HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ընդդիմությունն ունի իշխանափոխության այլ ռազմավարություն

Ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդիլա Սարգսյանը եւ հավելում, որ այն դեռ հրապարակման ենթակա չէ: Ըստ նրա` այդ ռազմավարությունը կկիրառվի, երբ կսպառվեն սահմանադրական բոլոր հնարավորությունները` երկրում օրինական կարգը վերականգնելու ուղղությամբ: Իսկ «որո՞նք են չսպառված սահմանադրական միջոցները» «Հետքի» հարցին ի պատասխան` ՍԴՀԿ ատենապետն ասաց. «Ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը դեռ ի վիճակի է իր բողոքը բարձրաձայնելու միջոցով պարտադրել իշխանություններին գնալ արտահերթ ընտրությունների»: Իսկ արտահերթ ընտրություններ, ըստ Լ. Սարգսյանի, սպասվում են աշնանը: «Աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու խոստումն ուժի մեջ է, եւ մենք ժամանակի մեջ տեղավորվելու ենք,- ասում է ՍԴՀԿ ատենապետը,- մեզ համար գերադասելի են նախագահական ընտրությունները, բայց միգուցե եւ խորհրդարանական: Արտահերթ ընտրությունները կնպաստեն, որպեսզի ղարաբաղյան գործընթացի արագ զարգացումները կասեցվեն: Դա հնարավոր է միայն իշխանափոխության պարագայում»: Լյուդմիլա Սարգսյանի կարծիքով` ամառն իրոք թեժ է լինելու, եւ իշխանությունները հանգստանալու ժամանակ չեն ունենալու. «Եվ դա միայն ՀԱԿ-ով չի պայմանավորված, այլ այն զարգացումներով, որ տեղի են ունենում մեր տարածաշրջանում: Այն հետաքրքրությունների շրջանակը, որ գոյություն ունի այս տարածաշրջանի նկատմամբ եւ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ շտապողական տրամադրությունները հուշում են, որ զարգացումները լինելու են արագ տեմպերով, եւ մեզանից որեւիցե մեկը հանգստանալու ժամանակ չի ունենալու»: Թե երբ կանցկացնի ՀԱԿ-ն իր հերթական հանրահավաքը, Լ. Սարգսյանի խոսքերով, կախված է երկրի ներսում եւ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից. «Եթե անհրաժեշտություն առաջանա, մենք միանշանակ կանցկացնենք հանրահավաք: Չբացառենք, որ կարող են լինել չնախատեսված հանրահավաքներ»: Ինչ վերաբերում է անցկացման վայրին, ՍԴՀԿ ատնենապետը նշում է, որ հանրահավաքը կանցկացնեն Ազատության հրապարակում, «հատկապես, որ քաղաքի գլխավոր ճարտարապետն իր մասնագիտական եզրակացությունը տալու ժամանակ հայտնել է, որ նույնիսկ տանկերի շարասյուն կարող է այնտեղ կանգնել, եւ որեւիցե տեխնիկական խնդիր չկա: Ուրեմն այն պատճառաբանությունը, որով կարող էին մեզ մերժել, ի սկզբանե ի չիք է դառնում եւ նույնիսկ թող չփորձեն նման ձեւով մեր հայցը մերժել, երբ այն կներկայացնենք»: ՀՅԴ-ն հայտարարել է, որ իշխանափոխությունը համարում է առաջնահերթություն: Արդյոք չի՞ ստացվում է, որ ՀԱԿ-ի եւ ՀՅԴ-ի առաջնահերթությունները համընկնում են եւ ինչքանո՞վ է հնարավոր այս երկու քաղաքական ուժերի համագործակցությունը: «Քաղաքական դաշտում ոչ մի բան չբացառենք. նույնիսկ բացառված համագործակցությունը տեղի է ունենում: Բայց Դաշնակցության պարագայում մի քիչ բարդ է նման բան ասել, որովհետեվ, երբ նրանք ասում են` մենք պատրաստ ենք համագործակցության, բայց նախագահը պետք է լինի մեզանից, դա արդեն ծիծաղ է առաջացնում: Այսինքն` իրենք ի սկզբանե որոշել են, որ ժողովուրդն իր ձայնը պետք է տա դաշնակցական նախագահին: Իսկ դա ուղիղ հուշում է, որ դա կարող է լինել իշխանական նախաձեռնություն»,- ասում է Լյուդմիլա Սարգսյանը: Նրա խոսքերով` այն խոսակցությունները, թե ՀԱԿ-ն ունի լիդերափոխության խնդիր, շրջանառության մեջ են դրվել իշխանությունների կողմից, որովհետեւ նրանք ՀԱԿ-ը պառակտելու եւ Լեւոն Տեր-Պետրոսյան անձի կարեւորությունը չեզոքացնելու խնդիր ունեն: «Բայց վստահ եմ, որ դա նրանց չի հաջողվելու, որովհետեւ բոլոր այն կուսակցությունները եւ հասարակական կազմակերպությունները, որոնք ստորագրել են հռչակագիրը, առ այսօր ՀԱԿ-ի անդամներն են եւ անվերապահորեն վստահում են մեր առաջնորդին` Լեւոն Տեր-Պետրոսյանին»,- ասում է ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter