HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Երեխաների մտածելակերպը փոխվել է. նրանք ամաչում են գումար մուրալ

Ասում է Նելլի Դուրյանը եւ ավելացնում, որ հիմա այն երեխաները, որոնց գումար է պետք, ուղղակի աշխատում են Նելլի Դուրյանը Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղեկալ է: Ըստ նրա` Հայաստանում, համեմատած այլ երկրների, անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները շատ չեն: «Մեզ մոտ լավ վիճակ է թմրամիջոցների օգտագործման առումով, քչացել են մուրացիկ թափառաշրջիկ երեխաները: Չնայած` մուրացկանությունը, որպես այդպիսին, հանցագործություն չէ, բայց Ոստիկանությունն այն եզակի կառույցն է, որը դեռեւս 1996-1997 թթ. անդրադարձավ այդ խնդրին,- ասում է Ն. Դուրյանը: - Փորձը ցույց է տալիս, որ այն երեխաները, որոնք մնում են փողոցում, ուրեմն նրանց մյուս քայլը գողությունն է: Համենայնդեպս, հետեւողական, շարունակական աշխատանք է տարվում, որի արդյունքում նախորդ տարիների համեմատությամբ կտրուկ նվազել է մուրացկան անչափահասների թիվը»: Մեր երկրում 1997 թ. հաշվառվել են 170 անչափահաս մուրացկաններ (ըստ բանախոսի` հիմնականում հաշվառվել են մուրացկանությամբ զբաղվող այն երեխաները, որոնք անընդհատ հայտնվել են ոստիկանների տեսադաշտում), իսկ անցյալ տարի` 23: Մուրացիկ երեխաների թվաքանակի նվազումը Նելլի Դուրյանը մի կողմից պայմանավորում է «սոցիալական պայմանների ինչ-որ չափով բարելավմամբ», մյուս կողմից` երեխաների մտածելակերպի փոփոխությամբ. «Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ հիմա երեխաների այն մասը, որին գումար է պետք, նրանք ուղղակի աշխատում են: Այսօր երեխաներն ուղղակի ամաչում են, անհարիր են համարում գումար մուրալը»: «Ի վերջո, մուրացկանությունը սոցիալական խնդիր է, եւ եթե երեխան զբաղվում է մուրացկանությամբ, ուրեմն ինչ-որ խնդիր կա նաեւ տանը, ընտանիքում: Եվ այստեղ համալիր աշխատանք է տարվում թե ընտանիքի հետ, թե ծնողների: Որին անհրաժեշտ է, ծրագրերի մեջ ենք ներգրավում»,- ավելացնում է Դուրյանը: Ըստ նրա` այսօր ամենացավոտ խնդիրն այն մայրերն են, ովքեր փոքր երեխաներին գրկած այս կամ այն վայրում զբաղվում են մուրացկանությամբ: Բանախոսի փոխանցմամբ` սովորաբար նման դեպքերում երեխաները փոքր են լինում, ուստի «նրանց չի կարելի ծնողից վերցնել»: Հետեւաբար ոստիկանությունը, համագործակցելով տարբեր կառույցների ու կազմակերպությունների հետ, փորձում է խնդրին լուծում տալ` ծնողին աշխատանքի տեղավորելով. «Համենայնդեպս, ոստիկանությունը բոլոր լծակներն ուղղորդում է, որպեսզի նման դեպքերը քիչ լինեն»,- ասում է Ն. Դուրյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter