HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Միայնակ «ճաշակում է ցասումն էլ, երջանկությունն էլ, պայքարն էլ»

Արմինե Առաքելյանը, թողնելով Շվեդիան, 2001 թ. մոր հետ տեղափոխվեց Հայաստան: Ասում է, որ Հայաստան տեղափոխվելու որոշումը պատկանելության եւ պարտականության դաշտում է, ոչ թե զգացական մակարդակում, այլ` գիտակցական: «Ես ճաշակել եմ էդ դուրսը, այնտեղ կիսատ ես ապրում, ամբողջական չես: Կան մարդիկ, որոնք նյութապաշտ են, նրանց համար ամենակարեւորը տունդ ունենաս, ավտոդ, աշխատանքդ, սնունդդ ունենաս: Մարդ մեկ անգամ է ապրում, եթե կիսատ պիտի ապրես, դա ու՞մ է պետք, սա քո մասնիկն է: Ես իմ պարտականությունն եմ զգում իմ սովորածը այստեղի հետ կիսել: Որոշել եմ մնալ այնքան ժամանակ, մինչ սկսեմ զգալ, որ անզոր եմ եւ ինձ խանգարում են, եթե խիստ բռնապետական համակարգ ստեղծվեցավ, հավանաբար կհեռանամ այստեղից»,- ասում է Արմինեն: Մինչեւ վերջնական տեղափոխվելը, դեռեւս 1999 թ. նա Հայաստանում իր միջոցներով հիմնել էր Մարդու իրավունքների եւ ժողովրդավարության ինստիտուտ (ՄԻԺԻ) ոչ կառավարական կազմակերպությունը: Նպատակն է նպաստել մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքների վրա հիմնված ժողովրդավարական պետության զարգացմանը: Արմինեն ծնվել եւ 20 տարի ապրել է Թեհրանում, ապա սովորել Լոնդոնում: 18 տարի իրավաբան եւ քաղաքագետ է աշխատել եվրոպական, աֆրիկյան, ասիական տարբեր երկրներում: Նա Ֆրանսիայի քաղաքացի է: Հայաստան գալով` նախ ապրել է Երեւանում: Այժմ ապրում է մայրաքաղաքից 20կմ հեռավորությամբ գտնվող Մուղնի գյուղում: Երեւան է գալիս շաբաթվա մեջ ընդամենը երկու օր: «Քաղաքացիությունդ ինքդ ես ընտրում, ստացել եմ հայեցի դաստիարակություն, Հայաստանը այդ ժամանակ նորաստեղծ երկիր էր, եւ պետք է օգնեինք նախ կայացմանը, ամեն ինչ անում էի, որ արժանապատիվ եւ գլուխս բարձր գամ Հայաստան, դաստիարակեմ երիտասարդ սերնդին, քաղաքացիական հասարակություն ձեւավորեմ, ես չեմ ուզել առեւտրական ինչ-որ բաներ ունենալ այստեղ, դա իմ ոլորտը չի: Հայաստանում չկա իսկական հասարակություն, արմատացած էգոիզմ եւ ճորտատիրական համակարգ է, կամ պետք է անընդհատ գլուխդ ծռես մեկի առաջ, կամ օճառվես, կամ էլ իրենց նման հռի-բռի»,- ասում է նա: 2008 թ. նա ՄԻԺԻ-ի նախագահությունը հանձնել է երիտասարդ սերնդին, բայց շարունակում է նրանց օգնել իր խորհուրդներով: «Գոնե միկրոմակարդի ինչ-որ բաների հասել ենք, կարծում եմ` սերունդ կա, երիտասարդները չեն մեկնում, երիտասարդի համար շատ դժվար է այստեղ ապրելը, բայց ես միշտ իրենց ասում եմ` գնացեք ուսանեք ու վերադարձեք»,-ասում է նա: Մասնագիտական հմտությունները օգտագործելով` Արմինեն փորձել է նաեւ համայնքային հարցերով օգտակար լինել: Նա պատմում է 2 տարվա պայքարի արդյունքում Կասկադին հարակից բակերից մեկում չկառուցված ենթակայանի մասին: «Ասաց` կգյուլենք քեզ, երեք հատ ատրճանակ ունենք, ամբողջ գիշեր էդ շենքի բնակիչները չեկան քնելու, վախենում էին, նախկին ոստիկանապետն էր անողը, այդտեղ իմ արժանապատվությունը վիրավորվեց»: Համայնքային խնդիրները հիմա էլ փորձում է լուծել Մուղնիում, իր բառերով ասած` գյուղը 15-րդ դարից առաջ տանել: «Ես միշտ էլ սիրել եմ բնության մեջ ապրել, մի քիչ հեռավորության հարց կար Երեւանից, նայեցի տարբեր գյուղեր, բայց ամենաշատը հենց Մուղնին հավանեցի, հատկապես Արագածը այնտեղից շատ սրտովս էր, իմ թաղամասը «Սումգայիթի» թաղամասն է, ամենախեղճ թաղամասը, տուն գնեցի, համեստ սարքեցի, բակում ծառեր են, կենդանիներ ունեմ: Մաքրում եմ, այգեպանություն եմ անում, կենդանիներին եմ խնամում, քայլում եմ, անվճար իրավաբանական խորհրդատվություն եմ տալիս»,-ասում է Ա.Առաքելյանը: Ինտերնետով նաեւ խորհրդատվական աշխատանքներ է անում: Վերջերս Արմինեին բարձր պաշտոն են առաջարկել Ժնեւում, բայց նա հրաժարվել է. «Ես երազող մարդ եմ, եւ իմ երազանքն է կարողանալ մարդավայել ապրել իմ հայրենիքում: Մարդկությունը շատ է հեռանում բնությունից, բնությունը ուժ է տալիս, հոգու խաղաղություն, այլապես գժվում ես: Ավելի լավ է օրը կես ժամ լինես բնության մեջ, ոչ թե էդ ղժի-բժի բարքերում, լռություն լինի: Այստեղ լիարժեք եմ ապրում, ճաշակում ցասումն էլ, երջանկությունն էլ, պայքարն էլ»: Նա ասում է, որ եթե ուզում ես մի բան փոխել, պետք է գաս, վայելես եւ գործես, ոչ թե հեռվից` վիրտուալ տարբերակով. «Կան մարդիկ, ովքեր պասպորտով են հայ, մարդ պետք է ամբողջական ապրի, եթե դու Ֆրանսիայում ես ապրում, գոնե Ֆրանսիան վայելի, ճաշակի, ճանաչի, ոչ թե գնա Ֆրանսիայում քյաբաբ սարքի, կամ գնացել են ԱՄՆ-ում Լոս Արմենիոս են սարքել: Հայաստանից երգիչ է գալիս, լացում են, ինչի՞ ես լացում, ուզու՞մ ես` գնա ապրի, համ էն են ուզում, համ էլ էս, թե չէ սփյուռքահայերը գալիս են` էստեղ աղտոտել են, էնտեղ աղտոտել են, արի սարքի, եթե հյուրի կարգավիճակով ես, ավելի լավ է չգաս: Գնացել ես ԱՄՆ փող անելու, դե փողդ արա, վերջացրու, ինչի՞ ես ընկել հայության հետեւից, ի՞նչն է պակաս` քյաբաբդ, էդ չի՞ հայությունը»: «Հայերի գլխավոր խնդիրը պետականության կառուցումն է» «Ժամանակը սփյուռքի դեմ է աշխատում, դու այնտեղ չես կարող ինքնությունդ պահպանել: Սերունդներով կորում են, հայ լինելը պետք է ուրիշ ձեւ լինի, նախ` իբրեւ մարդ կայանա եւ գիտակից լինի իր ինքնությանը, իմանա` ինչ է ժառանգել, բայց մենք քյաբաբ-խորոված ենք անում, ցեղասպանություն ճանաչելու երթեր ենք անում: Դա ի՞նչ է տալիս Ֆրանսիայում ապրող երիտասարդին: Սփյուռքի սովորույթի ուժով անում է այն, ինչ իր պապերն են արել»: Սա, ըստ Արմինեի, հետեւանք է այն բանի, որ ինչպես Հայաստանը պետականաշինության ուղղությամբ չի գնում, այնպես էլ սփյուռքը: «Հայերի գլխավոր խնդիրը պետականության կառուցումն է, մենք ունենք պետականություն ֆորմալ իմաստով` դրոշակ, գերբ: Պետականության հիմքը քաղաքացիությունն է, ոչ թե պասպորտը, պիտի կարողանանք կրթել մանուկից մինչեւ պետական չինովնիկ, բոլորը պիտի հասկանան, որ էս հանրային տարածքն իրենցն է, ոչ թե այն իմաստով, որ պետք է վերցնեն թալանեն, այլ ցավ զգան, կարողանան նվիրաբերել, լուծումներ տալ»: Նրա կարծիքով, եթե չկարողանանք կառուցել մեր պետականությունը, կվերանանք ասորիների նման կամ էլ կդառնանք որեւէ երկրի գաղութ: «Ինչպես հիմա որոշ չափով Ռուսաստանի գաղութն ենք, իսկ ի՞նչն է մերը` հանրային ծառայություննե՞րը, քաղաքական ուժե՞րը, եթե դու լեգիտիմ չես, ապա պարտավոր ես լսել ռուսի ասածը, որոշ չափով էլ` Համաշխարհային բանկի եւ Արեւմուտքի գաղութն ենք, ահագին արտաքին պարտք ունենք, դրա համար էլ զարգացում չենք ապրում»: Ըստ Արմինեի` երկրի զարգացվածության աստիճանը որոշելու համար պետք է տեսնել, թե այդ երկրում ինչպես են ապրում թոշակառուները եւ մանուկները. «Մի օր մենք էլ ենք թոշակառու դառնալու, 20 հազարով չես կարող ապրել»: Հայաստանում Արմինեին ամենից շատ զարմացնում է բնությունը, ասում է` մենք 4 եղանակ ունենալու բախտ ունենք, տարբեր պեյզաժներ եւ կլիմաներ ճաշակելու հնարավորություն: Հայաստանը համեմատելով իր ապրած մյուս երկրների հետ` նշում է, որ այստեղ իրեն զայրացնում է հիմարության աստիճանի հասնող ինքնագովությունը. «Մենք չենք ընդունում, թե ինչ ենք, այ մարդ, ընդունիր ինչ-որ ես, որ կարողանաս քեզ փոխես, թե չէ անընդհատ ասես` վայ, ինչ լավն եմ, 4000 տարվա եմ, էս եմ, էն եմ, բայց իրականության մեջ դու շատ պրիմիտիվ ես ապրում: Մենք ասում ենք` նրանք անտառներում թռվռում էին, երբ մենք Տիգրան Մեծ ունեինք, բայց նրանք հիմա անտառներում չեն, դու ես անտառներում, իսկ Աֆրիկայում գիտակցում են, որ իրենք խեղճ են»: Արմինեի կարծիքով` Հայաստանում բացակայում է հանրային գիտակցությունը: Օրինակներ է բերում Շվեդիայից, որտեղ մեկ օր աղբը չտանելու պատճառով թաղապետ է փոխվում: «Միջին Արեւելքին շատ մոտ ենք, նման ենք բնությամբ, կենցաղով, ապրելակերպով: Լատինական Ամերիկայում եւ Աֆրիկայում նվաճման պրոցես է եղել, նրանք պայքարել են անկախության համար, իսկ մեզ տրվել է: Սովետը փլվել է, մենք անկախացել ենք, դրա համար էլ չենք գնահատում: Աֆրիկյան երկրներում ավելի գյուղական եւ երկրագործական մակարդակի են ապրում, մի քիչ զուրկ են թելեվիզորից, բայց գոնե իրենց ավանդականը պահպանում են: Այստեղ հակամշակույթ է` սկսած թելեվիզորից վերջացրած ինչ ուտում ենք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter