HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր բանաձևի նախագիծ ԵԽԽՎ-ում` Հայաստանի դեմ

Սույն թվականի ապրիլի 28-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը  շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի վճռականությունը` մոնոէթնիկ պետություն դառնալու եւ ընդդեմ ազգային փոքրամասնությունների քաղաքականություն իրականացնելու վերաբերյալ» վերնագրով` 12227 բանաձեւի նախագիծը: Փաստաթղթում առկա են պնդումներ, թե Հայաստանում իբր` ամենամեծ ազգային փոքրամասնություն հանդիսացող 42 հազարանոց քրդական համայնքը լուրջ վտանգի առջեւ է կանգնած, հայերը Երեւանում 4 քրդի են գլխատել, այդ ապանությունները քաղաքական դրդապատճառներ ունեն` որպես քրդերի դեմ հետապնդման եւ մեկուսացման քաղաքականության մի մաս եւ այլն:   Բացահայտ ապատեղեկատվություն պարունակող այդ բանաձեւի նախագծին իրենց ստորագրություններով, բացի Ադրբեջանի երկու պատվիրակից, միացել են նաեւ ԵԽԽՎ 18 պատվիրակ, որոնք են. Բեք Մարիլուիզ - Գերմանիա Բերենյի Ժոզեֆ – Սլովակիա Դալգաարդ Պեր - Դանիա Դիազ Թեժերա Արկադիո – Իսպանիա Դորիշ Միլյենկո – Խորվաթիա Ֆարինա Ռենատո – Իտալիա Գեորգիու Արիստոֆանես – Կիպրոս Գրաֆ Մարտին - Ավստրիա Հյուբներ Յոհաննես - Ավստրիա Կոենիգս Թոմ - Գերմանիա Լինդբլադ Գորան – Շվեդիա Մարկուեթ Բեռնարդ – Մոնակո Պապադիմիտրու Էլզա - Հունաստան Սանտինի Ջակոմո – Իտալիա Սարիկաս Ֆիդիաս – Կիպրոս Սասի Կիմմո – Ֆինլանդիա Սուսլով Եվգենի – Ուկրաինա Վարեյկիս Էգիդիժուս – Լիտվա Մայիսի 28-ին կայացած մամլո ասուլիսի ընթացքում ԵԽԽՎ-ում Հայաստանի Հանրապետության պատվիրակության անդամ, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ի թիվս հրատապ այլ հարցերի, անդրադարձավ նաեւ վերոնշյալ փաստաթղթին: Մասնավորապես` տկն Փոստանջյանը լրագրողներին հայտնեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության պասիվ գործունեության հետեւանքով է նաեւ, որ նման փաստաթղթեր են դրվում շրջանառության մեջ, որ անհրաժեշտ է հետեւել եւ ժամանակին համարժեք պատասխաններ տալ ցանկացած այդպիսի փաստաթղթի, քանի որ, հակառակ դեպքում` հայկական կողմի մշտապես պաշտպանվելու եւ նախաձեռնություններ հանդես չբերելու պատճառով թուրքերի ու ադրբեջանցիների համար պարարտ հող է ստեղծվում հակահայկական գործունեություն ծավալելու առումով: «Ժառանգության» պատգամավորը նաեւ տեղեկացրեց, որ պատրաստվում է պատշաճ կերպով պատասխանել Հուսեյնովի պատրաստած փաստաթղթին, եւ ոչ թե նրան, այլ փաստաթղթին միացած  պատվիրակներին` որպես նաեւ ահազանգ վերջիններիս, որ հեղինակազրկվում են` ստորագրելով տվյալների հավաստիությունը չստուգած ինչ-որ փաստաթղթի տակ: Եվ ինչպես խոստացել էր ասուլիսի ընթացքում Զարուհի Փոստանջյանը` վերոնշյալ փաստաթղթի տակ ստորագրած ԵԽԽՎ 18 պատվիրակներին (ինչպես նաեւ` Վեհաժողովի բոլոր անդամներին) նա արդեն այսօր` հունիսի 6-ին, ուղարկեց վերոնշյալ` 12227 բանաձեւի նախագծի դեմ իր պատրաստած պարզաբանում-պատասխանը եւ լրացուցիչ նյութեր Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter