HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անի Հովհաննիսյան

«Թուրքիայի դերի մեծացմանը նպաստեց նաեւ «ֆուտբոլային քաղաքականություն» ասվածը»

Տարածաշրջանում թեժացել են քննարկումներն արեւմուտքի եւ Ռուսաստանի հետ համագործակցության թեմայի շուրջ: Օգտվելով մեծ տերությունների տնտեսական եւ ռազմական առաջարկներից` Թուրքիան փորձում է բարձրացնել իր դերը եւ դառնալ թելադրող տարածաշրջանային խնդիրներում: Այս իրավիճակով անհանգստացած են քաղաքագետ Երվանդ Բոզոյանը եւ թուրքագետ Արտակ Շաքարյանը:

Երվանդ Բոզոյանի կարծիքով` Թուրքիան արդեն մեծ ներգործություն ունի կովկասյան խնդիրների լուծման հարցում. «Նա փորձում է իրականացնել իր պատմական նեոօսմանյան գաղափարը եւ դառնալ տարածաշրջանում փաստացի գերտերություն: Թուրքիայի դերի մեծացմանը նպաստեց նաեւ «ֆուտբոլային քաղաքականություն» ասվածը, որով ստացավ լեգիտիմ իրավունք` ակտիվորեն միջամտելու կովկասյան խնդիրների լուծմանը»,- նշում է Երվանդ Բոզոյանը:

Մինչ ֆուտբոլային քաղաքականության սկիզբը Թուրքիան արդեն հայտարարել էր, որ զրոյական պրոբլեմներով քաղաքականություն է սկսում իր հարեւան պետությունների հետ: Երկրորդ քայլն արդեն Հայաստանի հետ հարաբերություններ սկսելն էր. «Մենք էլ տվեցինք այդ հնարավորությունը նրան` ներխուժելու մեր դաշտ: Մենք փաստացի անկարող ենք դուրս հանել Թուրքիային այս դաշտից, եւ նա արդեն հայտ է ներկայացրել` հավասարը հավասարի պես հանդես գալու այն դերում, որում հանդես են գալիս ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը»,- կարծում է Երվանդ Բոզոյանը:

Դեռ 2002 թ.-ից առկա է թուրք-իսրայելական դիմակայությունը, որը սկզբում կապված էր Իսրայելի կողմից Թուրքիային մատակարարվող ուղղաթիռների ավիոնիկայի հետ: Սակայն այժմ նրանց հարաբերություններն ավելի են սրվել, և պատճառները տեղափոխվել են տնտեսական և աշխարհաքաղաքական հարթություն:

Արտակ Շաքարյանը կարծում է, որ սա ոչ թե անմիջական, այլ շղթայական կապ կունենա Հայաստանի հետ հարաբերություններում. «Անմիջականորեն սա մեզ չի անդրադառնում, սակայն սա եւս քայլ է Թուրքիայի կողմից իր դիրքերն ամրապնդելու իսլամական երկրների շրջանում: Եւ որքան նա առաջատար դառնա իսլամական աշխարհում, այնքան կկարողանա այդ աշխարհն օգտագործել մեր դեմ»,- ասում է Արտակ Շաքարյանը:

Իսկ Իսրայելի հետ սկանդալային հարաբերությունները թուրքագետը որակում է որպես ձեւական քայլ Թուրքիայի կողմից` առաջնային իսլամական երկիր դառնալու նպատակով. «Թուրք-իսրայելական այս գժտությունը պարզապես մի քայլ է շախմատային մեծ սցենարի մեջ: Սպանվում են մարդիկ, տեղի են ունենում հայտարարություններ, որոնք մեծ հարաբերություններում ինչ-որ խաղեր մտցնում են: Սակայն եթե դիտարկենք Թուրքիայի պատմությունը, կտեսնենք, որ հաճախ նա տարբեր պետությունների հետ ունեցել է սկանդալային հարաբերություններ, բայց հետո շատ լավ հարաբերությունների են դրանք վերածվել, այսինքն` սա ընկալելի է Թուրքիայի արտաքին քաղաքականության համար»,- կարծում է Արտակ Շաքարյանը:

Հարց է առաջանում, թե այս տեսակ հարաբերություններում, որտեղ թելադրողը հզոր տնտեսություններն են, ինչպիսի՞ն պետք է լինի Հայաստանի դիրքորոշումը: Արտակ Շաքարյանը կարծում է, որ Հայաստանը դեռ պետք է հետեւի «Inside Out» սկզբունքին, այն է` «երկիրը  կարող է հզոր լինել միջազգային հարաբերություններում, եթե ներսի բոլոր հարցերը հասցված են փայլուն մակարդակի: Ուստի, եթե Հայաստանն ուզում է տարածաշրջանային լավ դիրք ունենալ, նախ պետք է զարգացնի իր տնտեսությունը»:

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանը սխալ է համարում այն մտայնությունը, թե Հայաստանի տնտեսության զարգացումը կապված է բաց սահմանների կամ լավ հարեւանների հետ. «Երկիրը պետք է զարգանա ոչ թե իր սեփական միջին խավը վերացնելու, այլ այն հզորացնելու ճանապարհով: Ասել, որ առանց սահմանի բացման մենք ապագա չունենք, ես անմիտ եմ համարում: Եթե մենք կարողանանք ունենալ նորմալ տնտեսական-քաղաքական վերնախավ, այդ դեպքում միայն կկարողանանք հասնել մեծ հաջողությունների»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter