HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Վերահսկիչ պալատը Իջեւանում է

Մայիսի 11-ին կայացավ Տավուշի մարզխորհրդի արտահերթ նիստ, որը հրավիրվել էր Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առաջարկով: Մարզպետարանի դահլիճում մարզի համայնքների, դպրոցների, առողջապահական հիմնարկների եւ սոցիալական ծառայության տարածքային գրասենյակների ղեկավարներն էին: Պալատի նախագահը Իջեւան էր ժամանել իր տեղակալ Գագիկ Ոսկանյանի, պալատի մեծ թվով աշխատակիցների հետ: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ողջունեց Իշխան Զաքարյանին եւ Վերահսկիչ պալատի բոլոր աշխատակիցներին ու հաջողություններ մաղթեց մարզպետարանի հետ համատեղ աշխատանքում: Իշխան Զաքարյանն ասաց, որ պալատի երկու մասնագիտացված վարչություններ` 3-րդը եւ 4-րդը, մայիսի 12-ից Տավուշի մարզում ստուգումներ կիրականացնեն: 3-րդ վարչությունը ստուգումներ է կատարելու համայնքային կառույցներում, իսկ 4-րդը ստուգելու է Տավուշի մարզպետարանը: Ի. Զաքարյանը մանրամասնեց, թե այդ վարչությունները որ խնդիրներին են առաջնահերթ ուշադրություն դարձնելու: «Վերահսկիչ պալատն աշխատում է շատ բաց եւ թափանցիկ սկզբունքով, մենք որեւէ բան չենք թաքցնում, ստուգումներն ավարտելուց հետո այս նույն դահլիճում հավաքելու ենք բոլորիդ եւ ներկայացնելու ստուգման արդյունքները: Վերահսկիչ պալատը անհիմն բաներ չի ասում, սակայն ոչ մի բան չի թաքցում»,- հավաստիացրեց պրն Զաքարյանը` հավելելով, որ քրեական բնույթի խախտումների կասկածի դեպքում գործը հանձնվում է դատախազություն, օպերատիվ-վերահսկողական աշխատանքների անհրաժեշտության պարագայում համագործակցում են ոստիկանության համապատասխան կառույցների հետ: Նա ասաց, որ ինքը վարչությունների պետերին չի ուղղորդում որեւէ համայնք ստուգելու: Ստուգումների համար տրամադրված 24 աշխատանքային օրը (անհրաժեշտության դեպքում Վերահսկիչ պալատի նախագահը կարող է դրան հավելել եւս 14 օր) բավական չէ բոլոր համայնքներում ստուգումներ կատարելու համար, ուստի ստուգումներ կլինեն ռիսկային համարվող համայնքներում: Դրանք որոշվել են Վերահսկիչ պալատի համապատասախան վարչությունների կողմից` գրեթե մեկ ամսում համայնքներից ստացած եւ վերլուծած տեղեկատվության հիման վրա: Ի. Զաքարյանը ներկաներին հորդորեց «ավելորդ բաների չհավատալ», որ եթե ինքը Վերահսկիչ պալատի որեւէ անդամի մասին բացասական բաներ լսեց, այդ աշխատակիցը հաջորդ օրն իսկ չի աշխատի վերահսկիչ կառույցում: Նաեւ հայտնեց, որ մարզերում ստուգումներ իրականացնելիս իրենք հաճախ բացասական երեւույթների են ականատես լինում` հավանաբար նկատի ունենալով միջնորդությունները: «Օգնեք ստուգողներին, խանգարել մեկ է` չի ստացվելու»,- կոչ արեց նա: Վերահսկիչ պալատի նախագահն իր խոսքերը Տավուշում գործով հաստատելու հնարավորություն կունենա: Ռիսկային համայնք գտնելու համար հարկ չկա հեռու գնալ: Դրա համար Վերահսկիչ պալատի անդամները պետք է մարզկենտրոնում աշխատեն: Հիշեցնենք, որ մարզկենտրոն Իջեւանի ավագանու անդամները ոչ թափանցիկ աշխատանքի համար 2009 թ. հոկտեմբերի 5-ին անվստահություն էին հայտնել քաղաքապետ Վարուժան Ներսիսյանին: Վերջինս էլ իր հրաժարականը պահանջած ավագանու 8 անդամներից 5-ի լիազորությունները դադարեցրել էր` ավագանու նիստերին բացակայելու պատճառաբանությամբ: Ավագանու անդամներն էլ դիմել էին դատարան: Ապրիլի 14-ին Սեւանի վարչական դատարանը (դատավոր` Հովհաննես Թորոսյան) որոշել է մերժել իրենց լիազորությունները վերականգնելու ավագանու 5 անդամների` Վարդան Օրդինյանի, Վարդան եւ Վահե Ղալումյանների, Էդգար Ասլանյանի եւ Արտակ Խաչատրյանի հայցը: Նրանք պատրաստվում են դատարանի այս վճիռը բողոքարկել. մայիսի 13-ին կամ 14-ին նրանց հայցադիմումները կներկայացվեն ՎՃռաբեկ դատարան: Իջեւանի քաղաքապետին անվստահություն հայտնած ավագանու 8 անդամներից7-ը հայցով դիմել էր Սեւանի վարչական դատարան` պահանջելով, որ Իջեւանի քաղաքապետարանը տրամադրի ավագանու 2005-2009 թթ. նիստերի արձանագրությունները: Սեւանի վարչական դատարանը` նույն դատավոր Հովհաննես Թորոսյանի նախագահությամբ, փետրվարի 23-ին վճռել էր բավարարել հայցը: Մարտի 21-ին Իջեւանի քաղաքապետը այդ որոշումը բողոքարկել էր Վճռաբեկ դատարան: Ապրիլի 30-ին Վճռաբեկ դատարանը որոշել է բողոքը վարույթ չընդունել, այսինքն` վարչական դատարանի վճիռը մնացել է անփոփոխ: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով պետք է ապահովվի վճռի կատարումը: Ավագանու անդամները համոզված են, որ արձանագրությունները ստանալուց հետո շատ բան «ջրի երես կելնի»: Նրանք նաեւ ակնկալում են, որ մարզում ստուգումներ սկսած Վերահսկիչ պալատը կպարզի, թե ինչպե՞ս ավագանու քվորումի բացակայության պայմաններում 2009 թ. դեկտեմբերի 21-ին «հաստատվեց» քաղաքի 2010 թ. բյուջեն, քաղաքի որոշ տարածքներ, որոնք Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով ենթակա չեն օտարման, ինչպե՞ս են վաճառվել: Ավագանու անդամները Սեւանի վարչական դատարանի նիստերի ընթացքում ծանոթանալով ավագանու 2009 թ. հունիսի 12-ի նիստի արձանագրությանը` նկատել են, որ այդ նիստի օրակարգի 2 հարց գրչով «ուղղվել», հայտնվել է ավագանու նույն թվականի ապրիլի 17-ի նիստի օրակարգում, ընդ որում` ապրիլի 17-ի նիստի մասնակիցները հունիսի 12-ի նիստին ներկա չեն եղել: 15 հազար բնակիչ ունեցող Դիլիջան քաղաքի այս տարվա բյուջեն շուրջ 600 մլն դրամ է, որի կեսը ֆոնդային, կեսը վարչական բյուջե է: Իսկ 20 հազար 600 բնակիչ ունեցող մարզկենտրոնի, համալսարանական քաղաք Իջեւանի 2010 թ. բյուջեն դրանից գրեթե կիսով չափ փոքր է` ընդամենը 330 մլն դրամ: Ընդ որում` երկու քաղաքներում անշարժ գույքի շուկայական գները գրեթե հավասար են: Իշխան Զաքարյանի վկայությամբ բաց եւ թափանցիկ աշխատող Վերահսկիչ պալատը կցանկանա՞ խորանալ այս պարզ խնդրի մեջ, ստուգող վարչության անդամները կկամենա՞ն հանդիպել իրենց պահանջով մինչեւ նախագահական հասած ավագանու անդամների հետ, լսել նրանց փաստարկները, որպեսզի բացահայտվի ամբողջ ճշմարտությունը: Դա պարզ կլինի 24 օրից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter