HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Միայնակ Գայլը

Զանգելանում էր, 1993 թվականի դեկտեմբերի վերջը: Ադրբեջանցիներն առջեւում բավականին հարմար դիրքեր էին զբաղեցրել: Անհրաժեշտ էր նրանց անհապաղ հետ շպրտել: Երեկոյան 5 հայորդիներ խորացան թշնամու թիկունքը: Գայլը, թեեւ հետախույզ չէր, ուղեւորվեց նրանց հետ: Նա նույնիսկ ընկերների համար աննկատ, հենց թշնամու խրամատում, անշշուկ նոսրացրեց ազերիների շարքերը` մեկ տասնյակից ավելի ադրբեջանցու ճանապարհելով հանգուցյալների աշխարհը: Հաշված ժամեր անց մերոնց գրոհը հաջողությամբ ավարտվեց: «Միայնակ Գայլ» մականունով Գեւորգ Գեւորգյանին կնքել են զինակից ընկերները: Ռազմի դաշտում նա աչքի է ընկել աներեւակայելի ճարպկությամբ, անկարելի թվացող ամենատարբեր առաջադրանքները միայնակ իրագործելու կարողությամբ: «Գիտես` հողը ուժ ա տալիս: Ես լուրջ եմ ասում: Եթե իսկականից այդ հողերը մերը չլինեին, հաստատ պարտվողը մենք կլինեինք»,- վստահեցնում է ազատամարտիկը: Գեւորգը ծնունդով Եղեգնաձորից է: Ծնվել է 1974թ.: Հետո ընտանիքը տեղափոխվել է Երեւան, որտեղ էլ նա ավարտել է դպրոցը: Սովորել է կոշկակարություն, իսկ 90-ականների սկզբներին մեկնել Ռուսաստան` արտագնա աշխատանքի: 1993-ի գարնանը վերադարձել է Երեւան եւ, բանակ զորակոչվելու համար, ինքնակամ ներկայացել զինկոմիսարիատ: Գորիսի զորանոցում հնարավորինս ծանոթացել է ռազմական գործի հմտություններին եւ երեք ամիս անց հայտնվել պատերազմի հորձանուտում: «Պատերազմում փլավ չեն բաժանում: Ահավոր էր. շատ ընկերներ եմ կորցրել: Մեր գնդում սկզբում 70 հոգի էինք, հիմա մնացել ենք ընդամենը ինը: Լինում էր` կողք-կողքի ընկերոջդ հետ խոսում ես ու հանկարծ զգում, որ պատասխան չկա. խփել են: Մի անգամ արկը խրամատի մեջ պայթեց: Աչքերիս առաջ մարդիկ վառվում էին: Չկարողացանք փրկել... »,- հիշում է նախկին զինվորը եւ նշում, որ մինչեւ հիմա երազներում այդ մղձավանջային պատկերները հայտնվում են: Գեւորգը մասնակցել է Հարթաշենի, Գորիսի շրջանի մյուս բնակավայրերին սպառնացող թշնամական հենակետերի ոչնչացմանը: Նա մարտնչել է նաեւ Արցախում` Կուբաթլու, Ջաբրայիլ, Աղդամ, Ֆիզուլի... «Մենակ Քելբաջարում չեմ կռվել,- ասում է նա եւ հավելում:- Սկզբում բոլոր նորեկներս էլ վախենում էինք: Հետո, անկախ մեզնից, դարձանք «բոեվիկ»»: Գայլը պատմում է, թե ինչպես 94-ի հունվարի 10-ին Հորադիզում 25-30 հոգով ընկան շրջափակման մեջ: Մի քանի հարյուր ազերիներ ամբողջ գիշեր ապարդյուն փորձել են սեղմել օղակը: «Հարբած էին կամ սրսկված. «ուռա» գոռալով «նաուռա» գալիս էին վրաներս: Ընենց հախներից եկանք, որ լուսադեմին արդեն կեսից էլ քիչ էին մնացել: Փախան... Մենք էլ զոհեր ունեինք: Որ մեր տղերքից մեկն ընկնում էր, ամեն ինչ անում էինք, «դաժե» իրանց քթի տակից դիակը վերցնում էինք: Իսկ իրանք... օրերով դրանց դիակները մնում էին ու հոտում: Ստիպված մենք էինք մեծ փոս փորում ու սաղին թաղում»,- հիշում է Գեւորգը: «Դրանց հետ ինչ ազգի մարդ ասես, որ չկար` չեչեն, աֆղանցի: Էլ «սնայպերիստների» մասին չեմ ասում. մեծ մասը ռուս աղջիկներ էին: Ասա` իսկի դուք չէիք նվիրված կռվում, էդ անտեր «նայոմնիկները» ի՞նչ անող էին»,- ադրբեջանցիների վրա զարմանում է ազատամարտիկը: Թշնամին իրեն այդքան անհանգստություն եւ վնաս պատճառած Միայնակ Գայլին մարտադաշտից դուրս է բերել միանգամայն պատահաբար: 1994-ի փետրվարի 7-ին թափառող, կույր գնդակը դիպել է Գեւորգի գլխին եւ ծանր վիրավորել: «Պարզ, արեւոտ օր էր, ոնց որ ամառ լիներ: Ինչ-որ ձայներ լսեցի: Գլուխս զգույշ խրամատից բարձրացրի ու... Տեր Աստված, մի դիվիզիա զորք էր գալիս: Մենք էլ իսկի կարգին զենք չունեինք, էդ էլ թուրքերից էինք վերցրել,- հիշում է զինվորը:-Թեժ կռիվ սկսվեց: Փորի վրա պառկած` զիգզագաձեւ առաջ էի գնում ու կրակում: Հետո թե ո՞նց ա էդ անտեր գյուլլեն կպել, չեմ զգացել»: Գայլին անմիջապես հասցրել են Հադրութի բուժկետ: Այստեղ ռազմիկին առաջին բուժօգնություն են ցույց տվել ու տեղափոխել Երեւան: «Հրաշքով եմ փրկվել: Չորս օր կլինիկական մահ եմ տարել: Հիվանդանոցում մի ամսից նոր խելքի եմ եկել: Մի օր ուզում էի սովորականի պես քայլել... ընկա: Հետո կամաց-կամաց, պատերից բռնվելով, փոքր երեխայի նման նորից քայլել սովորեցի»,- պատմում է Գայլը եւ նշում, որ մարմնի ձախ մասը թուլացել է: Գեւորգ Գեւորգյանին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը շնորհել է «Մարտական գործողությունների մասնակից» կրծքանշան, իսկ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պարգեւատրել «Մարտական ծառայության» մեդալով: Գայլն ամուսնացած է: Շուտով կլրանա որդու 5 տարին, իսկ զույգ աղջիկները 2 տարեկան են: «Թոշակով ու նպաստով ենք ապրում. մեր ապրուստի հիմնական միջոցը դա է: Մի կերպ յոլա ենք գնում, էլի... Շատ եմ ուզում աշխատեմ, ընտանիքս նորմալ պահեմ: Բայց գործ չեմ գտնում: Եթե ինձ համապատասխան աշխատանք գտնեի, շատ լավ կլիներ»,- ասում է առաջին խմբի հաշմանդամ դարձած ազատամարտիկը` Միայնակ Գայլը: Մայիս 07, 2007

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter