«Ես դեռեւս սպասում եմ առողջապահության նախարարի հետ հանդիպմանը»
Ատամնաբուժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ջեկ Սարոյանն արդեն 40 տարի ատամնաբույժ է աշխատում Սան Ֆրանցիսկոյում, միաժամանակ դասավանդում է տեղի Խաղաղօվկիանոսյան համալսարանի Ատամնաբուժական դպրոցում: Ատամնաբուժություն մասնագիտության հետ ծանոթությունը սկսվել է 15 տարեկանից` ատամնաբույժի օգնական քրոջ եւ դեղագործ քեռու շնորհիվ: Դպրոցն ավարտելուց հետո ուսանել է Բերքլիի, այնուհետեւ Սան Ֆրանցիսկոյի համալսարաններում: Երկու տարի որպես ռազմական ատամնաբույժ է աշխատել, այնուհետեւ մասնագիտական գործունեությունը շարունակել է Սան Ֆրանցիսկոյում` պրակտիկ գործունեությունը համատեղելով դասախոսական աշխատանքի հետ: Վերջին տարիներին նա հանրային առողջապահություն է դասավանդում նաեւ Հայաստանի Ամերիկյան համալսարանում: Ջեկ Սարոյանը նախնյաց երկիր սկսել է այցելել 1983 թ.-ից: Ինչպես ինքն է ներկայացնում, շատ հետաքրքրված էր, թե իր մասնագիտական ոլորտը զարգացման ինչ աստիճանի վրա է գտնվում Խորհրդային Հայաստանում եւ անկախացումից հետո:
Հայաստանի անկախացումից հետո ատամնաբույժ Ջեկ Սարոյանին հնարավորություն է ընձեռվել Հայաստան գալ իբրեւ Կալիֆոռնիայի հայ ատամնաբուժական ընկերակցության անդամ եւ անվճար ատամնաբուժական ծառայություն մատուցել երեխաներին: Աշխատել է Հայաստանի բոլոր մարզերում` քաղաքային ու գյուղական համայնքներում, Արցախի երկու քաղաքներում` Շուշիում ու Ստեփանակերտում: 1999 թ.-ից մինչեւ 2005 թ. ընկած ժամանակամիջոցում 5 անգամ անվճար ատամնաբուժական ծառայություն է մատուցել հայ երեխաներին:
«Եղել եմ մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում եւ գիտեմ վիճակն ամենուր: Երեխաների խնդիրներն այս ոլորտում շատ մեծ են. ատամնաբուժական սպասարկումը շատ ցածր մակարդակի վրա է, մինչեւ 6 տարեկան երեխաների սպասարկումն անվճար է: Ավելի տարիքովները պետք է վճարեն, բայց մարդիկ սովոր չեն (նաեւ` ֆինանսական դժվարությունների պատճառով) վճարելու ատամի բուժման համար: Հասկացա, որ Հայաստանը կարիք ունի ատամնաբուժական մի այնպիսի համակարգի, որը կանխարգելի ատամնափուտի հիվանդությունները»,- ասաց պրն Սարոյանը:
Լինելով Հայաստանի Ամերիկյան համալսարանի առողջապահական ֆակուլտետի գիտությունների եւ հետազոտությունների կենտրոնի դասախոս` պրոֆեսոր Ջ. Սարոյանին 2008 թ. հնարավորություն է ընձեռվել Հայաստանի երեխաների ատամնաբուժական առողջության վերաբերյալ հետազոտություն կատարել դպրոցներում: Հետազոտվել է հանրապետության բոլոր մարզերից եւ Երեւանի 2 դպրոցներից ընդգրկված շուրջ 500 երեխա` 5-7 եւ 12-14 տարիքային խմբերում: Հետազոտությունը ցույց է տվել, որ նշված տարիքային խմբի երեխաները միջինը ունեն 8 փչացած, կոտրված կամ կորցրած ատամ, մինչդեռ ժամանակակից բժշկության մեջ ընդունված միջին ցուցանիշը 5-7 տարեկան երեխաների համար 3-4 ատամն է համարվում: Ոչ միայն հարցված երեխաները, բժիշկները նույնպես հաստատել են, որ նշված տարիքային խմբի երեխաներն ամենից շատ ատամնացավից են դժգոհում:
Հայ երեխաների ատամնաբուժական առողջության վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները պրոֆեսոր Սարոյանը ներկայացրել է անցյալ տարվա նոյեմբերին Երեւանում հրավիրված առողջապահական խնդիրներին նվիրված համաժողովում: Միաժամանակ ներկայացրել է խնդիրը լուծելու իր առաջարկը` ֆտորացնել կերակրի աղը, որը կիսով չափ կկանխի ատամնաբուժական հիվանդությունները:
Ատամնաբույժը նշեց, որ աղի ֆտորացումը Ամերիկայում չի կիրառվում, եւ այնտեղ շատ քչերը գիտեն այդ մասին, Ամերիկայում 200 մլն մարդ ֆտորացված ջուր է խմում: Սակայն այս մեթոդը լայնորեն կիրառվում է շուրջ 25 երկրներում` Ֆրանսիա, Շվեյցարիա, Գերմանիա, Չեխիա, Ռումինիա, Հարավային Ամերիկա եւ այլն, որոնք արդեն 55 տարի ջրի կամ աղի ֆտորացման եղանակով կանխել են ատամնափուտը կամ կարիեսը:
Ֆտորացված աղի կիրառումը, պրոֆեսորի ասելով, կանխարգելում է ատամի հիվանդությունները` նպաստելով բերանի խոռոչի առողջացմանը եւ էմալի ամրացման շնորհիվ ինքնին 50-60%-ով նվազեցնում է ատամների հիվանդությունները: «Դա նշանակում է կիսով չափ պակաս այցելություն ատամնաբույժին, կիսով չափ պակաս փչացած ատամներ եւ կիսով չափ պակաս ֆիզիկական ու հոգեկան տառապանք, բայց, միեւնույն է, ատամնաբույժի կարիք կունենաք»,- նշեց երկարամյա փորձառություն ունեցող մասնագետը: Ատամնափուտը կանխելու նպատակով աղի բաղադրությունը փոխելը պրոֆեսորի առաջարկած ծրագրի երեք բաղադրիչներից միայն մեկն է: «Մենք պետք է վերապատրաստենք նաեւ ուսուցիչներին, որպեսզի երեխաներին սովորեցնեն ճիշտ մաքրել ատամները, ծնողներին սովորեցնենք ավելի առողջ սնունդ տալ երեխաներին եւ ավելի քիչ քաղցրավենիք: Ատամներն ավելի լավ մաքրելով, ավելի լավ սննդակարգով, քաղցրավենիքի նվազեցումով կարելի է 60-80%-ով կրճատել ատամների փչանալը»,- ասաց նա:
Պրոֆեսորը հայտնեց, որ համաժողովին ներկա էին բոլոր նրանք, ովքեր շահագրգիռ են այս հարցում` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որի անդամ է Հայաստանը, Յունիսեֆը, բժշկական համալսարանի ատամնաբուժական բաժնի մասնագետները, աղի կոմբինատի ղեկավարներ եւ այլք: «Նրանք լսեցին իմ զեկույցը եւ ասացին, որ Հայաստանը պատրաստ չէ այս ծրագրին»,- հայտնեց պրն Սարոյանը:
Առողջապահության նախարարը ներկա չի եղել համաժողովին, սակայն փոխնախարար Թաթուլ Հակոբյանը հայտնել է, որ այն այդ ոլորտում կատարված առաջին հետազոտությունն է Հայաստանում: Համաժողովից հետո Ջեկ Սարոյանը հանդիպել է նաեւ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Վերջինս ներկայացված ծրագրային առաջարկի վերաբերյալ գրություն է ուղարկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Ես ինձ հետ ԱՄՆ-ից բերել էի մի մարդու, որն այդ տեխնոլոգիայի մասնագետն է, եւ նա զեկույց է գրել, թե ինչպես կարելի է կիրառել սարքավորումը, որ ֆտորը ներմուծվի աղի մեջ: Մենք առաջիկա 8-9 տարիներին այս ծրագիրը կիրառության մեջ կարող ենք դնել, որ 700 հազար դոլար արժե: Ես կարողացա գտնել մի բարերարի, որը պատրաստ է ֆինանսավորել այս ծրագիրը 8-9 տարվա ընթացքում»,- հայտնեց նա:
2007 թ. Ժնեւում տեղի ունեցած կոնֆերանսին, որը նվիրված էր բերանի խոռոչի առողջությանը, Ջեկ Սարոյանի գործուն աջակցությամբ մասնակցել են նաեւ առողջապահության նախարարության ներկայացուցիչները, քանի որ Հայաստանը Առողջապահության համաշխարհային կազմակերպության անդամ է: Կոնֆերանսում ասվեց, որ եթե պետությունները չեն կարող հասնել ջրի ֆտորացմանը, գոնե աղի ֆտորացմանը կարող են հասնել: «Առողջապահության նախարարության ներկայացուցիչները լսեցին եւ տեսան այդ ամենը, քանի որ այն գրված ու դրված էր նրանց առջեւ: Սակայն, երբ երկու տարի առաջ ուսումնասիրեցինք ու հետազոտության արդյունքները ներկայացրինք նոյեմբերին Երեւանում կայացած համաժողովի ժամանակ, մեզ ասացին, որ դեռեւս պատրաստ չենք այս ծրագրին, գուցե դա պետք չէ մեզ` մեր ջուրը, մեր հողն ու օդը պարունակում են իրենց մեջ այն ամենը, ինչի կարիքն ունենք»,- պատմեց պրն Սարոյանը:
«Իսկ Ձեր հետազոտության արդյունքնե՞րը»,- հարցրինք պրոֆեսորին:
«Նրանք արհամարհեցին իմ հետազոտությունը»,- եղավ պատասխանը:
Ջեկ Սարոյանին զարմացրել է այն հանգամանքը, որ երբ Յունիսեֆը 12 տարի առաջ եկավ Հայաստան եւ աղի յոդացման ծրագիրն առաջարկեց իբրեւ զոբի դեմ պայքարի միջոց, Կառավարությունը չընդդիմացավ դրան: Առեւտրի նախարարությունը կարգավորեց հարցը` նրանք աղ արտադրողներին առաջարկեցին կիրառել դա, եւ Յունիսեֆի յոդացման ծրագիրը կիրառություն ստացավ: Այդ ժամանակ նախատեսված էր նաեւ աղի ֆտորացումը, սակայն այն չիրականացավ:
Ատամնաբուժության պրոֆեսորը որոշել է ավելի խորացնել իր հետազոտությունը, քանի որ «այստեղ շատ են մարդիկ, որոնք կասկածամտորեն են վերաբերվում հարցին»: Իր առաջարկած ծրագրի համար լրացուցիչ հիմնավորումներ ունենալու համար որոշել է 3-5 տարեկան երեխաների օրգանիզմում հաշվարկել ֆտորի իոնների քանակը, ջրի լաբորատոր հետազոտություն կատարել մարզերում, որպեսզի պարզի ֆտորի իոնների քանակը ջրում: Պրոֆեսորն ինքն այդ հետազոտութան անհրաժեշտությունը չի տեսնում. նրա ասելով` այն երկրները, որտեղ կիրառվում է այս մեթոդը, նման հետազոտություն չեն կատարել:
Նոր հետազոտություն իրականացնելու համար 2009 թ. նոյեմբերի վերջին առողջապահության նախարարության պաշտոնյաների հետ հանդիպումից հետո նա ծրագրել է իրականացման ժամկետները: Պայմանավորվածության համաձայն` այն պետք է սկսվեր մայիսի 11-ին: Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել նրան տրամադրել լաբորատորիա, որտեղ հրավիրված մասնագետը պետք է լաբորատոր քննություն իրականացներ, մեքենա եւ մի բուժքույր, որը պետք է անալիզներ վերցներ երեխաներից: «Սակայն, երբ անցյալ շաբաթ Հայաստան եկա, նախարարությունում ասացին, որ դեռեւս քննարկում են այս հարցը եւ վերջնական որոշում չեն կայացրել»,- հայտնեց պրն Սարոյանը: Նա հարկադրված զանգահարել եւ հետաձգել է գործընկերների ժամանումը, չնայած նրան, որ արդեն վճարել էին հյուրանոցի ու ինքնաթիռի տոմսի համար: Պրոֆեսորը նշում է, որ վերջին 3-4 ամիսներին նախարարությունում գիտեին այս ծրագրի մասին, սակայն ոչինչ չէին նախապատրաստել:
«Ես դեռեւս սպասում եմ առողջապահության նախարարի հետ հանդիպմանը, շատ հիասթափված եմ, որովհետեւ նրանք հավաստիացրին, որ այդ ամենը կլինի եւ գիտեին, որ ես պետք է բժիշկներ բերեմ ինձ հետ: Մենք 8 օրում կարող էինք ավարտել մեր հետազոտությունը: Նրանք երկուսն էլ մասնագիտացած են հանրային առողջապահության ոլորտում, եւ ես նրանց հետ 4 տարի համագործակցել եմ այս ծրագիրն իրականացնելու համար: Քանի որ ես ինքս մասնագետ չեմ, նաեւ մասնագետ եմ հրավիրել ԱՄՆ-ից եւ ենթադրվում էր, որ նա անցյալ շաբաթ պետք է այստեղ լիներ»,- ասում է պրոֆեսորը:
Ջ. Սարոյանը մի քանի անգամ փորձել է հանդիպել առողջապահության նախարարին` հարցը կարգավորելու համար, բայց ապարդյուն:
Առողջապահության նախարարության միջազգային կապերի բաժնի պետ Նարինե Բեգլարյանը, որի միջոցով է քննարկման ներկայացվել հետազոտություն իրականացնելու առաջարկը, ի վերջո զանգահարել է ու հայտնել. «Ես չեմ այն մարդը, ով կարող է Ձեզ օգնել, մեկ ուրիշին դիմեք»: Ջ. Սարոյանը մայիսի 4-ին հանդիպել է փոխնախարար Թաթուլ Հակոբյանին, վերջինս խոստացել է խնդիրը ներկայացնել նախարարին եւ հաջորդ օրը տեղեկացնել արդյունքների մասին: «Սակայն նա այդպես էլ չզանգեց ինձ, եւ մենք որոշեցինք չեղյալ հայտարարել կամ հետաձգել աշխատանքները, քանի որ առանց հստակ կոնցեպցիայի չես կարող մտնել դպրոցներ ու հետազոտել երեխաներին»: Պրոֆեսորը հուսով է, որ նախարարը ցանկություն կունենա հանդիպելու իր հրավիրած բժիշկներից մեկին, որը ժամանել է Լոնդոնից, կամ` այս ընթացքում արդեն որոշած կլինի, թե ինչ պետք է անեն իրենք:
«Ամեն անգամ հարկադրված եմ ավելի երկար մնալ Հայաստանում այս ծրագրի համար, բայց չէի ցանկանա կյանքիս մնացած ժամանակահատվածում միայն այս ծրագրով զբաղվել»,- ասում է Ջեկ Սարոյանը:
Խմբ. - Ակնկալում ենք առողջապահության նախարարության պարզաբանումը այս կարեւորագույն խնդրի վերաբերյալ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել