HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ինչու է համոզում ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը

24-ամյա Վահան Խալաֆյանը սպանվեց Չարենցավանի ոստիկանության շենքում: Հնարավո՞ր է, որ այս դեպքի մասին հասարակությունը չիմանար, իհարկե: Հնարավո՞ր է, որ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մարսեր այս դեպքի առնչությամբ հասարակությանը սուտ տեղեկություն տալը, իհարկե:

Որովհետեւ նա շարունակում է սուտ տեղեկություններ տալ: Շարունակում է պնդել, որ Վահան Խալաֆյանը ինքնասպան է եղել: Ալիկ Սարգսյանին պաշտոնեական դիրքը չարաշահելու համար կարող են ենթարկել քրեական պատասխանատվության:

Թերթերից մեկին տված հարցազրույցում ոստիկանապետն ասել է. «Ես պատժելու եմ իմ այն աշխատակիցներին, որոնք ինձ սխալ ինֆորմացիա են տվել` ինձ դնելով անհարմար վիճակի մեջ: Ովքեր որ հանցանք են կատարել` ծեծել են երիտասարդին, խոշտանգել են, բոլոր այդ մարդիկ պատժվելու են օրենքի խստագույն տառով: ...Ինձ թող ներեն այն մարդիկ, որոնց ես իմ հայտարարությամբ ապատեղեկատվություն եմ տվել: Իսկ ինձ խաբողները պատժվելու են օրենքի ամենայն խստությամբ: Ես ոչ ոքի չեմ ներելու»,- ասել է Ալիկ Սարգսյանը: Սակայն սրան զուգահեռ ոստիկանապետը նորից անհեթեթ հայտարարություն է արել. «Ես հիմա էլ պնդում եմ, որ դա ինքնասպանություն է եղել` նա է դանակը վերցրել ու իրեն սպանել»:

Ո՞վ կարող է նման հայտարարություն անել նախաքննության փուլում գտնվող գործի վերաբերյալ ու այնքան վստահ, կարծես ինքը մասնակից է եղել այդ «ինքնասպանության արարողությանը»: Իսկ քանի~-քանի~ նման դեպքեր են եղել, երբ ոստիկանապետը, դեռ քննությունը չավարտված, հայտնել է իր կարծիքը իր աշխատասենյակում: Ի՞նչ է, ոստիկանական բաժանմունքներում իրականացվող խոշտանգումների մասին առաջին անգա՞մ է լսում ոստիկանապետը:

Ամիսներ առաջ դատաքննության ընթացքում Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի բնակիչ Սաշա Դավթյանը պատմել է, թե ինչպիսի խոշտանգումների է ենթարկվել եւ ստիպված ստորագրել իրեն ներկայացված փաստաթղթերը: Դատարանում նույնիսկ հաստատվել է, որ ոստիկանությունը խոշտանգումների արդյունքում է ձեռք բերել ցուցմունքները: Նույն մեթոդներով ցուցմունքներ են ստացել նաեւ Դավթյանի դուստրերից: Սաշա Դավթյանը նշել է իրեն խոշտանգող ոստիկանների եւ քննիչների անուն-ազգանունները: Ալիկ Սարգսյանը գիտի այս փաստի մասին եւ ի՞նչ է արել, պատժե՞լ է որեւէ մեկին, իհարկե ոչ: Ոստիկանապետը հավանաբար համոզված է, որ դրանք «ինքնակտտանքներ» են եղել: Այս ի՞նչ նոր «հիվանդություն է» սկսվել հայերիս մոտ` «ինքնասպանություն» գործել ոստիկանների աչքերի առաջ, նրանց «նվիրած» դանակով:

Մոտ մեկ ամիս առաջ «Հետքի»  լրագրողի հարցին, թե ճի՞շտ է, որ «Մեթլ Փրինս» ընկերության սեփականատեր Սերոբ Տեր-Պողոսյանը տասնհինգ հազար դոլար է տվել Ալավերդիում ոստիկանության շենքը վերանորոգելու համար, ոստիկանապետը պատասխանել է, եթե երկու բառով ասենք, ասպես` Սերոբ Տեր-Պողոսյանը շատ հայրենասեր անձնավորություն է: Եթե փոքր-ինչ ուսումնասիրենք ոստիկանապետի ելույթները, կտեսնենք, որ նա իրավաբանական գիտելիքներ պարզապես չունի, այլապես հասարակությանը չէր համոզի, որ 24-ամյա Վահան Խալաֆյանն ինքնասպան է եղել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter