HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 18-ը ապրիլի (մաս 2)

Մեր ուղեկից Սուսայեի հետ պայմանավորվել էինք հանդիպել հենց մեր շենքի առաջ առավոտյան 10-ն անց 15-ին: Պատուհանից դուրս նայեցի. գիշերվա անձրեւը ոչ միայն չէր դադարել, այլեւ շարունակում էր տեղալ նոր թափով: Կարծես Ստամբուլի վրա անսպառ ամպեր էին կուտակվել: Մեր նեղլիկ, զառիթափ փողոցը նմանվել էր փոքրիկ լեռնային վտակի, որ գնում թափվում էր ներքեւում «հոսող» ավելի մեծ փողոց-գետակի մեջ, դա էլ իր հերթին հետո միանում էր մեկ ուրիշին, ու այսպես շարունակ: Անձրեւը ստիպել էր տաք անկյուն փնտրել նաեւ կատուներին, որ, ինչպես հետո պարզվեց, շնից շատ էին Էնվեր Կարաբաբա տան մուտքերում: Ընդհանրապես, թուրքերը կատվի սիրահար են. եթե Երեւանում կատու կտեսնես աղբանոցի մոտ, ապա այստեղ դրանք ամենուր են՝ հյուրանոցներում, ռեստորաններում, շենքերի բակերում… Գործընկերներիցս մեկը Կոջաաղա փողոցն անմիջապես կնքեց Կատվաշեն անունով: Դե ուրեմն մենք էլ կատվաշենցիներ պիտի կոչվենք:

Սուսայեյի հետ դուրս եկանք Իսթիկլալ պողոտա, որը մի երկու հարյուր մետր էր հեռու Էնվեր Կարաբաբայից: Դեռ Հայաստանում լսել էի, որ այս կենտրոնական պողոտան նման է անվերջ ընթացքի, շարժը երբեք չի դադարում: Այդպես էլ կար: Չնայած ինձ առաջին հայացքից թվաց, թե անձրեւի պատճառով են մարդիկ արագ քայլում, բայց հետո հասկացա, որ դա սովորական երեւույթ է մեծ քաղաքում. մարդիկ նման են անհանգիստ շարժման մեջ գտնվող մրջյունների: Սակայն այդ պահին պետք չէր ուղեղը ծանրաբեռնել նման մտքերով, քանի որ էլ ավելի կարեւոր խնդիր կար՝ ինչպե՞ս հնարավորինս քիչ թրջվել, երբ նույնիսկ անձրեւանոցը չի փրկում դիմահար անձրեւից ու գիժ քամուց: Դրան հավելենք եւ այն, որ Իսթիկլալը հատող  նեղլիկ փողոցներից հանկարծ կարող էր դուրս թռչել մի մոտոցիկլետ ու ցեխաջուր թռցնել ոտքերիդ, կամ, որ ավելի անակնկալ էր, հետեւիցդ մի մեքենա կանցներ ու Թաքսիմից իջնող «առվակները» կչպպացներ վրադ…

Թաքսիմ հրապարակ հասնելուն պես իմ ուշադրությունը գրավեց կարմիր փոքրիկ տրամվայը, որի մեջ մարդիկ էին լցվում՝ Իսթիկլալով Բեյօղլու եւ Գալաթա իջնելու համար:  Հիշեցի Անրի Վերնոյի «Մայրիկ» ֆիլմն ու դրա միջի սալիկապատ փողոցը, որտեղով անցնում էր նույնպիսի տրամվայը: Եթե Երեւանում գերիշխում են միկրոավտոբուսները, ապա Ստամբուլում դրանք զիջում են ավտոբուսներին, մետրոյին ու տաքսիներին: Չնայած այստեղի վարորդներն էլ մերոնց համեմատ պակաս «շումախեր» չեն: Արեւելցու տաք արյունն է երեւի պատճառը…

 Մեզ սպասում էին Ստամբուլի մշակույթի համալսարանում (Istanbul Kultur University), որտեղ էլ գտնվում է GPOT կենտրոնը: Չգիտեմ ում, բայց ինձ համար այդտեղ ամենահետաքրքիրը կենտրոնի տնօրենի՝ դոկտոր Մենսուր Ակգյունի անձն էր: Լսած լինելով, որ վերջինս արտգործնախարար Դավութօղլուի դասընկերն է ու հիմա էլ ոչ պակաս կարեւոր դերակատարություն ունի Թուրքիայի արտաքին քաղաքականության մեջ՝ առանձնակի հետաքրքրությամբ էի հետեւում լրագրողներիս հարցերին տված նրա պատասխաններին, որոնք թուրքական դիվանագիտության հիանալի նմուշ էին: Ճշմարիտ էր հատկապես Թուրքիայի համար Հայաստանի ունեցած նշանակության եւ հետաքրքրության մասին տեսակետը՝ Հայաստանը փոքր ձուկ է Թուրքիայի համար: Ավելի կոնկրետ ու պատկերավոր չես մտածի: Թերեւս դեռ առիթ կլինի անդրադառնալու դոկտոր Ակգյունի կարծիքներին:

 Մեր հաջորդ կանգառը «Զաման» (հայերեն՝ ժամանակ) օրաթերթի խմբագրությունն էր: Միանգամից ասեմ, որ այս շենքում կարող էին տեղավորվել մի քանի հայաստանյան հեռուստաընկերություններ ու բազմաթիվ թերթեր: Իր սեփական տպարանով ու մի քանի հրատարակություններով այս խմբագրությունն իսկապես ուժեղագույններից է ոչ միայն Թուրքիայում, այլեւ տարածաշրջանում: Արտասահմանյան նորությունների խմբագիր Ջելիլ Սաղիրը ակնհայտ հպարտությամբ նշեց, որ այսօր առաջին անգամ Թուրքիայի մամուլի պատմության մեջ իրենք մոտեցել են 1 մլն տպաքանակի սահմանին: Եվ դա այն դեպքում, երբ «Զաման»-ը համեմատաբար երիտասարդ թերթ է. հիմնադրվել է 25 տարի առաջ՝ 1986-ին: Չցանկանալով ծանրաբեռնել օրագրիս էջերը մանրամասներով՝ կարծում եմ, որ «Զաման»-ի մասին գրելու առիթ նույնպես դեռ կունենամ, մանավանդ որ Ջելիլ Սաղիրը բավականին կիրթ ու հաճելի մարդու տպավորություն թողեց իր պատասխաններով ու հյուրընկալությամբ:

«Զաման»-ից դուրս գալիս անձրեւը թուլացել էր, սակայն երկինքը կրկին ամպամած էր, ու անդուր քամի էր փչում: Ժամանակն էր հետ վերադառնալ, ճաշել ու անցնել գործի. Երեւանում նյութերի են սպասում:

Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter