HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արտավազցիներն` ընդդեմ Կառավարության

Կոտայքի մարզի Արտավազ գյուղի 41 բնակիչներ հայց են ներկայացրել վարչական դատարան: Նրանք պահանջում են անվավեր ճանաչել Կառավարության այս տարվա փետրվարի 25-ի որոշումը, որով Արտավազ համայնքի մոտ 96 հա հողատարածք ճանաչվել է «բացառիկ գերակա շահ» եւ հատկացվել «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ընկերությանը: Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը Կառավարության նիստում ծրագիրը ներկայացնելիս «բացառիկ գերակա շահ» ճանաչելու մասին որոշման անհրաժեշտությունը հիմնավորել է Կոտայքի մարզում քաղցրահամ եւ հանքային ջրերի արդյունահանման եւ շշալցման գործարանի կառուցման ներդրումային առաջարկի իրականացման արդյունավետությամբ: Հիշեցնենք, որ ներդրումային ծրագիրը Կառավարությանը ներկայացրել է շվեյցարական «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերությունը, որի նախագահն է Սաուդյան Արաբիայի շեյխ Մուհամմեդ Մուսալլամը: Ընկերությունը Կառավարության նիստի օրը գրանցել է «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն, որի գործադիր մարմնի ղեկավարը ԱԺ պատգամավոր Գագիկ Աբրահամյանի որդին է` Արամ Աբրահամյանը: «ՍՎԻՍՍ ՌԵԱՌ ԷՍ.ԷՅ» ընկերության կողմից նախանշվել է Արտավազ համայնքի հյուսիս-արեւմտյան հատվածում գտնվող Ուլաշիկ գետի ավազանին հարակից շուրջ 1400 հա տարածք, որից միայն 40 հեկտարն է նախատեսված անհրաժեշտ ենթակառուցվածքների եւ գործարանի կառուցման համար: Նշված հողատարածքն իր մեջ ներառում է պետական, համայնքային, ինչպես նաեւ մասնավոր սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասեր: Իսկ այդ տարածքից մոտ 96 հա-ն համընկել է 138 արտավազցիների վարելահողերի եւ խոտհարքների հետ: Մնացած տարածքի մեծությունը, ինչպես պարզաբանել է մեր նամակի պատասխանում Ներսես Երիցյանը, պայմանավորված է արդյունահանման ենթակա քաղցրահամ եւ հանքային ջրերի որակի պահպանման համար միջազգային պրակտիկայում կիրառվող բնապահպանական անվտանգության գոտու անհրաժեշտությամբ: «Բացառիկ» հանրայի՞ն, թե՞մասնավոր գերակա շահ Փաստաբաններ Արա Զոհրաբյանը եւ Դավիթ Դանելյանը, որոնք դատարանում ներկայացնելու են գյուղացիների շահերը, հայցադիմումում նշում են, որ տվյալ  պարագայում խախտվել է հայցվորների` Սահմանադրության 31-րդ հոդվածով երաշխավորված սեփականության իրավունքը, քանի որ նրանց սեփականության նկատմամբ գերակայող ճանաչված շահը հանդիսանում է մասնավոր իրավաբանական անձի առեւտրային շահ, եւ ոչ հանրային: Մինչդեռ Կառավարության որոշման մեջ նշվում է, որ ներդրումային առաջարկի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերին, քանի որ ներդրումային առաջարկի իրականացումը նպատակաուղղված է ՀՀ տարածքային համաչափ զարգացման ապահովմանը, որը կարեւոր ռազմավարական նշանակություն ունի երկրի սոցիալ-տնտեսական զարգացման համար: «Արտավազը գյուղական համայնք է, եւ վերջինիս բնակիչների համար էական եւ կենսական նշանակություն ունի իրենց պատկանող հողերի գոյությունը եւ օգտագործումը: Այլ կերպ ասած` գերակա հանրային շահ ճանաչված հողամասերը հանդիսանում են գյուղացիների եւ գյուղացիական տնտեսությունների համար կենսական շահի աղբյուր»,- նշում են հայցվորները: Ավելին, նրանք արձանագրում են, որ առեւտրային կազմակերպության մասնավոր շահը նման «բացառիկ» գերակայությամբ օժտելը չի կարող արդարացվել նաեւ Հայաստանի տարածքային համաչափ զարգացման անհրաժեշտությամբ, քանի որ «ի՞նչ տարածքային զարգացման մասին կարող է խոսք լինել, երբ տվյալ տարածքում գտնվող սոցիալական որոշակի խումբ ուղղակի զրկվում է իր համար կենսական նշանակություն ունեցող եւ տվյալ վայրում իր գտնվելու համար հիմնական բնութագրիչ հանդիսացող սեփականությունից»: Այսինքն` գյուղատնտեսական նշանակության հողամասերն օտարվում են մասնավոր իրավաբանական անձի` սեփական կարիքների համար այնտեղ կառուցապատում իրականացնելու նպատակով: «Բնականաբար, «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը բարեգործության համար չէ, որ ցանկանում է գործարան կառուցել, այսինքն` իրականում հետապնդում է մասնավոր շահերի բավարարման նպատակ»,- նշում են հայցվորները: Նրանց հիմնավորմամբ` Կառավարության որոշմամբ նշված շահը չի կարող համարվել «բացառիկ», քանզի առկա չէ «անհրաժեշտ հասարակական կարիքը», հետեւաբար այն խախտում է հայցվորների սեփականության իրավունքը: Օրենքով առաջադրվում են որոշակի պահանջներ, որից կարեւորագույնը սեփականության օտարման բացառիկ` գերակա հանրային շահի հիմնավորումն է, ինչպես նաեւ փոխհատուցման, դրա համար անհրաժեշտ միջոցների աղբյուրների կամ երաշխիքների վերաբերյալ տեղեկատվությունը: Իսկ տվյալ պարագայում «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն Կառավարությանը չի ներկայացրել համապատասխան դիմում, որը կպարունակեր գերակա շահի հիմնավորում, երաշխիքների տրամադրում եւ այլն, առավել եւս, որ այն  գրանցվել է Կառավարության նիստի եւ որոշման օրը` փետրվարի 25-ին, իսկ դրան պետք է նախորդած լիներ դիմումի քննարկումը: Իրավաբական ձեւակերպմամբ` «ԷՅ ԸՆԴ ԷՄ ՌԵՅՐ» ՍՊԸ-ն որպես քաղաքացիական շրջանառությանը մասնակցելու իրավունք ունեցող իրավունակ եւ գործունակ սուբյեկտ առաջացել է միայն փետրվարի 25-ին, հետեւաբար դրանից առաջ վերջինիս կողմից համապատասխան դիմում Կառավարությանը չէր կարող ներկայացվել` այդպիսի սուբյեկտ գոյություն չունենալու պատճառով: Դատական նիստը դեռ նշանակված չէ: Հայցվորները «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ գյուղացիների այն մասը, ովքեր չեն միացել հայցադիմումին, վախեցել են համայնքապետ Ռեմ Հովհաննիսյանի հետ խնդիրներ ունենալուց, մի մասն էլ չի կարողացել մասնակցություն ունենալ դատական ծախսերին: Հայցվորների թվում է է նաեւ «Սասուն» ջոկատի հրամանատար, անազատության մեջ գտնվող Սասուն Միքայելյանը, ով 1.5 հա հող ունի Ուլաշիկի վիճահարույց տարածքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter