HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Սուբսիդավորման ծրագրի իրականացման ընթացքում խաբեություններ, այնուամենայնիվ, լինում են

Հայաստանում հացահատիկագործությունը զարգացնելու համար Կառավարությունը 2007 թ.-ից սուբսիդիա է հատկացնում հանրապետության լեռնային գոտու համայնքներին: Լավ իմանալով, որ ցորենը մեր երկրում բարձր բերքատվություն ապահովող կուլտուրա չէ, հատկապես բարձր լեռնային գոտում, այնուամենայնիվ, Կառավարությունը ֆինանսական աջակցությունը ցուցաբերում է այս գոտու գյուղացիական տնտեսություններին: Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ասելով` այդ հարցում ղեկավարվել են աղքատության ռազմավարական ծրագրով, եւ որոշվել է հացահատիկը աճեցնել այն վայրերում, որտեղ հացահատիկից բացի այլ կուլտուրա չի աճում, իսկ հարթավայրերն օգտագործել բանջարեղենի համար` բնակչության պարենային հիմնախնդիրները լուծելու նպատակով: Հիմք ընդունելով գյուղնախարարության կատարած վերլուծությունները` Սամվել Գալստյանն ասում է, որ սուբսիդիա տրամադրելու շնորհիվ սահմանային գյուղերի բարձր լեռնային համայնքներում որոշակիորեն ավելացել է մշակվող հողատարածքների չափը, գյուղացիական տնտեսություններն այդ գումարից վճարել են իրենց հարկերը, վարձակալած հողերի վարձավճարները, ջրի վարձը: Վերջին երկու տարիներին սուբսիդիա տրամադրելու համար պետական բյուջեից հատկացվում է 1 մլրդ 600 մլն դրամ: 2009 թ. կատարված 27 հազար հա գարնանացան ցորենի ու գարու համար Կառավարության տրամադրած ֆինանսական աջակցությունից օգտվել է 181 համայնքի 19.424 տնտեսություն, իսկ աշնանացանի համար` 161 համայնքի 15.379 տնտեսություն: Սակայն, պաշտոնական վիճակագրության համաձայն, հանրապետությունում ցորենի ու գարու ցանքատարածքները պակասել են, հետեւաբար հետաքրքրական էր, թե Կառավարության ֆինանսական աջակցությունը որքանո՞վ է նպաստել հացահատիկի ցանքատարածքների ավելացմանը: Հայաստանի հացի շտեմարան համարվող Գեղարքունիքի մարզում, որի համայնքների հիմնական մասը` 80 համայնք, ընդգրկվել է այս ծրագրում, մարզպետարանից մեզ տրամադրված վիճակագրության համաձայն, 2009-ին` 2008-ի համեմատությամբ, ցանքատարածքներն ավելացել են 5284 հա-ով: «Բավարա՞ր է այս ցուցանիշը»,- մեր հարցին պրն Գալստյանը պատասխանում է, թե Կառավարության խնդիրը մեկն է` հողը մշակվի սահմանային գոտում: 2010 թ., երբ գյուղատնտեսության մեջ հացահատիկագործությունը հռչակվել է գերակա ուղղություն, սուբսիդավորումը 1 մլրդ 54 մլն դրամով պակասել է: Այն երեք անգամ պակաս է նախորդ տարիներին հատկացրած գումարից, հետեւաբար պետբյուջեից տրամադրված 556 մլն դրամն այս տարի կբավականացնի միայն գարնանացան ցորենին: Մեր տեղեկություններով` այս տարի գումարները հիմնականում նպատակաուղղվել են կարկտակայանների կառուցմանը: Աջակցության տրամադրման կարգի համաձայն, հողօգտագործողներին սուբսիդիա տրամադրվում է առավելագույնը 7 հա-ի համար` նկատի ունենալով, որ գյուղացիական տնտեսությունների ունեցած 2 բաժին հողակտորը 7 հա է, 1 հա-ի համար տրամադրվում է 35 հազար դրամ: «7 հա-ից ավելի հողատարածքը աղքատության խնդրին չի առնչվում, նրանք ֆերմերներ են: Այս կերպ կանխել ենք խոշոր ֆերմերների մուտքը ծրագիր եւ աջակցել ենք սոցիալապես ծանր վիճակում գտնվողներին»,- հայտնեց Ս. Գալստյանը: Քանի որ ծրագրի իրականացման առանցքում աղքատության ռազմավարական ծրագիրն է, գյուղնախարարի տեղակալից հետաքրքրվեցինք, թե նախարարությանը որքանո՞վ է հաջողվում արդարությունը պահպանել: Մենք բազմաթիվ տեղեկություններ ունենք, որ գյուղացիներից շատերը նախորդ տարիներին չէին կարողանում օգտվել այս ծրագրից փաստաթղթային անկատարությունների պատճառով: Համայնքապետարաններից վարձակալած հողատարածքները, ամենատարբեր պատճառներով (հիմնականում նշվում էին նոտարների եւ կադաստրի աշխատակիցների պահանջած մեծ գումարները), պատշաճ ձեւակերպումներ չէին ստացել: Պատճառներից մյուսն էլ այն էր, որ պայմանագրերին օրինական վավերացում չտալով` նրանք մշակում էին հողերը, սակայն հարկեր չէին վճարում համայնքային բյուջե: Նույն, ինչպես նաեւ այլ պատճառներով ընտանիքներում չէին օրինականացվել ժառանգության իրավունքի փոխանցման հարցերը, իսկ դրամական աջակցությունը տրամադրվում է միայն սեփականության կամ վարձակալության իրավունքի վկայականների հիման վրա: «Մենք սրանով օրինականության դաշտ բերեցինք համայնքապետարանների հետ ապօրինի կնքված այն պայմանագրերը, որոնք նոտարական վավերացում չէին ստացել եւ կադաստրում չէին գրանցվել, ինչպես նաեւ ժառանգության ընդունման խնդիրը կարգավորեցինք տնտեսություններում, քանի որ առանց դրա չէին կարող գումար ստանալ: Վարձակալության պայմանագրերի օրինականացման արդյունքում համայնքապետարանը կարողացավ գանձել հողի հարկը»,- տեղեկացրեց պրն Գալստյանը: Վերջինիս ասելով` գործընթացի հրապարակայնությունն ապահովվում է լիովին. աջակցություն ստացող համայնքների ցանկը հաստատելուց հետո համայնքների ղեկավարներին հրավիրում են մարզպետարան եւ տրամադրում փաստաթղթերի փաթեթը, հայտի ձեւը, որպեսզի ցանքս կատարածները լրացնեն այն ու ներկայացնեն: Հայտում նշում են, թե համայնքում որքան աշնանացան են կատարել եւ որքան գարնանացան պետք է կատարեն: Մինչեւ հունիսի 1-ը համայնքի ղեկավարները հաշվետվություն են ներկայացնում, որով հաստատում են կատարված ցանքսի թիվը: Հայտի տակ ստորագրում է գյուղացին, համայնքապետը, ավագանու անդամների կեսից ավելին: Նախարարության աշխատակիցները ստուգում են հայտը եւ ներկայացված փաստաթղթերը, այնուհետեւ հանձնախումբը, որում գյուղնախարարությունից բացի ընդգրկված են Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների (ԳԱՄԿ) աշխատակիցներ, ավագանին ներկայացված թվերի ճշմարտացիության մեջ հավաստիանալու համար այցելում է համայնքներ եւ ընտրանքային կարգով ստուգում փաստացի կատարված ցանքսը: Նախարարի տեղակալն ասում է, որ իրենց հաջողվում է ստուգել ներկայացված հայտերի 20%-ը` ընտրանքային տարբերակով: Փոխարենը հանրային վերահսկողության տարբերակն են ապահովել` գումար ստացողների ցուցակը փակցնում են համայնքներում եւ առաջարկում ցուցակում հայտնված կեղծարարների վերաբերյալ տեղեկությունները թեժ գծի միջոցով փոխանցել նախարարությանը: Հայտատուների վերջնական ցանկը հաստատվում է ցուցակը փակցնելուց 15 օր հետո, որից հետո եռակողմ պայմանագիր են կնքում` գյուղացի, նախարարություն եւ համայնքապետարան: Նախարարությունը համայնքապետարանի ներկայացրած թվերի համար համայնքի ղեկավարի հետ հավասարապես պատասխանատու է դարձրել համայնքի ավագանուն: «Մինչեւ 5% խաբեությունը ներվում է համայնքին` ցանկից դուրս է մնում միայն հայտատուն, 5%-ից ավելի խաբեության դեպքում համայնքն է զրկվում սուբսիդիայից»,- տեղեկացրեց պրն Գալստյանը: Չնայած դրան, ինչպես հայտնեց նախարարի տեղակալը` «այս պայմաններում էլ են խաբում»: Արագածոտնի մարզի որոշ համայնքներում 4-9 հա խաբեության դեպք են բացահայտել: Համայնքի ղեկավարը եւ մյուս բնակիչները պարզել են եւ տեղեկացրել, որ տվյալ անձը չունի ցանքս, եւ գումարը վերադարձվել է պետբյուջե, հաջորդ տարի այդ բնակիչը չի ընդգրկվի ցանկում: 2009 թ. փոխվել է հատկացման կարգը` գարնան համար առանձին են գումար հատկացնում, աշնան համար` առանձին, որը նշանակում է ստուգման գործընթացը պետք է կրկնել: Ս. Գալստյանի համոզմամբ` նախորդ տարվա կարգն ավելի ճիշտ էր, երբ գարնանացանի ու աշնանացանի համար միանգամից վճարում էին ամռանը: Ամռանը ողջ ցանքսն աչքի առջեւ է, իսկ աշնանը ձյունը ծածկում է եւ դժվար է ստուգումներ կատարել, հետեւաբար, ավելի մեծ է խաբելու հավանականությունը: Այս ոլորտում մեզ ծանոթ չարաշահման մեկ այլ դրսեւորում էլ այն է, որ շատ համայնքապետեր հարկերի հավաքագրման հարցում հույսները կապել էին սուբսիդիայի գումարների հետ եւ բանկերի հետ համաձայնություն էին ձեռք բերել` գումարը չվճարել գյուղացուն` մինչեւ համայնքապետարանից համապատասխան տեղեկանք չներկայացնի: Հարկերը հավաքագրելու այս անօրինական մեթոդին մենք հանդիպել էինք Գեղարքունիքի մարզում, որից, պարզվեց, տեղյակ է նաեւ գյուղնախարարի տեղակալը: Նրա ասելով` Գեղարքունիքի մարզում այդ մեթոդով գումարներից պահել են հարկերի դիմաց, բայց` ոչ հարկադրանքով: Ըստ նրա` չարաշահման մեկ դեպք գրանցվել է միայն Արագածոտնի մարզում, որտեղ համայնքի ղեկավարը գումարն ամբողջությամբ պահել էր վարձավճարի դիմաց: Գյուղացիները բողոք էին ներկայացրել, եւ այդ համայնքի ղեկավարի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter