HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ռուբեն Հախվերդյան. «Հիմա անժամանակ ժամանակներ են»

Ինչո՞ւ հոգեւոր Հայաստանը չի կայանում:

Մենք պետք է չմոռանանք, որ «Սարդարապատից» մինչեւ էսօր շատ քիչ ժամանակ է անցել: Կարծեմ վերջերս գլխի ընկանք, որ «Սարդարապատը» շարունակվում է, ավելի խորքից սկսեմ` սա սովետի շարունակությունն է, սա սովետի դեմ չի, դեռ հին չափանիշներով ենք մտածում, միջոցառում բառը որտեղի՞ց է գալիս,

ի՞նչ է նշանակում միջոցառում, վերցրու մեր մշակույթի նախարարի կամ սրանց լեքսիկոնը, 90 տոկոսը սովետական քարացած, վաղուց բառարանից դուրս շպրտելու բառեր են, բայց մնացել են մեր մեջ: Ես միշտ էն կարծիքին եմ եղել, որ մեր հոգեւոր Հայաստանը կայացել է 19-20-րդ դարերում, մինչեւ եղեռնագործության օրերը, որովհետեւ մեր մտավորականների հիմնական մասը Արեւմտյան Հայաստանում էր, թվում էր` այդ պարարտ հողը այնտեղ պիտի դրվեր` Սիամանթոյից, Ռուբենից հետո, էնտեղ պետք է բացվեր բրաբիոն ծաղիկը, մեր բոլոր դժբախտությունները գալիս են մեր ազգային մեծագույն դժբախտությունից, որ մեզ հետ պատահեց 20-րդ դարի սկզբին: Հոգեւոր Հայաստանը կար դարասկզբին, որը մաքրեցին, երկրորդը եկավ 20-ականներին, էլի խուզեցին մտավորականությանը, երրորդը` 37 թ., բայց էլի խուզեցին: Մտավորականություն ասելով` ես նկատի չունեմ դանակ-պատառաքաղ բռնողին, այլ «homo sapiens»-ին, այսպես ասած` ազգային էլիտան: Հիմա ազգային էլիտան գոյություն չունի, մեզ մոտ կան առանձին անհատներ, մարդիկ, բայց դա այն հողը չի, որի վրա կարող են աճել: Ուրիշ պարադոքս էլ կա. ամենածայրահեղ վիճակներում է մեր ազգը ծնում հերոսներ, երեւի դա վերաբերում է բոլոր ազգերին: Բանաստեղծներն այդ ժամանակ հանդես էին գալիս խոսքը կիթառի վրա դնելով, որովհետեւ երգն ավելի պոպուլյար է սարքում մեր հոգսերը: Եկել է մի ժամանակ, երբ մարդիկ գիրք չեն կարդում, եւ երգը էն միջոցներից մեկն է, որով պահում ես հայերեն լեզուն, հիմա ուզում են ռուսական դպրոցներ բացել, որը մեծագույն ստորաքարշություն է մեր ոխերիմ եղբոր` Ռուսաստանի առաջ: Այո, սա ռուսական պոլիգոն է հիշեցնում, իրենք իրենց բազաները ունեն, գազը երբ ուզենան` կկտրեն, երբ ուզենան` կտան, երբ ուզենան` գինը կբարձրացնեն, մեր ներքին թուրքն էլ ստեղ իր բաներն ունի: Հիմա շատ անժամանակ ժամանակներ են: Արդեն մենք մեր լեզուն կորցնում ենք` շնորհիվ հեռուստատեսության, որը հզոր զենք է լեզվի կայացման հարցում, բայց մեզ մոտ հաղորդումներ, շոուներ վարում են հայերեն չիմացողները: Էսկիմոսների լեզվով են հայերեն խոսում մեզ հետ, դրա մեղքը հենց ռուսական դպրոցներինն է, ընկերներ ունեմ, որ ռուսական դպրոց ավարտելու պատճառով ռուսերեն մտածում են, հայերեն խոսում, շարահյուսությունը հայերեն չի, ես խմբագրում եմ իրենց երգերը: Ամեն ինչ ծախեցինք, պրծանք, մնաց լեզուն էլ վաճառենք, մեր մեծագույն հարստությունը եւ մեր ինքնապաշտպանական շերտը հենց լեզուն է, ոչ թե պեյզաժը Մասիս սարի: Մենք հիմա քաղաքականության մեջ, ցավոք, չունենք ազգային գործիչներ: Ունենք բիզնեսմեններ, եկողը գալիս է իր շերեփով` սկսած առաջին նախագահից, վերջացրած վերջինով, ապահովում է իրեն, իր ազգականներին, նստում է թախտին ու կարծում է, թե ինքը էդ ազգի նախագահն է, բայց ինքը ոչ մի նախագահ էլ չի, քանի որ ում տրված է իր ազգին ծառայելու առաքելություն, ոչ թե ծառայում է իր ազգին, այլ ազգը ծառայեցնում է իրեն, իր նմաններին ու իր նպատակներին:

Հիմա կարո՞ղ ենք ասել, որ հոգեւոր Հայաստան չկա, որովհետեւ չկա երկիր Հայաստանը: Լեւոն Ներսիսյանն ինձ ասում էր. «Հոգեւոր Հայաստան մի փնտրիր, երբ չկա երկիր Հայաստանը»:

Այո, շատ պարզ միտք է, էնքան պարզ, որ ավելացնելու բան չկա: Իսկ էս վիճակից ելք տեսնու՞մ ես: Ամենասարսափելին նախեւառաջ այն է, որ գյուղացիությունն է լքում երկիրը, մեր երիտասարդությունը, որ հիմա նոր խոսք ունի ասելու, նրանք ներքին միգրացիայի մեջ են, նրանցից որեւէ մեկին եթե հարցնես, կուզենան ապրել կամ Ամերիկայում, կամ` Ֆրանսիայում, էստեղից դուրս, Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» գործին է նման էս ամեն ինչը` Вон из Москвы, вон:

Սա մեր մենթալիտետի՞ց է գալիս:

Հանրապետական կուսակցությունը կոմֆորմիստական կուսակցություն է, արժեզրկվել է ամեն ինչ, եթե հարցնես` կասեն կենտրոնամետ, կենտրոնախույս, Նժդեհից են խոսում, բայց Նժդեհ էլ չեն կարդացել:

Լավ, ելքի մասին եմ հարցրել, ի՞նչ պետք է անենք:

Ելքը մուտքն է, պետք է դուրս գաս, որ հասկանաս, որ սխալ դուռ ես մտել: Մենք ասում ենք, որ դուք սխալ դուռ եք մտել, իսկ իրենք դեռ մեզ էլ ճանապարհ են ցույց տալիս: Հետո ասում են, որ իրենք ճիշտ են, եւ եթե հիշում եք` Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած, մինչեւ վերջին ժամանակներս մեր բոլոր իշխանավորները մի հատ ներողություն չխնդրեցին իրենց սխալների համար: Իրենք չասեցին, որ վայրենի սխալներ են արել` սկսած էկոլոգիայից վերջացրած լեզվական էկոլոգիայով, մշակութային էկոլոգիայով, փչացրեցին, մի քիչ հիշեցնում է Պուշկինի «Երեք արմավենին», եկան աղբյուրից ջուր խմեցին, հետո թքեցին մեջը, շարունակեցին իրենց քարավանով: Ժողովրդի փողերով հարստացած իշխանավորները, նրանց զավակները լքելու են Հայաստանը, իրենք արդեն առանձնատներ ունեն դրսերում, նրանց զավակները կասեն` մենք ստեղ ի՞նչ ենք անում, մենք հնարավորություն ունենք դրսում ապրելու, պատրաստի մի երկրում, որտեղ իրենք կդառնան մի չորրորդ կարգի քաղաքացի, որովհետեւ միշտ օտարը մնում է օտար օտար երկրում:

Էս երկրում ինչի՞ ես երգում:

Ես մեքենա եմ, որը դեռ չի փչացել:

Այսինքն, էս միջավայրը քեզ համար պարարտ հող է:

Չե, որ պարարտ հող լիներ, ավելի շատ երգեր կգրեի: Երգը մենակ ըմբոստություն չէ, այն նախ լեզվապահպանություն է, հայրենիքը սիրել տալու, հայերենը սիրել տալու միջոց:

Ինչու՞ են քո երգերը սիրում:

Չգիտեմ:

Իսկ քեզ ինչո՞ւ չեն սիրում:

Եսիմ, ես շա՞տ գիտեմ, իրենց հարցրեք, որովհետեւ ճիշտ եմ, որովհետեւ ազատ եմ, իրենք ազատ չեն:

Համերգի ժամանակ հե՞շտ է խոսելը:

Ժանրը թույլ է տալիս, ինչ ասես` չեմ ասել համերգի ժամանակ, դա քաղաքային երգի տեսակ է, օպերային արիա չի: Ես ամբողջ կյանքս եմ իզուր անցկացրել, քանի որ երեւի երգելը պետք չի, առհասարակ ինչի՞ եմ էս ամենը անում, ես կարծում եմ, որ հետույք մտնեի` լիքը ընկերներ կունենայի թե առաջին, թե երկրորդ, թե երրորդ կառավարություններում:

Բայց դու Կառավարության անդամների հետ վատ չես:

Իրենք ինձ սիրում են, իրենց հաճույք է պատճառում այն, որ իրենց շոյում ես, սիրելուց հետո, գիտես չէ՞, ինչ են անում մարդու հետ, ինձ չեն սիրում, ես ուղղակի տարածություն եմ պահպանում, գիտեմ, որ շատ մոտենալ չի կարելի, փորձում են, բայց գիտեն, որ էս էն գազանը չի, որին կարելի է ընտելացնել, ես ընտանի չեմ դառնում:

Իմիջիայլոց, ընտրությունների ժամանակ դու էլ ես ակտիվանում:

Ես թույլ կողմին եմ պաշտպանում, օրինակ` Դաշնակցությունը երգ էր պատվիրել, ես էլ գրեցի, դրանով ես պարտավորություն եմ դնում, որ եթե իրենք որեւէ բան ասեն, ասեմ` տես, դու թքել ես գործի մեջ: Եթե նկատել ես, էդ ընտրարշավի երգը նույնիսկ հեռախոսների մեջ դրեցին:

Չէ, գիտե՞ս ինչու եմ ասում` նախընտրական փուլում բոլոր երգիչներն ակտիվանում են, ու Ռուբեն Հախվերդյանն էլ է ակտիվանում:

Բայց ուրիշ կողմի վրա:

Ի՞նչ կապ ունի, դառնում ես պտուտակներից մեկը, քեզ օգտագործում են:

Եթե ես Հրանտ Խաչատրյանի կողքին եմ կանգնել, նա միեւնույն է չէր ընտրվելու, գիտեի:

Բայց ինչու՞ են էդքան գայթակղվում մարդիկ, բոլորն ուզում են պարտվել:

Վերջերս Վահան Հովհաննիսյանն ասում է` ախր դու շատ ես ճիշտ ասում: Ճշտի շատը ո՞րն է, չեմ հասկանում, կամ սեւ է, կամ` սպիտակ, կարո՞ղ է ես եմ դալտոնիկ: Որ ասում են` էդքան պետք չի, էլի սովետական արտահայտություն է, էդ չափը ո՞վ է դրել: Կամ ասում են` սրան ինչի՞ ես քննադատել, դուք իրար հետ լավ չե՞ք: Այսինքն` եթե մեկը վիրավորում է իմ հայերեն լեզուն, ես իրեն ասում եմ` այ տղա ջան, դու հայերեն խոսել չգիտես, ինչի՞ են քեզ էկրան տվել, ի՞նչ է, ես պիտի էդ բանը չասե՞մ: Ախր, առանց անուն ո՞նց խոսես, ազգային գործիչ ասածը նա է, ով իր անձնականը մի կողմ է դրել եւ դարձել է իր ազգի նվիրյալը, սրանք ի՞նչ նվիրյալներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter