HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Համայնքապետերին հանցագործություններից զերծ պահելու մտայնությամբ

Բայց ոչ համարժեք ձեռնարկումներով Դատախազության կայքէջը բավականին հարուստ է օրինախախտումներ կատարած համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերի օրինակներով: Համայնքապետերի նկատմամբ քրեական գործերը հարուցվում են երեք տիպի խախտումների դեպքում` պաշտոնեական դիրքը չարաշահելու` կեղծ տեղեկանքներ տրամադրելու, օրենքը խախտելու, համայնքային բյուջեից յուրացումներ կատարելու եւ պաշտոնեական անփութություն կատարելու համար: Օրինախախտ համայնքապետերի անունները հայտարարվում են հատկապես Վերահսկիչ պալատի հերթական ստուգումներից հետո: Տարածքային կառավարման նախարարության պաշտոնյաները հաճախակի են իրենց անհամաձայնությունը հայտնել Պալատի հրապարակած թվերի ու փաստերի վերաբերյալ` դրանք վերագրելով ստուգողների չիմացությանը: Չնայած դրան` նախարարությունն, այնուամենայնիվ, փորձում է լուծումներ գտնել համայնքապետերի չարաշահումների հնարավորությունը սահմանափակելու համար: Մասնավորապես, Վերահսկիչ պալատի եւ պետական այլ մարմինների ստուգումների արդյունքներով նպաստների համակարգում բացահայտված չարաշահումների հարցում մեծ դեր են խաղում ընտանիքների կարգավիճակի ու ունեցվածքի վերաբերյալ համայնքապետերի տրամադրած կեղծ տեղեկանքները: Համայնքապետերի դեմ բազմաթիվ քրեական գործեր կան այս ոլորտի չարաշահումների վերաբերյալ, եւ նախարարությունը քննարկում է տեղեկանքների տրամադրման գործառույթը համայնքների ղեկավարներից վերցնելու եւ պետական այլ մարմինների` ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության կենտրոններին փոխանցելու հարցը: Մյուս տարբերակով նախարարությունը նոր պարտավորություն է սահմանում ավագանիների համար` նպատակ ունենալով զգոնացնելու նրանց եւ համայնքի ղեկավարին համահավասար պատասխանատու դարձնել ավագանուն: Ներկայումս ԱԺ քառօրյայում ընդգրկված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մի նախագիծ, որով առաջարկվում է օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ` ավագանին «քննարկում է Հայաստանի Հանրապետության Վերահսկիչ պալատի եւ այլ իրավասու պետական մարմինների կողմից իրականացված ստուգումների արդյունքները եւ իր իրավասության շրջանակում դրանց վերաբերյալ ընդունում է որոշում»: Համայնքներում մեր կատարած ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածը, որով արդեն 31 պարտավորություն է սահմանված ավագանու համար, գործնականում, համայնքների գերակշիռ մասում չի գործում, եւ չկա երաշխիք, որ 32-րդ կետը կգործի: Որտեղի՞ց այդ համոզմունքը, որ ավագանին անպայման կքննարկի եւ իր վերաբերմունքը կարտահայտի Վերահսկիչ պալատի եզրակացության վերաբերյալ (անհասկանալի է նաեւ, թե նախագծում ինչու չի շեշտվում մարզպետարանի կատարած ուսումնասիրության եզրակացությունը պարտադիր քննարկելը): Եթե փաստաթղթի վերաբերյալ նման արձագանքի սպասելիս լինեն վերեւներից, համայնքի ղեկավարն, իհարկե, կարող է գրություն ներկայացնել ավագանու անունից, որտեղ այդ փաստաթղթի գնահատականն, ըստ ամենայնի, կտրվի այնպես, ինչպես համայնքի ղեկավարն է ցանկանում: Համայնքապետերի նկատմամբ հարուցված քրեական գործերի մեջ կան օրինակներ, որոնք պետք է տեղի չունենային, եթե ավագանին իրապես իրականացրած լիներ «ՏԻՄ» 16-րդ հոդվածով իր վրա դրված պարտավորությունները: Ներկայացնենք մի քանի օրինակ. Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Շիրակի մարզի Աղին համայնքի ղեկավար Գ. Հակոբյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունը, որը 2009 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին համայնքի գազիֆիկացման աշխատանքներն իրականացնելու պատրվակով, առանց համայնքի ավագանու քննարկմանը ներկայացնելու եւ վերջինիս համաձայնությունն ստանալու, ապամոնտաժել է համայնքի հաշվեկշռում գտնվող 1100 գծամետր տարբեր տրամաչափերի ոռոգման անօգտագործելի ջրագծի մետաղյա հին խողովակներ: Ապամոնտաժված խողովակները համայնքի ղեկավարը իրացրել է «Զիր բլագ» ՍՊԸ-ի միջոցով եւ ստացված խոշոր չափի 1 100 000 ՀՀ դրամ գումարը յուրացրել է... Միաժամանակ, Գ. Հակոբյանը լինելով աճուրդի կազմակերպիչ` «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 12-րդ կետով սահմանված կարգով Շիրակի մարզի Աղին համայնքի տարածքում գտնվող ընդհանուր 11.85 հա վարելահողերը ներկայացրել է աճուրդի, սակայն 2009 թ. հուլիսի 17-ին կայացած աճուրդներից 10-ում, չնայած ՀՀ Հողային օրենսգրքի 67 հոդվածի 3-րդ կետով, ինչպես նաեւ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված արգելքին` վարելահողերն իրացրել է գյուղապետարանի աշխատակից, իր որդի Խաչիկ Հակոբյանին: Օրենքի ուղղակի արգելքի պայմաններում` Գագիկ Հակոբյանը հաստատել է վերը նշված աճուրդների արդյունքների, ինչպես նաեւ հողամասերն աճուրդով Խաչիկ Հակոբյանին վաճառելու վերաբերյալ 2009 թ. հուլիսի 17-ի թիվ 1, 2, 3 եւ 4 արձանագրությունները, կնքել առուծախի պայմանագրեր, որոնց հիման վրա Խ. Հակոբյանի անվամբ կատարվել է սեփականության իրավունքի պետական գրանցում, իսկ 2009 թ. հոկտեմբերի 23-ին վերը նշված վարելահողերը վերավաճառվել են երեւանաբնակ Մանուկ Հովհաննիսյանին: Մեկ այլ օրինակ, որը դարձյալ առնչվում է ավագանու անմիջական իրավասություններին. Շիրակի մարզի Տուֆաշեն համայնքի ղեկավար Հ. Մխիթարյանը, անձնական այլ դրդումներից ելնելով, Երեւան քաղաքի բնակիչ Գ. Լաբրաջյանին համայնքի տարածքում վարձակալական հիմունքներով 4 հա հողատարածք է տրամադրել՝ խախտելով սահմանված կարգը: Ըստ կարգի՝ համայնքի ղեկավարը պետք է վարձակալության համար մրցույթ հայտարարեր, ինչը չի արել: Փոխարենը 2008 թ. դեկտեմբերի 22-ին կազմել է կեղծ փաստաթուղթ՝ հողատարածքի վարձակալման մրցույթի անցկացման վերաբերյալ, եւ այն 2008 թ. դեկտեմբերի 24-ին ներկայացնելով Արթիկի նոտարական գրասենյակ՝ Ս. Լաբրաջյանի հետ կնքել է վարձակալության պայմանագիր: Նույն օրը վարձակալության իրավունքը գրանցվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի՝ Արթիկի տարածքային ստորաբաժանումում: Նշենք, որ «ՏԻՄ» մասին օրենքի թիվ 16 հոդվածի 20 կետով «ավագանին է որոշում կայացնում համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության հանձնելու եւ օտարելու մասին, հաստատում է դրանց վարձավճարների, օտարման գների չափերը եւ պայմանները, իսկ աճուրդային եղանակով օտարելու դեպքում՝ գույքի մեկնարկային գինը»: Ներկայացված օրինակներում համայնքի ղեկավարը չէր կարող միայնակ խախտել օրենքը, դրա համար նրան անհրաժեշտ էին աճուրդային հանձնաժողովի անդամների, ավագանու ստորագրությունները, որոնք, անշուշտ, համայնքի ղեկավարն ունեցել է, հակառակ դեպքում ոչ նոտարը, ոչ էլ կադաստրը գրանցումներ չէին կատարի: Իսկ ավագանին այդ օրինախախտումները չի կատարի միայն այն ժամանակ, եթե պատասխանատվություն կրի այն հանցանքների համար, որոնք կատարվել են իր համաձայնությամբ, վավերացվել են իր ստորագրությամբ: Այսինքն` եթե հասկանա, որ պատասխանատվություն է կրելու առանց ավագանու նիստում հարցը քննարկելու եւ օրինական որոշում ընդունելու, հետին թվով համայնքապետարանի քարտուղարի ներկայացրած որոշումներն առանց ընթերցելու ստորագրելու համար: Հայաստանի օրենսդրությունը համայնքի ղեկվարման հարցում համահավասար պարտավորություններ է սահմանել համայնքի ղեկավարի ու ավագանու համար: Այս օղակում ներառված են նաեւ մարզպետարանները, որոնք ոչ միայն վարչական ու ֆինանսական վերահսկողություն են իրականացնում համայնքներում, այլեւ, դարձյալ ըստ օրենսդրության, վերահսկում են ավագանու որոշումները, որոնք 7 օրվա ընթացքում ներկայացվում են մարզպետարան: Ինչո՞ւ մարզպետարանում չեն նկատել ու ավագանու ուշադրությունը չեն հրավիրել օրենքին հակասող որոշումներն անվավեր ճանաչելու հարցի վրա` մինչեւ քրեական գործեր հարուցելը: Չասենք այն մասին, որ դեռեւս հայտնի չէ մեկ դեպք, երբ համայնքի ղեկավարի կատարած օրինախախտման մասին ահազանգի մարզպետը: Պարզվում է` ավագանին հաստատում է համայնքի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ու չի նկատում յուրացումները: Բյուջեի կատարողականը ներկայացվում է նաեւ մարզպետարան, եւ այնտեղ էլ չեն նկատում թվերի անհամապատասխանությունը: Քանի որ իրավասու եւ պատասխանատու անձանցից ոչ ոք ժամանակին «չի նկատում» ու չի կանխում կատարված յուրացումներն ու օրինախախտումները, վերջում քրեական պատասխանատվությունը միայնակ կրում է համայնքապետը: Դատախազության մի տարեց աշխատակից մեր հանրապետությունում հանցավորության աճող վիճակագրության մասին խոսելիս զարմանքով նկատեց, որ «արատավոր» խորհրդային տարիներին պարտավորություն ունեին հանցավորության յուրաքանչյուր դեպք քննարկելու տվյալ համայնքի, կոլեկտիվի հետ` հանցագործության հետագա դեպքերը բացառելու նպատակով: Ներկայումս գրեթե ամեն շաբաթ իրավապահ մարմինների պաշտոնական կայքերը թարմացվում են համայնքապետերի կատարած հանցագործության նոր դեպքերով, որոնցից ոչ մեկը մարզխորհրդի քննարկման թեմա չի դառնում: Հանցավորության նման դեպքերի մասին լրատվություն կա գրեթե բոլոր իրավապահ մարմինների կայքերում, սակայն ոչ մի մարզպետարանի կայքէջում լրատվություն չկա անգամ համայնքի ղեկավարի պաշտոնանկության մասին, որի վերաբերյալ, որոշ դեպքերում, Կառավարությունը առանձին որոշում է ընդունում: Ի դեպ, չնայած հանցավորության դեպքերի մասին մանրակրկիտ հաղորդմանը, Կառավարությունը, ըստ իր ձեւակերպումների, համայնքապետերի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնում է առողջական վիճակի վատթարացման եւ նման այլ պատճառաբանություններով: Համայնքապետերը հազիվ թե զգուշանան օրենքը շրջանցելուց, եթե Կառավարությունը շարունակի նման ձեւակերպումներով «ազատվել» համայնքային ուեցվածքը վատնող համայնքապետերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter