HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Ազգայնականները» վերագնահատում են անկախության ձեռքբերումները

Կրթության նախարարն արդեն հրապարակավ խոստովանել է, որ հանրակրթությունը մեր երկրում տապալված է: Նման խոստովանություն անելուց հետո նախարարը երկու ընտրություն ուներ` ներկայացնել մի ծրագիր, որը կբարելավեր հանրային կրթությունը կամ հրաժարական տալ, եթե կարծում էր, որ անկարող է դրական փոփոխություն կատարել այս ոլորտում: Սակայն նախարարն ընտրեց երրորդ` բոլորին անսպասելի տարբերակը. պարզվեց, որ մեր երկրի կրթության պատասխանատուն ելքը տեսնում է նոր օտարալեզու դպրոցներ բացելու մեջ: «Ինչո՞ւ Հայաստանում չեն կարող լինել նման դպրոցներ»,- հանդիպումներից մեկի ժամանակ իր ընդդիմախոսներին զարմանքով հարցրել էր ՀՀ կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Շուրջ մեկ ամիս է երկրի մտավորականությունն ու գիտական մտքի կրողները բազմաթիվ հիմնավորումներ են ներկայացնում նախարարին ու Կառավարությանը բացատրելու համար, թե ինչու չի կարելի հանրակրթական ուսուցումը իրականացնել օտար լեզվով եւ թե ինչ բացասական հետեւանքների այն կարող է հանգեցնել: Օտար լեզվով դպրոցներ բացելուն դեմ է արտահայտվել Գիտությունների ազգային ակադեմիան, Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտը, Հանրային խորհուրդը, անգամ նրանք, ովքեր ռուսական դպրոց են հաճախել: Մենք արդեն իսկ ներկայացված բազմաթիվ հակափաստարկներին ավելացնենք միայն մեկը` Հայաստանում չեն կարող լինել օտարալեզու դպրոցներ միայն այն պատճառով, որ այդպիսիք գոյություն ունեն, թեկուզեւ անօրինական: Հայաստանի անկախացումից հետո երկրում օրենքով հանրային կրթությունը միայն հայերենով ամրագրելուց հետո անգամ նախկին ռուսական դպրոցներում պահպանվեցին եւ մինչ օրս գործում են մեծ թվով ռուսական դասարաններ, որոնք իբրեւ պետք է ծառայեին Հայաստանում փոքաթիվ ռուսների ու այլազգի ներկայացուցիչների կրթության ապահովմանը: Այդ դասարաններում են իրենց կրթությունը շարունակում նաեւ Ռուսաստանից վերադարձող մեր հայրենակիցների երեխաները, նաեւ նրանք, որոնց հաջողվում է իրենց երեխաներին ինչ-որ պատրվակով խցկել ռուսական դասարաններ: Այսինքն` ներկայումս բավականին մեծ թվով հայ երեխաներ միջնակարրգ կրթությունը ստանում են ռուսաց լեզվով: Հայաստանում գործում են նաեւ անգլերենի, ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներ, որտեղ սակայն այդ լեզուներով տարրական իմացության ձգտող աշակերտները առաջին իսկ դասարանից պետք է լրացուցիչ պարապմունքների հաճախեն ուսուցիչների մոտ: Ոչ միայն անգլերեն, ֆրանսերեն, այլեւ ռուսաց լեզու առարկաների դասապատրաստումը միջնակարգ դպրոցում այլեւս անհնարին է դարձել առանց ուսուցիչների, ծնողների օգնության: Նախարարին երբեւէ չի՞ մտահոգել, թե ինչու բավարար ժամաքանակի առկայության պարագայում աշակերտները դպրոցն ավարտում են առանց օտար լեզվի իմացության, ինչո՞ւ պետք է օտար լեզու առարկայից 10 տողանոց շարադրությունը նրանք տանը գրեն ուսուցչի կամ ծնողի օգնությամբ: Նախարարը չի՞ ցանկանում պարզել, թե մինչեւ ժամը երեքը դպրոցում դասերով ծանրաբեռնված երեխան ինչու այդպես էլ օտար լեզու չի սովորում, ավելին, հայոց լեզվի քննական գնահատականները փաստում են, որ նրանք նաեւ հայոց լեզու չեն սովորում: Իրավիճակը գրեթե նույնն է անգամ մասնավոր դպրոցներում, որոնք համեմատաբար լավ կրթություն տալու համարում ունեն: Իրականում այդ դպրոցների աշակերտները նույնպես մրցավազքին դիմանալու համար օրվա մեջ երկու անգամ են դպրոց հաճախում` դասերից հետո դասապատրաստում ուսուցիչների օգնությամբ: Սովորական հանրակրթական դպրոցների ու մասնավորների միակ տարբերությունն այն է, որ վերջինում քիչ թե շատ բարոյական նորմեր են գործում, որն արդեն իսկ մեծ բան է որոշակի բարոյական արժեքների դավանող այն ծնողների համար, որոնք ձգտում են իրենց երեխաներին առնվազն քաղքենի չմեծացնել: Ընդգծենք` ոչ թե երեխան չի ցանկանում սովորել, կամ ծնողներն են անտարբեր այդ հարցում, ճիշտ հակառակը` ծնողներն ամեն միջոց գործադրում են երեխաների որակյալ կրթությունն ապահովելու համար, սակայն դա արվում է ի հաշիվ երեխայի հանգստի ու առողջության, իսկ ծնողներից պահանջում է լրացուցիչ նյութական միջոցներ, որից հետո միֆ է դառնում ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված անվճար հանրային կրթությունը: Պետությունը, շնորհիվ իր ստեղծած  կրթական համակարգի, չի կարողանում ապահովել ՀՀ օրենսդրությամբ, միջազգային կոնվենցիայով ամրագրված երեխայի բազմաթիվ իրավունքներից թեկուզ այս մեկը. «Պետական համապատասխան մարմինները խրախուսում են երեխայի հանգստի եւ ժամանցի կազմակերպումը` ստեղծելով արտադպրոցական, մանկապատանեկան, մշակութային, մարզական, հանգստի եւ առողջության ամրապնդմանն ուղղված հաստատություններ»: Երեխաները զրկված են ընդհանուր զարգացմանը նպաստող բոլոր այս հաստատություններից օգտվելու հնարավորություններից: Եթե նախարարը մեկ անգամ բաց դասի մասնակցեր` պարզելու այս ամենի պատճառը, միգուցե կարիք չլիներ նոր օտարալեզու դպրոցներ բացելու համար հազար ու մի «հիմնավորում-պատճառաբանություն» հորինելու, որոնցից ոչ մեկը քննություն չի բռնում, եւ որքան նախարարը շատ է խոսում այդ մասին, այնքան ավելի խոցելի է դառնում: Կրթության նախարարը միգուցե մտածի իր դրական իմիջի մասին եւ որոշի իրոք պարզել, թե անգլիական խորացված ուսուցմամբ մեզ բոլորիս ծանոթ դպրոցներն ինչո՞ւ անգլերենի տարրական իմացություն չեն ապահովում, եւ քաղքենիության դրսեւորումներից ու հավաքած գումարի մեծ չափերից բացի էլ ինչո՞ւմ է կայանում նրանց էլիտարությունը: Կարծում ենք` դա կրթության նախարարին հնարավորություն կտա իր բաղձալի օտարալեզու դպրոցներում էլիտարության այլ տարրեր մտցնել, նոր որակներ, որոնք հնարավոր է իրականություն դարձնեն իր խոստացած որակյալ կրթությունը: Օտարալեզու դպրոցներ բացելու նախագիծը շրջանառելը նաեւ դրական կողմեր ունեցավ: Դրականն այն է, որ տարիներ շարունակ կրթության որակից դժգոհող ծնողները, ի վերջո, իրենց զայրույթն արտահայտելու կամք դրսեւորեցին եւ մեր կրթական համակարգի վերաբերյալ դժգոհությունները խոսակցություններից վերածեցին պահանջի, մասնագիտական ճշգրտումներով ներկայացրին համակարգի ողջ թերությունները (տես` http://hetq.am/am/society/open-letter/): Այն պետք է որ նախարարին լուրջ մտահոգություն պատճառի, եթե, իհարկե, նա լրջորեն է վերաբերվում իր զբաղեցրած պաշտոնին: Մյուսը, որ ներկայացված օրենքի նախագիծը լրացուցիչ փորձություն էր իրեն ազգային գաղափարախոսության կրող համարող ու ազգային մտահոգություններով ներկայացող իշխող քաղաքական ուժի համար, որի ներկայացուցիչն է կրթության նախարարը: Նժդեհականությունից ու ազգային արժեքներից խոսելու առիթը բաց չթողնող իշխանական վերնախավն այսօր փորձում է մի ողջ ժողովրդի համոզել, որ մայրենի լեզուն ազգային արժեք չէ, որ միայն օտար լեզուներով է հնարավոր բավարար կրթական որակ եւ բարեկեցություն ապահովել: Ավելի նվաստացուցիչ վիճակ եւ ավելի մեծ արհամարհանք սեփական լեզվի ու սեփական ժողովրդի նկատմամբ` պարզապես անհնար է պատկերացնել: Այլեւս կասկածի տեղ չի մնում, որը վաղը մեկ ուրիշ տերության հաճոյանալու համար մեր պաշտոնյաները նույն հաջողությամբ կարող են «հիմնավորումներ» գտնել, որ քրիստոնեությունը, որին մենք դավանում ենք, սխալմունք է եղել, եւ կան կրոններ, որոնք մեր ազգի ձայնը ավելի շուտ լսելի կդարձնեն Աստծուն: Նախարարին հիշեցնենք նաեւ, որ 1988 թ. հայ ժողովրդի ազգային վերազարթոնքը սկսվեց Հայաստանի դպրոցներում մայրենի լեզվով կրթություն ապահովելու կամ ռուսական դպրոցների դեմ պայքարով: Այդ ժամանակ ես համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի էի, եւ ինձ շատ երջանիկ էի համարում, որ բախտ է վիճակվել մասնակիցը դառնալու ազ•ային ինքնության վերականգնման շարժմանը: Հիշում եմ, երբ հերթական դասաժամին մեր մտոհոգությունն էինք հայտնում սիրված դասախոսներից անվանի հրապարակախոս ու թարգմանիչ Արմեն Հովհաննիսյանին, թե ինչ կարող է լինել, եթե Արցախը չկարողանանք ազատագրել, նա պատասխանեց, որ եթե նույնիսկ դրան չհասնենք, այնուամենայնիվ, այս շարժումն արդեն իսկ երկու կարեւոր բան տվել է հայ ժողովրդին. մեկ` որ դպրոցներում վերականգնեցինք մայրենի լեզվով կրթությունը, եւ երկրորդ` որ Հայաստանի տարածքը մաքրեցինք ադրբեջանցիներից: Սրան հավելենք եւս մեկ, ոչ պակաս կարեւոր ձեքբերում` ազգային ինքնությունը վերագտած ու օտարամոլությունից ձերբազատված ժողովուրդը հայ մանուկներին սկսեց անվանակոչել վաղուց մոռացված հայկական անուններով... Ցավոք, այն բացթողումը, որ անկախացած Հայաստանում այդպես էլ չձեւավորվեց ազգային գաղափարախոսություն, որով ուսուցիչը ապագա սերունդների մոտ կամրապնդեր մեր ձեռքբերումները, հանգեցրեց նրան, որ 20 տարի անց մեզ հարկադրում են վերադառնալ անցյալին` ջանալով փաստարկել, որ մեր ձախողումների պատճառը հենց այդ անցյալից ձերբազատվելն էր: Իսկ անցյալն այսպիսին էր. ռուսալեզու դպրոցները մեր երկրում դպրոցների 25%-ն էին կազմում, սակայն ինչպես նշում են իրազեկները, այդ 25 %-ը կազմող դպրոցներում աշակերտների շատ ավելի մեծ քանակ էր ընդգրկված, քան հայկական դպրոցներում: Այդպես էր ստացվել, քանի որ երկրում տարվող քաղաքականությունն էր այդպիսին` ցանկացած դեպքում նախապատվությունը տրվում էր ռուսական կրթություն ունեցողին: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ մի քանի տարի անց չի կրկնվելու այն ամենը, ինչը մենք համարում էինք նվաստացուցիչ: Վերջում ավելացնենք, որ կրթության նախարարը ի պաշտոնե պարտավոր է որակյալ կրթություն ապահովել ոչ թե որոշակի սոցիալական խմբի, այլ բոլոր երեխաների համար: Հայ ժողովուրդը կարողացել է ստեղծել որակյալ, փորձառություն անցած կրթական համակարգ, որով նշանավորվել են մի շարք հեղինակավոր կրթօջախներ` Վենետիկի Մխիթարյան վարժարանը, Ներսիսյան, Լազարյան, Մելքոնյան վարժարանները եւ այլ հաստատություններ, որոնց կրթական որակը, մի քանի օտար լեզուների միաժամանակյա ուսուցումը ոչ միայն ազգությամբ հայերի է գրավել, այլեւ օտարների: Պարզապես պետք է ուսումնասիրել այն եւ ներդնել: Պետք չէ նոր օրինախախտումների դիմել օտարալեզու դպրոցներ բացելով, որոնք օրենսդրորեն վավերացվելուց հետո անգամ անօրինական են, քանի դեռ ժողովուրդն իր հանրաքվեով փոփոխության չի ենթարկել ՀՀ Սահմանադրության 12 հոդվածը, որով  ամրագրված է` «Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter