HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Դավիթ Հակոբյան. «Ժամանակն է, որ պառլամենտի հիմարիկներն ուղեղները լարեն»

Հակառակ դեպքում Հայաստանի գլխավոր մարքսիստը հիշեցնում է, որ «պրոտիվ լոմա, նետ պրյոմա» Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքերով` ապագա նախագահական ընտրությունները սարերի հետեւում չեն, իսկ ներկայիս ընտրական օրենսգրքով գնալ ընտրությունների, ըստ նրա, նշանակում է դեմ-հանդիման կանգնել լուրջ կատակլիզմաների: Մարքսիստն ասում է, որ այն կարծիքը, թե կարելի է անընդմեջ դատարանների եւ ոստիկանական համագարկի միջոցով պահպանել իշխանությունը, ուղղակի քաղաքական ապուշություն է: «Այս ընտրական իրավունքը հասարակության ֆիզիկական անվտանգությունը, պետության քաղաքական անվտանգությունն ապահովել չի կարող... Մենք ուղղակի կարող ենք ունենալ քաղաքացիական պատերազմ, որովհետեւ այսօրվա իշխանություններն իրենց հետեւից այնպես են փակել իշխանական դռները, որ ընդդիմությանն ուղղակի մնում է մերկացնել սուրը, որովհետեւ սահմանադրական բոլոր ուղիները փակ են: Սա համազգային աղետ է խոստանում, եւ ժամանակն է, որ պառլամենտի հիմարիկներն ուղեղները լարեն»,- ասում է Դ. Հակոբյանը: Վերջինս մանրամասնում է, որ ստեղծված իրավիճակը պարզապես առաջ է քաշել «քաղաքական դինաստիայի փոփոխության անհրաժեշտություն», իսկ ներկայիս իշխանությունները պատրաստ են իշխանափոխության փորձերը խեղդել թեկուզ արյան ծովի մեջ: Ուստի «հարկավոր է նոր ընտրական իրավունք` հանուն պետական անվտանգության»: Գլխավոր մարքսիստն առաջարկում է իրականացնել որոշակի քայլեր` ձերբազատվելու համար գոյություն ունեցող «ամենահանցագործ ընտրական իրավունքից», որը տարբեր սոցիալական խավերի ներկայացուցիչներից միայն ազնվատոհմիկներին, կապիտալի ներկայացուցիչներին է իրավունք վերապահում «վերցնելու քաղաքական պոստերը»: Նա նշում է, որ իբրեւ թեկնածու ընտրություններին մասնակցելու համար յուրաքանչյուրը պետք է վճարի 3000 դոլար գրավ: Մինչդեռ քաղաքակիրթ երկրներում թեկնածուները վճարում են իրենց տարվա եկամուտի 10 տոկոսը. «Այսինքն` 500 մլն դոլարի կապիտալ ունեցող օլիգարխը մուծում է 50 մլն դոլար, իսկ 1000 դոլար միջին աշխատավարձ ունեցող քաղաքացին` դրա 10 տոկոսը»: Ըստ Դ. Հակոբյանի` երկրորդ «ամենահանցագործ դեֆեկտն» այն է, որ ՀՀ Սահմանադրությամբ բոլոր քաղաքացիներն իրավունք ունեն ընտրելու եւ ընտրվելու: Եվ չկա այնպիսի մի կետ, որը պատասխանի` քաղաքացին ընտրությունները բոյկոտի ենթարկելու, իր քաղաքական պարտքը չկատարելու իրավունք ունի՞, թե՞ ոչ: «Ֆրանսիայի, Հոլանդիայի Սահմանադրություններում հոյակապ գրված է` պետական մարմինների ձեւավորման գործընթացում քաղաքացիական պարտքը չկատարելու համար քաղաքացին տուգանվում է խոշոր գումարով: Կամ զրկվում է քաղաքացիությունից` 5 տարի ժամկետով, մինչեւ հերթական ընտրությունները: Ես առաջարկում եմ քաղաքացիությունից զրկելու տարբերակը,- ասում է մարքսիստ Հակոբյանը,- այդ տարբերակով ընտրությունները կվերածվեն յուրահատուկ մարդահամարի: Մենք, փաստորեն, դրանով մեռած հոգիներից կձերբազատվենք: Ամենավտանգավոր էլեկտորատն ընտրությունների ժամանակ, դա ընտրություններին չմասնակցող, պասիվ էլեկտորատն է: Իսկ փետրվարի 4-ի ընտրական իրավունքով` ինչքան քիչ գան ընտրությունների, այնքան հեշտ` իշխանությունը պահելու համար»: Հակոբյանն առաջարկում է նաեւ ընտրական հանձնաժողովները ձեւավորել ոչ թե վերեւից` խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներով, այլ ներքեւից` յուրաքանչյուր գրանցված կուսակցության մեկական անդամի մասնակցությամբ: Մյուս կողմից նա նշում է, որ պետք է պարտադիր փոխել «Կուսակցությունների մասին» օրենքը եւ դադարեցնել «հիմարություններով օրական 40 կուսակցություն գրանցել», քանի որ մեր երկրին պետք է ամենաշատը 5 կուսակցություն: «Մյուս հարցն ընտրական օրենքի վերաբերյալ այն է, որ կա քաղաքացիական ծառայության ինստիտուտ, որտեղ որոշում են մանր չինովնիկների ինտելեկտուալ ցենզը` պետական մեքենայում նստելուց առաջ: Իսկ ինչո՞ւ նախագահի, հատկապես պառլամենտ մտնող անհատն այդ ինտելեկտուալ ցենզով չի անցնում: Ես առաջարկում եմ գույքայինի փոխարեն ինտելեկտուալ ցենզ անցկացնել: Այսինքն` պետք է մինումում պետական քննություն հանձնեն բոլոր պատգամավորության թեկնածուները` 3 առարկայից` պետության եւ իրավունքի պատմություն, հասարակագիտություն եւ ազգային պատմություն, խոսքի, լեզվի տիրապետման կարողություն»,- ասում է Դավիթ Հակոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter