HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Իրավախախտ անչափահասների վարքագծի բեկո՞ւմ

Ոստիկանության Քրեական հետախուզության գլխավոր վարչության երրորդ վարչության պետի տեղեկալ Նելլի Դուրյանը նշում է, որ վերջին տարիներին Հայաստանում իրավախախտ անչափահասների վարքագծում նկատվում են դրական տեղաշարժեր: Սակայն մյուս կողմից նա փաստում է, որ այս տարվա առաջին 4 ամիսներին գրանցվել է անչափահասների կողմից հանցագործությունների կատարման 113 դեպք, որը 21-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից: Այսօր «Ուրբաթ» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նելլի Դուրյանը մանրամասնեց, որ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների գերակշիռ մասը գողություններն են, որոնց մեծ մասը մանր գողություններն են: Երկրորդ տեղում` մարմնական վնասվածքն է, հատկապես այն դեպքերը, երբ անչափահասները մեկը մյուսին հասցնում են մարմնական վնասվածքներ: Այնուհետեւ կողոպուտը եւ խուլիգանությունն են: Համեմատության մեջ շատ փոքր թիվ են կազմում անչափահասների կողմից կատարված ծանր հանցագործությունները. «Այսօր շատ քիչ թվով անչափահասներ կան գաղութում` 25 հոգի: Նրանք կատարել են ծանր հանցագործություններ: Մյուսները գտնվում են հսկողության տակ կամ ոստիկանության, կամ քրեակատարողական վարչության կողմից»,- ասում է բանախոսը: Այս տարի անչափահասների կողմից կատարված սպանության դեպք չի արձանագրվել: Անչափահասների շրջանում երեւան եկած իբրև նոր հանցատեսակ Դուրյանն առանձնացնում է կեղծ թղթադրամների գործը, երբ անչափահասներն իրենք տպագրել, այնուհետեւ փորձել էին իրացնել հայկական կեղծ թղթադրամներ: Անցյալ տարի գրանցվել է անչափահասների ինքնասպանության 28 դեպք, իսկ այս տարվա տվյալները Դուրյանը խոստացավ տրամադրել առաջիկա օրերին: Նրա խոսքերով` ինքնասպանությունների պատճառները հիմնականում կենցաղային են, «կամ տղա-աղջիկ սիրահարվելու խնդիրն է»: Իրավապահները կասկածում են, որ ինքնասպանություններից մեկը տեղի է ունեցել կրոնական հողի վրա: Սակայն 15-ամյա աղջնակի ինքնասպանության հիշյալ գործը դեռեւս նախաքննության փուլում է, հետեւաբար ասվածը դեռեւս ապացուցված չէ: 2009-ին նախորդ տարվա համեմատ, այս տարի էլ` 2009-ի համեմատ անչափահաս կրկնահանցագործների թիվը, ըստ Նելլի Դուրյանի, նվազել է: Անցյալ տարի կրկնակի հանցագործություն է կատարել 16 անչափահաս: 2009-ին հանցագործություն է կատարել նաեւ 32 աղջիկ անչափահաս, որոնց մեծ մասը կատարել է գողություն: «Մարմնավաճառության համար հաշվառման մեջ չունենք անչափահաս աղջիկներ, բայց մենք ունենք վարքի շեղումով աղջիկներ: Աղջիկներ են, որոնք տանն ունեն խնդիրներ, չեն կարողանում տանը մնալ,- ասում է բանախոսը, - այս պահին մեր բաժինը զբաղվում է երկու այդպիսի դեպքով, երբ ծնողն աղջկան չի ընդունում, եւ երեխան հայտնվում է փողոցում: Երեխաներից մեկի դեպքում լրանում է 17, մյուսի` 16 տարին»: Ն. Դուրյանի փոխանցմամբ` Երեխաների պաշտպանության ազգային ծրագրի շրջանակներում ոստիկանությունը ներկայացրել է միջոցառումների ծրագիր, որում ընդգրկված է նաեւ 12-ից 18 տարեկան վարքի շեղումներով աղջիկների համար հաստատություն ստեղծելու խնդիրը: Ինչ վերաբերում է երեխաների թրաֆիքինգին, բանախոսի հավաստմամբ, 2008-ից ի վեր Հայաստանում նման դեպքեր չեն հայտնաբերվել. «Կան անչափահասներին պոռնկության մեջ ներգրավելու դեպքեր: Չորս անչափահաս, 4 դեպք, բոլոր գործերով էլ մեղավորները պատժվել են»: Տարվա կտրվածքով մեր երկրում արձանագրվում է անչափահասների դեմ կատարվող բռնության շուրջ 110 դեպք, որոնցում գերակշռում են մարմնական վնասվածքները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter