HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

«Մենք կարող ենք եւ պետք է մեր մշակույթները եղբայրաբար ապրեցնենք»

«Քարդեշ թյուրքյուլեր» («Եղբայրական երգեր») խմբի եւ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանի համագործակցությամբ թողարկվել է համատեղ առաջին խտասկավառակը, որը նվիրված է երեխաներին եւ կոչվում է «Չոջուկ հակլի» («Երեխան իրավունք ունի»): Վերջինիս ներկայացման նպատակով խումբն ու Արտոն պատրաստվում են ապրիլի 23-ից մինչեւ մայիսի 16-ը Թուրքիայի տարբեր քաղաքներում համերգներ տալ: Նրանք կլինեն Տիգրանակերտում, Անկարայում, Կեսարիայում, Էսքիշեհիրում, Անթալիայում, Վանում, Ստամբուլում: 

«Հետքի» հետ զրույցում խմբի հայազգի պրոդյուսեր, նաեւ ակորդեոնիստ Սարո Ուստան հայտնեց, որ սա իրենց արդեն չորրորդ ալբոմն է, սակայն մինչ այս երկար ժամանակ խումբը սկավառակ չէր թողարկել:

 «Քարդեշ թյուրքյուլեր»-ը գոյություն ունի արդեն 15 տարի: Նրա տարբեր ազգերի անդամները, որ 15 հոգի են, սկսել են միասին աշխատել Բողազիչիի համալսարանում՝ իրենց դասերին զուգահեռ: Այնուհետեւ ձեւավորվել է պրոֆեսիոնալ ֆոլկլորային խումբ: «Թուրքիայում կան տարբեր լեզուներ, կրոններ, ազգեր, ժողովուրդներ: Եվ մեր մեջ համալսարանում ծագեց այն միտքը, որ մենք կարող ենք եւ պետք է մեր մշակույթները եղբայրաբար ապրեցնենք»,- ասում է Սարոն:

Խմբում կա թուրք, հայ, քուրդ, ազերի, մակեդոնացի, այլ ժողովուրդների ներկայացուցիչներ: Սարոն պատմում է, որ ամեն տարի Ստամբուլում մեկ անգամ մեծ համերգ են կազմակերպում, որին մասնակցում են այլ երաժիշտներ եւս, ու բեմի վրա նրանց թիվը հասնում է 60-70-ի: 

2008-ին եղել են նաեւ Երեւանում, Ստամբուլի «Սայաթ-Նովա» երգչախմբի հետ համերգ են տվել, որը կրել է խորհրդանշական անուն՝ «Դռները բացեք»: «Հայաստանը մի քիչ հատուկ է թուրքերի համար, քանի որ նրանք ու հայերը հարեւաններ են, բայց դռները փակ են: Խումբը իր երաժշտության հիմքը ընտրել է հենց մշակութային եղբայրությունը»,- բացատրում է պրոդյուսերն ու հավաստիացնում, որ ցանկացած պահի պատրաստ են կրկին ժամանել Հայաստան, պարզապես հիմա նման հստակ ծրագրեր չկան:    

Արտո Թունջբոյաջյանի հետ համագործակցում են արդեն 4-5 տարի, չնայած որ Սարոն ու Արտոն վաղուց են ծանոթ: Առաջին անգամ միասին համերգ են տվել Ստամբուլում 2007-ին՝ Հրանդ Տինքի մահվան 40-րդ օրը:

Խմբի անդամների նման տարբեր են նաեւ երգերի լեզուները: Սկավառակում ներառված է 16 երգ տարբեր լեզուներով՝ թուրքերեն, քրդերեն, մակեդոներեն, չեչեներեն, արաբերեն, զազայերեն, եզդիերեն, հայերեն, կամ, ինչպես Սարոն է կատակում, «արտոերեն»:

Ըստ վերջինիս՝ շատ մեծ հարստություն է տարբեր լեզուների համատեղումը, սակայն միաժամանակ ամեն մի անդամի համար դժվար է իմանալ այդ բոլորը: Այս պարագայում օրինակ քրդերեն երգ պատրաստելիս քուրդ անդամի օգնությամբ ծանոթանում են երգի բառերին, դրա իմաստին ու սկսում աշխատել երգի վրա:

Սկավառակն արդեն շուկայում է: Սարոյի ասելով՝ իրենք ունեն իրենց հստակ ունկնդիրը, որը նախընտրում է այլընտրանքային երաժշտություն: «Մենք Թաթա Սիմոնյանի կամ Տարկանի նման երգեր չենք երգում: Սա պոպ երաժշտություն չէ, բայց հատկապես Թուրքիայում եւ քրդերով ու թուրքերով մարդաշատ երկրներում խումբն ունի իր կշիռը»,- եզրափակում է պրոդյուսերը:     

Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter