HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

«Զվարթնոցը» շուտով «կընդունի» բոլոր տեսակի ինքնաթիռներ

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ընթանում են լայնածավալ շինարարական աշխատանքներ: Նախատեսված 3 մլն ԱՄՆ դոլարով նորոգվում է թռիչքադաշտը: 1700 մետր երկարությամբ եւ 30 մ լայնությամբ ինչպես մայր, այնպես էլ Delta ղեկուղիներներում կատարվում են ծածկույթի նորոգման եւ օդանավերի ղեկուղու կրող մասի լայնացման աշխատանքներ: Օդանավակայանի տեխնիկական գծով տնօրեն Աշոտ Միրզոյանի ներկայացմամբ` աշխատանքների 80 տոկոսն արդեն ավարտվել են, իսկ մյուս մասը կավարտեն 10-15 օրում: Նրա խոսքերով` թռիչքադաշտը վերջին անգամ նորոգվել էր մոտ 15 տարի առաջ. ծածկույթն արդեն հնացած էր եւ անցել էր դրա ծառայության ժամկետը: Նորոգման շնորհիվ այն կծառայի առնվազն 8-10 տարի: «Արդեն կկարողանանք շահագործել բոլար տիպի ինքնաթիռների վայրէջքն ու թռիչքը` առանց որեւէ խափանման»,- ասում է Աշոտ Միրզոյանը եւ մանրամասնում, որ աշխատանքներն ավարտելուց հետո «Զվարթնոցում» առանց սահմանափակումների հնարավոր կլինի ընդունել ինչպես Բոինգ-747 տիպի օդանավեր, այնպես էլ աշխարհի ամենամեծ`Ա 380 ինքնաթիռը: Օդանավակայանի հանրային գոտում զուգահեռ ընթանում է նաեւ նոր տերմինալի շինարարությունը: Այն ունի երկաթբետոնե եւ մետաղական ստրուկտուրա. հիմքը եւ առաջին երկու հարկերը կառուցվել են բետոնից, իսկ ամբողջ կարկասը մետաղական է: Նախագծի գլխավոր ճարտարապետ Լուկաս Պերես Մոնսալվոյի խոսքերով` շինարարությունում կիրառվել են կապարառետինե կրիչներով մեկուսիչներ, որոնք սեյսմիկ վտանգը նվազեցնող ամենատարածված եւ փորձված համակարգերն են: «Դրա շնորհիվ կառույցը կարող է դիմակայել մինչեւ 9 բալանոց երկրաշարժին: Այսինքն` նույնիսկ ուժեղ երկրաշարժի դեպքում օդանավակայանը, իր բոլոր կառույցներով, կկարողանա անխափան աշխատել»,- ասում է Լուկաս Պերես Մոնսալվոյին: Նրա հավաստմամբ` նախագիծը կազմվել է ճարտարապետության ժամանակակից սկզբունքներով, իսկ կառուցվածքն իր թափանցիկության շնորհիվ լրիվ նորամուծություն է: Տանիքի 40 տոկոսը ապակեպատ է: Կլինի ապակե շերտավարագույրային համակարգ, ինչը կնվազեցնի արեւի ուղիղ ճառագայթումը հարավից, սակայն թույլ կտա, որ արեւի լույսը ներթափանցի շենք: «Ապակիների գույներն արգենտինահայ գործարար, հիմնադիր Էդուարդո Էռնեկյանի մտահաղացումն է: Նա ցանկացել է, որպեսզի շենքի ճակատում ներգրավվեն կյանքի գույներ, եւ հենց այդ սկզբունքով էլ նախագծվել է կառույցը»,- հավելում է գլխավոր ճարտարապետը: Նոր համալիրում կտեղակայվեն ուղեւորների մեկնման եւ ժամանման սրահները: Հանրային սրահի մուտքի առջեւ կառուցվում է երկհարկանի ավտոկանգառ` նախատեսված 600 ավտոմեքենաների համար: Նախատեսվում է ամբողջ շինաշխատանքներն ավարտին հասցնել մինչեւ հաջորդ տարվա վերջ, որից հետո «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը կկարողանա սպասարկել տարեկան 3 մլն ուղեւորի: Նոր համալիրն ամբողջովին կփոխարինի այսօր գործողին, որի ճարտարապետը երգահան Արթուր Մեսչյանն է: Իբրեւ ճարտարապետ` Լուկաս Պերես Մոնսալվոն նշում է, որ հին տերմինալն իրեն շատ է դուր գալիս. «Այն ինչ-որ ժամանակահատվածում ճարտարապետությամ մեջ ունեցել է դոմինանտ դեր, եւ նրա պահպանումը կարեւորում ենք, բայց թե ինչ տեսակով, դեռ նախագծման փուլում է: Նպատակն այն է, որ կարողանանք շենքի արտաքին եւ ներքին կապը միացնելով` ծառայեցնել ինչ-որ նպատակի»: «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն էլ նշում է, որ հին տերմինալի գործածության համար քննարկվում են մի քանի տարբերակներ: Ըստ նրա` վերջնական որոշումը կայացնելու է ընկերությունը, բայց, անշուշտ, ՀՀ կառավարության հետ փոխհամաձայնեցմամբ: «Գուցե շենքը որպես գրասենյակներ վարձակալությամբ հատկացնենք տարբեր ընկերությունների: Կամ օգտագործենք իբրեւ հյուրանոց` օդանավակայանի համար: Բայց շենքը միանշանակ մնալու է»,- ասում է գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեն: Իսկ օդանավակայանի հարեւանությամբ գտնվող բնակելի շենքերը կքանդվեն այն ժամանակ, երբ, ըստ ՓԲԸ-ի գլխավոր ճարտարապետի, պատրաստ կլինի նոր շենքը` 160-170 բնակարաններով, որպեսզի բնակիչներին կարողանան տեղափոխել: Լուկաս Պերես Մոնսալվոյի փոխանցմամբ` այս պահին կառուցվելիք շենքերի աշխատանքները դեռ նախագծման փուլում են: Հիշեցնենք, որ 2001 թ. դեկտեմբերին ՀՀ կառավարության եւ արգենտինյան «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության միջեւ կնքվեց պայմանագիր, որի համաձայն` «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությանը 30 տարի ժամկետով կոնցեսիոն կառավարման հանձնվեց Երեւանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը: 2002 թ. հունիսից ՓԲԸ-ն ստանձնեց օդանավակայանի կառավարումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter