Չորեքշաբթի, 26 սեպտեմբերի

Թուրքական համագործակցություններն ընդդեմ Հայաստանի՞



Այս պահին Ստամբուլում տեղի է ունենում Ասիայում համագործակցության եւ վստահության միջոցներին նվիրված խորհրդակցությունը, որին մասնակցում է իսլամական բնակչություն ունեցող, Ասիայում 20 ամենահզոր պետություն` Արաբական էմիրություններ, Ռուսաստան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա եւ այլն: Հանդիպող երկրները քննարկում են ռազմավարական զարգացման, ինչպես նաեւ խաղաղության հաստատման խնդիրները տարածաշրջանում: Այսօր այս խորհրդակցությունը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանեցին քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւ թուրքագետ Արտակ Շաքարյանը: Չնայած հանդիպման ընթացքում ամենաարծարծվող թեմաներից են լինելու թուրք-իսրայելական հարաբերությունները` սակայն բանախոսներն անդրադարձան թուրք-ռուսական եւ թուրք-ադրբեջանական հնարավոր համագործակցությանը: Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն ու էներգետիկայի նախարարներն  արդեն եկել են համաձայնության, ըստ որի` Ադրբեջանը համաձայնել է Թուրքիային բնական գազ վաճառել ավելի ցածր գնով, քան Ռուսաստանը: «Սա երեւի թե նաեւ հայ-թուրքական արձանագրությունների ձախողման գինն է, որ Ադրբեջանը վճարում է Թուրքիային»,- ասում է Արտակ Շաքարյանը: Բնական գազի տարանցման երկու ծրագիր կա: Մեկն արեւմտյան «Նաբուկո» ծրագիրն է, որը փորձելու է Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի գազը հասցնել Եվրոպա` ի մրցակցություն ռուսական «Հարավային հոսք» նախագծի: Մյուսը ռուսական ծրագիրն է, որ նախատեսում է Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի գազը «Հարավային հոսքով» հասցնել Եվրոպա: Թե՛ «Հարավային հոսքի», թե՛ «Նաբուկոյի» ծրագրի իրականացման դեպքում գազամուղներն անցնելու են Թուրքիայով, այսինքն երկու դեպքում էլ Թուրքիան շահում է: Սակայն Արտակ Շաքարյանը համարում է, որ Ադրբեջանի հետ գազի պայմանագրով Թուրքիան, փաստորեն, գերակայությունը տալիս է «Նաբուկոյի» ծրագրին: «Բայց նաեւ պետք է հավելեմ, որ Ադրբեջանը չունի այդքան գազ, որ կարողանա ինքնուրույն կերպով լցնել «Նաբուկոն»: Ադրբեջանը հույս ունի, որ Թուրքմենստանի գազով կիրականացնի ծրագիրը»,- ասում է Արտակ Շաքարյանը: Արեւմուտքի հետ Ադրբեջանի համագործակցությունը, ըստ Երվանդ Բոզոյանի, երկու գործոնով է պայմանավորված. «ԱՄՆ-ը երբեք չի թաքցրել, որ Ադրբեջանը համարվում է իր ռազմավարական գործընկերն այս տարածաշրջանում: Դրանում կարեւոր են նավթային եւ աշխարհագրական գործոններն այն իմաստով, որ Ադրբեջանը բավականին մոտ է գտնվում Իրանին եւ Աֆղանստանին»: Թուրք-ռուսական հարաբերությունները ուշագրավ են երկու երկրների վարչապետերի փոխադարձ այցելությունների տեսանկյունից եւս: Արտակ Շաքարյանը համամիտ չէ այն կարծիքին, որ թուրք-ռուսական հարաբերություններն ուղղված են ընդդեմ Հայաստանի. «Ռուսները մի լավ ասացվածք ունեն` «շան եւ կատվի դաշինքը միշտ խոհարարի դեմ է»: Սակայն ես փորձում եմ վերահաստատել այն միտքը, որ թուրք-ռուսական հարաբերությունները զուտ տնտեսական են: Իրենք` թուրքերն էլ այդ հարաբերությունները չեն բնորոշում որպես ռազմավարական, այլ տնտեսական»:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ