HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Լյուդմիլա Սարգսյան. «Իշխանությունները գիտակցված են գնում դավաճանության»

«Քաղաքական ամռան հրատապ խնդիրները» թեմայով ասուլիսի ժամանակ այսօր ՍԴՀԿ ատենապետ Լյուդիմլա Սարգսյանը «Իրավունք դե ֆակտո» ակումբում նշեց, թե հիմա հայ ժողովրդի համա շատ կարեւոր օրեր են, «բայց, դժբախտաբար, կարեւորությունը նրանում է, որ պետք է ամեն կերպ կարողանանք խափանել Ազգային ժողովում «Լեզվի մասին» ՀՀ օրենքի փոփոխության նախաձեռնությունը»: «Կարծես թե գործող վարչախումբը չի գիտակցում, թե օտարալեզու դպրոցներ բացելու նպատակով օրինագծի մեջ նման փոփոխություններ մտցնելու հետեւանքն ինչ է լինելու»,- ասում է ՍԴՀԿ ատենապետը եւ հիշեցնում, որ դեռ անցյալ դարի սկզբում Հնչակյան կուսակցության ակտիվիստները մահափորձ են կատարել նախանգապետ Գոլիցինի նկատմամբ միայն այն պատճառով, որ վերջինս փորձել է Կովկասում վերացնել հայալեզու դպրոցները: «Դեռ այն ժամանակ մեր մեծերը շատ լավ գիտակցում էին, թե ինչ կարեւոր դերակատարություն ունի լեզուն ժողովրդի պատմության, նրա ապագայի մեջ եւ որ հայեցի, հայալեզու կրթությունն ամենից կարեւորն է` երկրի, պետության զարգացման ու կայացման գործում»,- ասում է Լ. Սարգսյանը: Ըստ նրա` անկախ պետության խորհրդանիշներից մեկի` լեզի նկատմամբ նման վերաբերմունքի դրսեւորվումը նշանակում է, որ գործող վարչախումբի համար Հայաստանի անկախությունը եւ ապագան ոչ մի արժեք չունեն: Լյուդմիլա Սարգսյանը, փոխանցելով Հնչակյան կուսակցության վարչության գնահատականը, նշում է, որ «սա ուղիղ դավաճանություն է պետականության նկատմամբ եւ նման որոշումն ամեն կերպ պետք է կասեցնել»: Իսկ «ինչպե՞ս պետք է կասեցնել օրենքի փոփոխության նախաձեռնությունը» հարցին ՍԴՀԿ ատենապետը պատասխանում է. «Պետք է փորձենք, բայց դա չի նշանակում, որ դա մեզ պետք է հաջողվի: Բայց ինչպե՞ս կարելի է չպայքարել այդ երեւույթի դեմ: Հիմա մեր երիտասարդները, մտավորականությունը, ընդդիմադիր մտածող մարդիկ պիկետ են անում Ազգային ժողովի առջեւ: Ես ընդամենը մեր Ազգային ժողովին գոնե երբեմն իմաստություն կմաղթեի, որ կարողանան այս հարցում ազգային մոտեցում դրսեւորել»: Սակայն Լ. Սարգսյանը միաժամանակ նշում է, թե ԱԺ-ում չի տեսնում անկախ պատգամավոր, քաղաքական խմբավորում, որը չի ուղղորդվում ԱԺ կամ երկրի նախագահի կողմից: ՍԴՀԿ ատենապետի խոսքերով` իշխանությունները գիտակցված գնում են դավաճանության. «Դժբախտաբար, դրսից շատ պարտադրանքներ կան, որոնք պետք է կասեցնել, բայց մերոնք միշտ պատրաստակամ են ամեն մի պարտադրանք պարտադրելու մեր ժողովրդին: Հավանաբար, օտարալեզու դպրոցների պարտադրանքը գալիս է Ռուսաստանից, իսկ մեր իշխանությունները միշտ պատրաստ են կոմպլիմենտար լինելու յուրաքանչյուր գերտերության, միայն թե կարողանան նրանց կողմից ընդունելի մնալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter