HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օրենքի նախագիծը միջազգային փորձաքննություն չի՞ անցել

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը միջազգային փորձաքննության չի ենթարկվել: Այսօր խորհրդարանական քննարկումների ժամանակ այս մասին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա հավաստիացրեց, որ ինչպես նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, թե իբր նախագիծն անցել է միջազգային փորձաքննություն, իրականում չի համապատասխանում իրականությանը: Խորհրդարանական քննարկումն այսօր նվիրված էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված փոփոխություններին եւ լրացումներին: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Մուշեղ Թովմասյանը պարզաբանեց, որ թվային համակարգին անցնելը հայեցակարգից բխող անհրաժեշտություն է, որը հնարավորություն կտա մեկ հաճախականությամբ հեռարձակել մի քանի ալիքներ: Իսկ Անահիտ Բախշյանը հետաքրքրվեց, թե արդյոք թվային հեռարձակումը, ինչպես Գ. Ամալյանի և իր մասնավոր զրույցում հաստատել է հենց ինքը` Գ. Ամալյանը, իսկապես չէր նշանակում հեռուստաալիքների աճ, մինչդեռ այժմ հակառակ միտում է արձանագրվել. սահմանվել է սահմանափակ` 18 հեռուստաալիքի լիցենզավորման մրցույթ: Նույն հարցը հետաքրքրում էր նաև ԱԺ դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին. «Ինչու ոչ թե 24, այլ 18 ալիք, եթե կա 4 կապուղի: 22 հեռուստաընկերություններից գոնե 4-ը պետք է ստանար հեռարձակվելու իրավունք»: «Ինտերնյուս» ՀԿ գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը ևս հետաքրքրվեց, թե ինչու են որոշել սոցիալական փաթեթ անել և անապահով ընտանիքներին «տյուներներ» տրամադրել և ոչ թե նույն գումարով կամ հնարավոր այլ ներդրումներ ներգրավելով 18 թվից դուրս մնացող մյուս հեռուստաընկերություններին (4 համապատասխան կապուղիներից)  եթեր տրամադրել: Գրիգոր Ամալյանը այս սահմանափակումը բացատրեց դեռևս թվայնացման անցումային շրջանով և սահմանափակ հնարավորություններով, ինչը հետագայում կարող է փոփոխվել: Նա հավաստիացրեց, որ օրենքի այս նախագիծն էլ քարացած չէ և անհրաժեշտության դեպքում կարող է լրացվել: «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նաև ցանկացավ հստակեցնել, թե, ի վերջո, սրանք օրենքի փոփոխություններ են, թե, ըստ էության, նոր օրենք է մշակվել: «Օրենքի նախագիծը թվայնացման անցման փաստաթուղթ է»,- պարզաբանեց Գ. Ամալյանը: Անահիտ Բախշյանը նկատեց, որ այսչափ կարճ ժամանակահատվածում լավ օրենք ունենալը, ինչը նաև կառավարության, օրենսդիրի և հասարակության ցանկությունն է, դժվար կլինի, և  «լավ օրենք» ունենալու համար առաջարկեց շատ արագ հանձնաժողով ստեղծել, որը կօգնի օրենքի վրա աշխատող հիմնական անձնակազմին: Լրագրող Աննա Իսրայելյանը հետաքրքրվեց, թե օրենքի նախագիծն ունի՞ ՀՌԱՀ-ի կամ այդ կառույցի անդամների անգործությունը վերահսկելու մեխանիզմ, քանի որ բազմիցս նույնիսկ հեռուստադիտողներն են նկատել օրենքի խախտումներ եթերում, իսկ ՀՌԱՀ-ը ոչ մի կերպ չի արձագանքել: Գրիգոր Ամալյանը նկատեց, որ յուրաքանչյուր պետության կողմից ֆինանսավորվող կառույցի անգործությունը կարելի է վիճարկել դատարանում, և այս դեպքում առանձնացնելու կարիք չի եղել, քանի որ արդեն իսկ կան օրենսդրական բոլոր մեխանիզմները: ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհարբյանը մտահոգ էր եթերի բովանդակությամբ, մասնավորապես երաժշտական, ժամանցային ուղղվածության հեռուստաալիքներով` առաջարկելով որևէ մեխանիզմ ձևավորել, որպեսզի կոնկրետ բովանդակությամբ հեռուստաալիքը մատուցի գրագետ, այլ ոչ թե գռեհիկ և ցածրորակ հաղորդումներ: ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին հուզում էր մարզային հեռուստաըկերույթյունների հետագա ճակատագիրը, մասնավորապես Շիրակի մարզի «Շիրակ» և «Գալա» հեռուստաընկերություններինը. եթե Շիրակի մարզի 4 հեռուստաընկերություններից մնալու է մեկը, ապա ի՞նչ են լինելու մյուսները և դրանց աշխատակիցները: ՀՀ-ում ռադիոհեռուստահաղորդումների հեռարձակման թվային համակարգի ներդրման միջգերատեսչական հանձնաժողովի անդամ Ավետիս Բերբերյանը նշեց, որ նշված հեռուստաընկերությունները կարող են իրենց լիցենզիաները երկարացնել մինչև 2013 թվականը: «Գալա» հեռուստաընկերության ներկայացուցիչն էլ հավելեց, որ եթե մարզում գործի մեկ թվային հեռուստատեսություն, ապա գովազդի դաշտում կստեղծվի մոնոպոլիա, և բնականաբար բոլոր գովազդները կլինեն թվային ալիքում: Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն էլ առաջարկեց Հանրային հեռուստատեսությունում վերացնել առևտրային գովազդը, քանի որ ինչ-որ առումով այն նույնպես մոնոպոլ կարգավիճակ ունի, առավել ևս Հանրայինը ֆինանսական կայուն աղբյուր ունի` պետական բյուջեից ստացած գումարները: Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով, թվայնացման հայեցակարգում հստակ չեն գալիք 10 տարվա անելիքները և անհրաժեշտ է նոր հայեցակարգ ստեղծել, որտեղ ամբողջը կկոնկրետացվի, հանել գովազդի հետ կապված բոլոր դրույթները նոր օրինագծից, և դրանք ամրագրել «Գովազդի մասին» օրենքում: Ավելին, նա նշեց, որ նոր ու առավել պարզ օրինագիծ է անհրաժեշտ, որը կկարգավորվի այս տարվա հունիսի 10-ին կայանալիք մրցույթը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter