՛մ պետք է հավաքարար աշխատես, կա՛մ էլ, լավագույն դեպքում, վաճառող»,- նշում է զոհված մարտիկի կինը: «Հիմա անընդհատ խոսում են տարածքները վերադարձնելու մասին: Ախր, այդ հողերը «Եռաբլուրի» տղաներն արյան գնով են ազատագրել... Ինչպես ամեն մի մայր, ես էլ առաջին հերթին ուզում եմ, որ խաղաղ երկրում ապրենք: Բայց եթե նման բան լինի, ես չեմ առարկի, որ 3 տղաներս էլ գնան կռվելու: Որովհետեւ նրանց հայրն այդ մի թիզ հողի համար կյանքն է տվել»,- շեշտում է ազատամարտիկի այրին: Նրա երկու որդիները դեռ չեն կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն են ընտրելու: Իսկ երրորդը` 7-րդ դասարանի աշակերտ Գեւորգը, արդեն հստակ որոշել է իր անելիքը: Նա մտադրվել է 8-րդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան, իսկ այնուհետեւ ուսումը շարունակել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: «Ես հպարտ եմ իմ տղաներով. նրանք իրենց հոր արժանի զավակներն են... Աստված չանի, բայց եթե պետք լինի, նրանք հաստատ տեր են կանգնելու իրենց հայրենիքին»,- վստահ ասում է Նաիրա Մխիթարյանը: Մայիս 07, 2007

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter