Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Մարզպետների աշխատանքը այս տարի կգնահատեն նախարարները



ՀՀ նախագահի հանձնարարությամբ 2009 թ. տարածքային կառավարման նախարարությունը (ՏԿՆ) մշակեց եւ Կառավարության հաստատմանը ներկայացրեց մարզպետների աշխատանքի գնահատման չափորոշիչները ու դրանց հիման վրա ձեւավորվող գնահատականների միավորները: Անցնող տարում, մեր երկրում առաջին անգամ մարզպետների տարեկան գործունեությունը Կառավարությունը գնահատեց ըստ այդ չափորոշիչների: Ստացած միավորներից, սակայն, ոչ բոլոր մարզպետներն էին գոհ: Եւ 2010 թ. փետրվարի 24-ին վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ այդ առթիվ հրավիրված խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են Կառավարության անդամներն ու մարզպետները, վարչապետը հայտնել էր, որ Կառավարության հաստատած մեթոդաբանությունը լիարժեք հնարավորություն չի տալիս մարզպետների աշխատանքը գնահատել համալիր ձեւով եւ առաջարկել էր կատարելագործել մեթոդաբանությունը։ Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտնել էր, որ չնայած նախարարությունների հետ համատեղ հրամաններով սահմանվել են գնահատման չափորոշիչներ, այնուամենայնիվ, որոշ չափորոշիչներով մարզպետների իրական աշխատանքը գնահատելը դժվար է։ Մասնավորապես, ինչպես մեզ տեղեկացնում են ՏԿՆ-ից, 2009 թ. մարզպետների գործունեության արդյունքները գնահատելիս ի հայտ եկան որոշ բացթողումներ, մասնավորապես` 1. Գործադիր իշխանության հանրապետական որոշ մարմիններ մարզպետների աշխատանքի գնահատման համար ձեւավորած իրենց մեթոդական ուղեցույցներում նախատեսել էին այնպիսի գործառույթների գնահատում, որոնց իրականացումը ֆինանսավորում էր պահանջում պետական բյուջեից, եւ ֆինանսավորման բացակայությամբ պայմանավորված` առաջացան որոշակի խնդիրներ: 2. Գործադիր իշխանության հանրապետական որոշ մարմիններ իրենց մեթոդական ուղեցույցներում նախատեսել էին այնպիսի գործառույթների գնահատում, որոնց իրականացումը հատուկ էր որոշ մարզերի, եւ այս դեպքում խնդիր առաջացավ համապատասխան գործառույթներ չիրականացրած մարզերում մարզպետին օբյեկտիվ գնահատելու: 3. Նախարարների մշակած մեթոդական ուղեցույցներում առկա է նաեւ բազմաթիվ ոչ իրատեսական գործառույթների գնահատում, եւ որոշ նախարարներ իրենք են նախաձեռնություն ցուցաբերել լրամշակել իրենց ոլորտի մեթոդական ուղեցույցը: 4. Որոշ գործառույթների, մասնավորապես` ՀՀ oրենքների, ՀՀ նախագահի հրամանագրերի, կարգադրությունների, կառավարության եւ վարչապետի որոշումների, ինչպեu նաեւ այլ նորմատիվ իրավական ակտերի կատարման ապահովման, oրենuդրության կիրառման պրակտիկայի ընդհանրացման, oրենuդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացման գնահատող մարմին է նախատեսված ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը: Սակայն փորձը ցույց տվեց, որ ավելի արդյունավետ կլինի, եթե այդ գործառույթները գնահատեն գործադիր իշխանության հանրապետական մարմինները` յուրաքանչյուրը իրեն վերապահված լիազորությունների շրջանակում: Ըստ այդմ, նախարարություններին առաջարկվել է կատարելագործել գնահատման չափորոշիչները, իսկ Կառավարությունը լիազորություններ ունի յուրաքանչյուր տարի փոփոխել կարգով սահմանված գնահատման լրացուցիչ չափորոշիչները` հաշվի առնելով Կառավարության գերակայությունները եւ իրականացվելիք ծրագրերը: Այս առումով նույնպես նախատեսվում է իրականացնել որոշակի ցուցանիշների փոփոխություններ` մասնավորապես hամայնքների կողմից իրենց սեփական եկամուտների հավաքագրման համար նախատեսված ենթաչափորոշիչների ցանկում: Բացի այդ, 2010 թ. առաջին ամիսներին ՏԿՆ-ը լրամշակեց ու Կառավարություն ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության մարզերում տարածքային կառավարման մարմինների գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ նախագահի նոր հրամանագրի նախագիծ: Հիշյալ նախագծով նախատեսված փոփոխությունների շարքում նաեւ հստակեցվեց մարզպետի գործունեությունը Կառավարության տարածքային քաղաքականության իրագործման գործընթացում, ինչպես նաեւ յուրաքանչյուր ոլորտում մարզպետի գործառույթների ցանկը: Նշենք, որ համաձայն այս կարգի` մարզպետները պարտավոր են ապահովել նաեւ` - մարզպետարանի եւ մարզային ենթակայության կազմակերպությունների գործունեության թափանցիկությունը եւ հրապարակայնությունը, - մարզպետը գործում է թափանցիկ եւ հրապարակային, մարզին առնչվող հիմնախնդիրները եւ իր ընդունած որոշումներն ու արձակած կարգադրությունները հրապարակում է մարզպետարանի ինտերնետային կայքէջում: Սակայն, պարզվում է, որ մարզպետների գործունեությունը այս մասով գնահատելու համար չափորոշիչների մեջ գնահատման միավորներ չեն նախատեսվել: Ավելացնենք, որ անցնող տարում, երբ նախարարության կայքէջում քննարկման էր ներկայացվել «ՀՀ մարզպետների կողմից կատարված աշխատանքների գնահատման չափորոշիչները» փաստաթղթի նախագիծը, «Հետաքննող լրագրողներ» կազմակերպությունը, որն այդ ժամանակ իրականացնում էր «Թափանցիկ տեղական ինքնակառավարում» ծրագիրը, առաջարկեց գնահատման չափորոշիչների մեջ ներառել եւ մարզպետների գործունեությունը գնահատել նաեւ նրանց գործունեության հրապարակայնության ու թափանցիկության տեսակետից: Այդ առաջարկն արվել էր` ելնելով այն իրողությունից, որ մարզպետների աշխատանքում ամփոփվում է ողջ մարզի ՏԻՄ-երի գործունեությունը: Առաջարկը տեղ չի գտել նախորդ տարվա չափորոշիչների մեջ, մեր ունեցած տեղեկություններով, դարձյալ գնահատման մեթոդաբանության բացակայության պատճառով: Հուսանք` առաջարկն այս անգամ չի անտեսվի, քանի որ ՏԻՄ ոլորտում իրականացրած մեր գործունեության ընթացքում համոզվել ենք, որ ոլորտում առկա չարաշահումները եւ կոռուպցիոն երեւույթները նվազագույնի կհասնեն ՏԻՄ մարմինների թափանցիկ գործունեության արդյունքում:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ